Մեր արտադրանքըՍա քեզ դուր կգա

Հայերեն, որը դուք չգիտեք․ գաղտնի լեզու. բացահայտում 100 տարի անց

— Տփողկերեն կմանե՞ս:
— Կմանիմ է՛լ, կկանիմ է՛լ: 

«Մանել» նշանակում է ճախարակով թել ոլորել, իսկ այս զրույցում՝ գործից գլուխ հանել: «Կանել» նշանակում է մանած թելը պտտել, խաղացնել ձեռքին, իսկ այս զրույցում՝ գործին վարպետորեն տիրապետել: 

«Վարու՞ կյապ չես ծիթի՝ ինչու՞ հաց չես ուտում»: 

Սա գաղտնի լեզու է: Հարյուր տարի առաջ այս լեզվով էին խոսում Վան քաղաքի Ոզմ գյուղի արհեստավոր մարդիկ՝ բրդագործները՝ բուրդ տփողները, և նրանց պատվին լեզուն կոչվում էր տփողկերեն: 

«Ես ահագին բլբլացնում եմ»: 

Ավելի քան 100 տարի առաջ մեզնից ավելի քան 750 կիլոմետր հեռվում ստեղծված ու գործածված այս լեզուն այսօր հնչում է Արարատի մարզի Դվին գյուղում վանեցի Սերոբ Վարդանյանի ձայնով։ Նա հեշտ չի խոսում։ Բարձրահասակ, թիկնեղ ու ձիգ այս մարդը, եթե մի քիչ էլ բեղերը երկարացնի, կոլորվեն ու էլ ավելի խիստ արտահայտություն կտան առանց այդ էլ զգաստություն ներշնչող դեմքին։

Սերոբ Վարդանյանն այդ լուրջ կեցվածքով գյուղի դպրոցի երեխաներին ազգային պարեր ու դրանց պատմությունն է սովորեցնում։ Վանեցի բանահավաք է՝ իր արմատների ու դրանց մասին ունեցած գիտելիքի նկատմամբ անթաքույց հպարտությամբ։ 

Դվին գյուղի իր այգու մի քանի քառակուսի մետրում Արևմտյան Հայաստան կա, մի քիչ՝ Վան, մի քիչ՝ Մուշ, մի քիչ էլ՝ Սասուն: 

-Սա Վանից բերած խնձոր է, սա՝ Ախթամարից նուշ, սա էլ գլգիլ է:
-Գլգիլը ո՞րն է:
-Սասունցիների հացը։ Ամեն աշուն բերքահավաք եմ անում, սասունցիներին գժվացնում: 

Ոզմեցիները չէին ուզում հասկացված լինեին։ Բրդագործությունը նրանց մենաշնորհն էր, արհեստի գաղտնիքները չմատնելու ցանկությունը նրանց ստիպեց գաղտնի լեզու հորինել։ Հարյուր տարի հետո՝ հենց հիմա, Սերոբ Վարդանյանը ինձ ասում է՝ նստի՛ր, կծիկ ջան, ու բացահայտում գաղտնալեզուն։ 

-Իսկ տփողկերենից ի՞նչ բառեր գիտեք:
-Պսպղուն՝ յուղ, տիպ՝ սիրուն, կյատլամուտ՝ բերան, այսինքն՝ գթալի մուտք: Կնոջը ասել են «կանթ», աղջկան՝ «կծիկ»: Ուրեմն «կանթը» ամուսնացած կինն է, ով արդեն բռնված է, մարդ ունի իրեն բռնող, իսկ «կծիկը» չբացահայտված է, որքան քանդես, այդքան կքանդվի, ինքը գունդ է մի հատ, իսկ «կանթը» արդեն մարդ ունի, իր ծեռքը կբռնի, կտանի:

Տամշերը եղբոր հետ տփողկերենով էր խոսում, ես էլ՝ իրենց քաշած օղուց խմելուց հետո: 

-Ձկան խոգի բե՜ր, ծվեմ։
-Ջրին են «ձկան խոգի» ասել:
-Դառ ջուր բե՜ր, ծվինք։
-Դառ ջուր՝ գինի կամ արաղ։


Մի փոքրիկ Արևմտյան Հայաստան էլ կա Դիտակ գյուղում՝ Տամշեր Հովհաննիսյանի տանը: Եթե չափերով փոքր լինեք, նրա արհեստանոցը Ձեզ իսկապես Վան, Մուշ կամ Սասուն կթվա. բոլոր անկյուններում փայտյա ձեռագործ մանրակերտեր են՝ կոթողներ, աշխատանքային գործիքներ ու ինչ ասես: 

Նրա պապերը հենց Ոզմ գյուղում են ծնվել: Բայց տփողկերենը նրանց համար ոչ թե արհեստի գաղտնիքները, այլ կյանքը փրկելու միջոց էր։ Տամշերի պապը՝ Ավդիշանց Փոխիկը, Անդրանիկի վաշտից էր, նրա հավատարիմ զինվորներից մեկը։ Պատերազմի ժամանակ «բուդ տփելու» ժամանակ չկար, բոլորը զինվոր էին։ 

«Այդ գաղտնի լեզուն փրկել է նրանց կյանքը: Զենքին «կանչան» են ասել։ Կանչան գո ակնատ՝ զենքը գաղտնի անցքի մեջ է: Տղային «ցռուկ» են ասել, «ցռուկը» գիտե՞ս, թե ինչ է, ծառի տակ աճած շիվերն են: Հարսին՝ «վառեկ» են ասել, «վառեկը» մի տարեկան ճուտն է՝ դեռ հավ չդարձած»: 

Տփողկերենը բերնեբերան փոխանցվելու հույսին կմնար, եթե տարիներ առաջ արմատներով ոզմեցի բարբառագետ Ամալյա Արևիկյանը չփնտրեր իր արմատակիցներին, չզրուցեր նրանց հետ ու չգրառեր գաղտնալեզվի բառերը։ Հավաքեց մոտ 400 բառ։ Բայց բարբառագետն իր աշխատանքին կյանք չտված՝ մահացավ: Հարազատներից մեկը ձեռագրերը հավաքեց մի արկղի մեջ ու տարավ Լեզվի ինստիտուտ, որ եթե մի հովանավոր լինի, տպվեն ու հրապարակվեն։ 

Ամալյա Արևիկյանը միայնակ չէր աշխատել։ Բարբառագետ Հայկանուշ Մեսրոպյանը զուգահեռ ուսումնասիրում ու գրում էր, թե ինչպես պետք է ճիշտ արտասանել նրա հավաքած բառերը։ 

«Ասենք՝ գրել է «տու», ես այդ «ու» տառը պետք է երկու կետով ներկայացնեմ, որ դառնա «տյու»: Տեղեր կան, որտեղ «ք»տառը քմային է, Վասպուրականի տարածքում հո չեն ասում «ք», ասում են «քյաղաք», պիտի վասպուրականցու նման գրես: Ինձ մոտ գտնվում են այդ կնոջ մեքենագրած աշխատանքները»: 

Իմացեք այս բառերը։ Սրանք մեզ հայտնի թերևս ամենաթիրախային, իր նպատակին հստակ ծառայող լեզվից մեզ հասած եզակի նմուշներ են։
Լեզուն պատկանելություն է, մեզ մյուսներից տարանջատող երևույթ։ Մենք, որ նույն բառերն ունենք, նույն խմբից ենք։ Եվ տփողկերենն այն եզակի լեզուներից է, որ ծառայել է իր նպատակին, հնչել է խմբի ներսում, դարձել է ներքին հաղորդակցության գործիք, որը պաշտպանել է լեզվակիրներին օտարից։ Սրան տիրապետողը հաստատ յուրային էր։ Մի բան, որը գրեթե անհնար է պատկերացնել մի աշխարհում, որը ձգտում է բոլորին դարձնել նույնը:  

«Առաջին մեծ մարտահրավերը, որի առջև մենք կանգնած ենք, համաշխարհայինացումն է,  որը պատել է մեզ , և մենք դրա դեմ ոչինչ չենք կարող անել»։

Լեզվաբան Մերի Սարգսյանը խոսելիս ընտրում է բառերը, խուսափում «է» օժանդակի փոխարեն «ա» օգտագործելուց: լեզվական մաքրությունը միայն տեխնիկական ճշգրտություն չէ,  այլ ազգային ինքնությունը պահպանելու ձև:  Աշխարհին հասկանալն ու աշխարհի համար հասկանալի լինելը լավ է՝ ասում է, բայց ոչ այնպես, որ մոռանաս, թե ով ես և ինչու ես տարբեր: 

«Եթե չվերահսկեմ ինձ, մի քանի բառի փոխարեն ես կկիրառեմ ռուսերեն բառեր, անգլերեն բառեր, նախադասությունը կկառուցեմ բնորոշ ռուսերենին՝ կխառնեմ բառերի տեղերը, սա հայերեն չի լինի: Սա վտանգ է, որ մենք կկորցնենք մեր լեզուն: Տեսե՛ք, փաստորեն կային մարդիկ, ովքեր խոսում էին իրենց վերահսկելով, ամեն բառի շրջանակում են իրենք իրենց վերահսկում»:

Լեզուն տարածք չփրկեց։ Վանի Ոզմն էլ հայկական չէ։ Բայց այսօր՝ տփոկերենի ստեղծումից ու գործածումից ավելի քան 100 տարի հետո, դրա ստեղծման վայրից ավելի քան 750 կիլոմետր հեռու կան մարդիկ, որոնց պապերը ողջ էին լեզվի շնորհիվ, որոնք այսօր էլ օրինակ՝ աղջիկ են ամուսնացնում փեսային լեզվական քննության ենթարկելուց հետո:

«Մեր աղջկա տերը տփողկերենով մարդուն հարցնում է՝ դու տփողնակ կանի՞ս (տփողկերեն խոսու՞մ ես), ասում է՝ հա: Պատասխանում է՝ դե, որ տփողնակ կանիս, առ աղջկան քեզ»: 

+1
4
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Մարիամ Բաղդասարյան

Լրագրող էի, ով կինոն ավելի շատ էր սիրում։ Հեղինակային ֆիլմ նկարահանեցի, Գերմանիայում վավերագրական ֆիլմի նկարահանումների մասնակցեցի ու ավելի սիրեցի կադրը: Փորձում էի սովորական ամեն բան անսովոր նկարել։ Լուսանկարում էի ու ձայնի կարիք զգացի։ Սկսեցի երաժշտություն սովորել, մի քանի տարի անց հասկացա, որ երաժշտությունը սովորելու բան չէ, իմանալու բան է։ Հիմա լրագրող եմ: Այստեղ կինո էլ կա, ֆոտո էլ, երաժշտություն էլ:

Նմանատիպ հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button