Մեր արտադրանքըՍա քեզ դուր կգա

Յութուբյան ու ինստագրամյան իմաստնություն․ մեր ժամանակի սպիտակմորուսավորները

Վերջը հանդիպեցի՞ք։
-Այո, հանդիպել եմ։

Փիլիսոփան իմաստունին հանդիպելու համար կտրեց-անցավ 3875 կիլոմետր: Երևան- Աբու Դաբի- Մումբայ- Քոիմբատորի երկարահունչ ուղի՝ անհարմար վայրէջքներով․ սա է իմաստունի մոտ տանող ճամփան։ Այն էժաններից չէ, բայց գանձը երբեք էժան չի լինում, առավել ևս եթե հոգևոր է։

-Նկատեցի, որ ԵՊՀ-ի դոցենտ եմ, մեծ մարդ եմ, բայց փոքր երեխայի պես հրճվում էի։ Տարօրինակ էր, բայց անկեղծ:

Արման Ղարագուլյանը փիլիսոփա է, ԵՊՀ-ի ուսանողներին իմաստուն դառնալ է սովորեցնում։ Ուսանողները նրա կարիքն ունեն, որովհետև շատ բան գիտի, ինքն էլ իրենից ավելին իմացողին է փնտրում։ Ելքը ճամփորդությու՞նն է։

-Այո, ելքը ճամփորդությունն է։ Պիտի հասկանանք՝ ով ենք մենք։ Հնդկաստան կգնաս, թե քո սենյակում նստած կճամփորդես՝ իմաստը ներքին տարածության ուսումնասիրությունն է․ ի՞նչ գիտենք մենք մեր մասին։

Հեքիաթի այն տղան գնում է, գնում, էլի է գնում՝ իմաստունին հանդիպելու հույսով։ Կարևոր չէ՝ որ հեքիաթի որ տղան․ գրեթե բոլորում է այդպես։ Արման Ղարագուլյանը գնաց, գնաց և 3875-րդ կիլոմետրին հանդիպեց սպիտակ, երկար մորուսով մարդուն՝ Սադգուրույին։ Ձևով՝ ծերուկ, մասնագիտությամբ՝ իմաստուն։

Իմաստնությունը յութուբում․ Սադգուրուն հնդիկ յոգ է: Յութուբում ունի գրեթե 11.5 միլիոն բաժանորդ, տեղադրել է գրեթե 3 000 հոլովակ, դրանցից որոշները դիտել է մինչև 20 միլիոն մարդ։ Սա միայն պաշտոնական ալիքում։ 30-ից ավելի գիրք է գրել մարդու ներքին ինժեներության մասին: Դրանք New York Times-ի բեստսելլերներ են դարձել, թարգմանվել բազմաթիվ լեզուներով: Սադգուրուի յութուբյան տեսանյութերը խոսում են նաև հայերեն:
Ճիշտ է՝ ոչ այնքան վարժ, բայց սա ժամանակի հարց է:

Վերոնիկա Բուռնուչյանը թվային հեքիաթասաց է: Երեք երեխաների մայրն իր երեխաների համար հեքիաթ պատմելու էտապը հաղթահարել, սկսել է դա անել այլ երեխաների համար։ Դրանք թարգմանում, բեմադրում, ձայնագրում ու հրապարակում է «Poqrik.am» կայքում․

Իմաստնությունը Poqrik.am-ում․ «Poqrik.am» կայքը ընտանեկան է ոչ միայն սպառման, այլ նաև ստեղծման առումով։ Հիմնադիրը Վերոնիկան է, ով իր երեք երեխաների հետ մանկական բովանդակություն է ստեղծում-տարածում։ Բովանդակությունը տարածվում է ըստ տարիքային խմբերի՝ 1-3, 3-5, 5-7 և 7-ից բարձր տարիքի երեխաների համար։ Այստեղ կարելի է գտնել յուրաքանչյուր տարիքային խմբին համապատասխան գրականություն, միտքը զարգացնող խաղեր և այլն։

Վերոնիկան ամեն օր հեքիաթների պահանջարկն է ուսումնասիրում: Փաստում է՝ փոքրիկները գնալով ավելի քիչ են ցանկանում լսել հեքիաթներ իմաստունի հետ հանդիպման մասին․ հեքիաթի գլխավոր հերոսն այլևս սուպրեմարդն է։ Ինչ-որ մի կետից մենք հանդգնել ենք նաև խախտել հեքիաթային ձիգ ավանդույթը և գլխավոր հերոսին բնավորություն տալուց շրջանցել ենք բարի լինելու «անհրաժեշտությունը»․

-Հիմա ոչ թե բարություն, այլ սուպերհերոս են փնտրում։ Փորձում ենք այնպես անել, որ երեխան ճիշտ ընկալի հեքիաթն ու ինքը փորձի շարունակել այդ հեքիաթի իմաստն իրական կյանքում ու դառնալ սուպերհերոս։

Երեխաներից սուպերհերոսներ ստացող Վերոնիկան ծնողներին խնդրում է չվրդովվել, եթե իրենց երեխան էկզոտիկ ճաշակ ունի և սիրում է հեքիաթի չար հերոսին։ Հնարավոր է՝ հենց այդ կերպարի մեջ է բարի ու դրական մի բան գտել։ Պետք է քննարկել․ գուցե իրո՞ք կա մի բան, որ մեծերով չենք տեսնում, չենք հասկանում, չենք զգում:

Եթե այսօր դուք դա չանեք, գուցե վաղը դա անի Սուսաննա Չալիկյանը հեքիաթաթերապիայի շրջանակում։

Պարզվում է, որ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց հետ դարման-հեքիաթները կարողանում են լեզու գտնել, պացինետին հարցեր տալ, մտերմանալ նրա հետ ու ապաքինել:

Սուսաննան Մխիթար Սեբաստացի կրթահամալիր գնում է փակ դռների ետևում հեքիաթային թերապիան իրականացնելու։

-Կամ ընտրում ենք անձի խնդրին համապատասխան հեքիաթ, կամ միասին ենք ստեղծում, կամ լինում է ինչ-որ կիսատ պատմություն, որը մարդը պիտի շարունակի,- պատմում է Սուսաննան:

Ամեն վախ անցնում է, երբ պացինետը սկսում է իր առաջին հեքիաթը հորինել,  իրական կյանքի խնդիրներն այնտեղ լցնել ու լուծել դրանք։ Հեքիաթի իմաստունի կերպարն օգնում է, նույնիսկ և հատկապես եթե ինքդ ես տեղավորվում այդ «կաշվի մեջ»։

Լինում է, չի լինում մի ինստագրամյան էջ է լինում: Այն պատկանելիս է լինում գրող, հաղորդավար Համլետ Առաքելյանին: Ու չնայած նրան, որ Համլետը ճանաչելի է իրական կյանքում, վիրտուալում գործերն այնքան էլ լավ չեն գնում:

Իմաստնությունը Poqrik.am-ում․ Մի օր Համլետի ընկերներից մեկը՝ բարի փերու թաքնված թևերով, որոշում է՝ Համլետի վիրտուալ հեքիաթին իմաստուն է պակասում: Վերցնում է կախարդական փայտիկը՝ հեռախոսը, ու Համլետին տալիս առաջին գոյաբանական հարցը՝ արդյոք կարելի է լինել հաջողակ կյանքի բոլոր ոլորտներում:

Հոլովակը միանգամից 100.000 դիտում ունեցավ, ինչը հայկական ինստագրամի համար տպավորիչ վեցանիշ է:

-Ապշելու էր․․․ հասկացա, որ այդ ֆորմատը, որտեղ պարզ ճշմարտությունների մասին հարց ու պատասխան է (որովհետև ես այնտեղ առանձնապես հեծանիվ չեմ հորինում), մարդկանց հետաքրքիր է,- պատմում է Համլետը։

Հանարպետության հրապարակի կանգնելու ենթակա հատվածում 4 մարդ/մ2 խտության դեպքում մոտ 56 հազար մարդ է տեղավորվում: 5 մարդ/մ2 խտության դեպքում` մոտ 70 հազար:

Պատկերացնենք «Ի՞նչ անել, երբ նախկինդ գրել է, որ կարոտել է» հարցի պատասխանը Համլետի հոլովակում փնտրած բոլոր մարդկանց (487 000-ին)՝ կողք-կողքի կանգնած։ Բոլորին տեղավորելու համար 8 Հանրապետության հրապարակ է անհրաժեշտ։ Իսկ այ «Ի՞նչ է սերը» հարցի պատասխանը ստանալու համար 575 հազար մարդ է «եկել»։ Ավելացնենք ևս երկու հրապարակ։

Համլետն ինքն էլ ընդունում է, որ աշխարհում ամենակարևոր ու հետաքրքիր բաներից է ստանալ հուզող հարցի պատասխանը, նույնիսկ եթե ոչ հարցն ես դու տվել, ոչ էլ պատասխանողն ես դու:

-Մենք հարցադրող էակներ ենք, մարդու մտածական գործընթացը ենթադրում է տալ հարցեր ու ստանալ պատասխաններ, դա մեր ճանաչողական մոդելն է, և ստացվում է, որ ինստագարամյան երկխոսությունը շատ սիրուն եկել և տեղավորվել է այդ համատեքստում։

Ինստագրամյան իմաստունն էլ հարցեր ունի։ Պատասխանները գրքերում է փնտրում։ Ասում է՝  հին սովորություն է։

-Ինչպես մարդիկ հետևում են իմ ինստագրամյան հոլովակներին, այնպես էլ ես հետևում եմ այս կամ այն հարցի հետ կապված հեղինակի մտածական գործընթացին։ Հա, ես իմ հարցերի պատասխանները գրքերում եմ գտնում ու շատ հաճախ այն ամենը, ինչի մասին ես եմ խոսում, ինչ-որ մի տեղ կարդացել եմ,- ասում է Համլետը:

Եվ եթե արդեն գրված գրքերում իր փնտրածը չի գտնում, ապա․․․ամեն ինչ պարզ է․․․ ինքն է գիրք գրում։ «Անմահների ակադեմիա»-ում իմաստունը հայ է, Հայկ Նահապետը։ 2022-ի հոկտեմբերին լույս տեսած գիրքը մեկ ամիս անց արդեն երևանյան բեսթսելլեր էր: Կախարդանքի ու հեքիաթի խառնուրդից ստացված այս հրաշապատումը նաև խիստ հայկական է ստացվել:

-Ես նրան ստեղծել եմ մտքումս ունենալով իմաստունի այն կերպարը, որին կուզեի հանդիպել, եթե լինեի դեռահաս։ Իմ դեռահասության շրջանում իմաստունները հայ չեն եղել, հայկական գրական տեքստերում և ընդհանրապես ես չեմ ունեցել ինձ հարազատ իմաստունի կերպար,- ասում է հեղինակը:

Իմաստունը Հնդկաստանի փողոցներում է․ ժպիտը՝ դեմքին, դեմքը՝ ժամանակակից տպագրատներից դուրս եկած պաստառներին։ Դրանք այն նշաններն են, որ հանդիպում են հեքիաթի՝ իմաստունին փնտրելու գնացած տղայի ճանապարհին։

Օֆֆլայն իմաստության հետքերով․ Ինչպե՞ս կարելի է հանդիպել Սադգուրուին մեկ այլ ժամանակակից «իմաստուն»՝ Գուգլն է պատասխանում Մեկ ամսվա ընթացքում նա կլինի Նյու Յորքում, Փարիզում, Բեռլինում, Տորոնտոում: Իմաստուն լինելը պահանջված, բայց ծանր աշխատանք է:

Սադգուրուի հետ Արման Ղարագուլյանի հանդիպումը Հնդկաստանում էր պլանավորված։ Հանդիպելու համար երկու ժամ շուտ տեղ հասած Արմանն արդեն ուշացել էր․ դեպի Սադգուրու տանող բոլոր ճանապարհները փակ էին մարդկանցով: նա հասանելի չէր, բայց տեսանելի էր մեծ էկրաններից: Ղարագուլյանն այստեղ հասկացավ, որ Սադգուրուի յութուբյան փառքը ոչինչ է նրա իրական փառքի համեմատ:

Կանգնելու անհարմարությունից ու  հավաքված խիտ զանգվածից պարզ էր, որ Սադգուրուն առանց թիկնապահի չի կարող քայլ անգամ անել․ մարդկանց սիրո օղակն իրեն պարզապես կխեղդի:

-Իմաստունին հանդիպելիս իմաստնության պակասը զգալու վախ չկա՞ր։ Ի վերջո՝ մասնագիտական ուսադիրները կարող են վայր ընկնել,- հարցնում եմ։
— Սադգուրուն ասում է՝ մեր կյանքում ինչ-որ մի բան սկսվում է այն ժամանակ, երբ դու ընդունում ես, որ ոչինչ չգիտես… «Ես այսքան «բագաժ» ունեմ, ես 20 տարուց ավել դասավանդում եմ», «ես դոցենտ եմ, էս եմ, էն եմ»։ Եթե ես էսպես մտածեմ, պրոցեսը առաջ չի գնալու,- ասում է Արման Ղարագուլյանը:

***

Մեր հեքիաթի վերջում երեք խնձոր չի լինի։ Ղարագուլյանը մեզ դրա փոխարեն Հնդկաստանից 3 իմաստնություն է բերել․

  1. որոնողը կգտնի,
  2. «ով եմ ես» հարցը առաջնային է,
  3. ուզում ես զարգանալ՝ պատրաստ եղիր գլուխդ կախելու։

Միայն այդ դեպքում իմաստունին փնտրելն իմաստ ունի: Եվ բնավ կարևոր չէ՝ նրան կփնտրենք Հնդկաստանում, Յութուբում, Ինստագրամում, թե առանց միջամտության՝ սեփական գլխում։

+1
17
+1
1
+1
2
+1
0
+1
1
+1
1
+1
0

Անի Պողոսյան

Կարծում եմ՝ կյանքը շատ երկար է մեկ մասնագիտության համար, դրա համար ունեմ երկուսը՝ գերմանիստիկան ու լրագրությունը: Հաղորդավար դառնալու երազանքն ինձ շատ ավելի լավ տեղ տարավ՝ լրագրություն, որն ինձ սովորեցրեց մարդուն պատմություն դարձնել։ Իմ նյութերի գլխավոր հերոսը դու ես, մարդը՝ հաղթող ու պարտված, պայքարող ու հանձնված, բայց միշտ գեղեցիկ ու առեղծվածային:

Նմանատիպ հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button