Ինչպես գիտությանը (չ)պատրաստել հաջորդ պատերազմին․ (ինքնա)քննադատում են գիտնականները

Եթե պետությունը հստակ ձևակերպի իր անվտանգային խնդիրները, գուցե հաջորդ պատերազմին գիտական հանրույթը պաշտպանողական ցանց գործելու ժամանակ չունենա:

YerevaNN լաբորատորիա
Ուսումնասիրության թեմաները՝ իրերի համացանց, մոլեկուլների հատկությունների ուսումնասիրություն՝ արհեստական բանականության միջոցով, ռոբոտների կամ դրոնների հետ աշխատանք
Արհեստական բանականությունը մարդկային բանականությամբ կառավարող YerevaNN լաբորատորիան և նրա հիմնադիր-ղեկավար Հրանտ Խաչատրյանն իրենց առջև մարտական կարևորության խնդիր են դրել` եթե հանկարծ Երևանում երկրաշարժ լինի կամ ասենք թշնամին մեզ մոտենա, արհեստական բանականությամբ աշխատող դրոնները մեզ պետք է օգնության գան:
Մինչ դա տեղի ունենա, լաբորատորիայում դրոններին սովորեցնում են տեսախցիկներով լավ հասկանալ շրջապատը, ստացված տեղեկատվությունը համադրել տեքստային հանձնարարության հետ ու այն վերածել գործողության: Այս խնդրով լաբորատորիան զբաղվում է վերջին մեկ տարում՝ սեփական նախաձեռնությամբ։
-Այս պահին Հայաստանում ինչ-որ աշխատում է, աշխատում է թարս․ ինչ-որ մարդիկ մտածում են, որ սա պետք է արվի ու առանց պետության ուղիղ մասնակցության դա անում են: Բայց դա բնավ արդյունավետ չէ:
Առանց պետության ուղիղ մասնակցության գիտությունը կմնա միայն անձնական ծանոթությունների հույսին: Այսօր YerevNN-ն այդ կարգավիճակում է։ Եվ գուցե դռոնը այսօր արդեն պատրաստ լիներ մարտական առաջադրանքին, եթե պետությունը ցույց տար՝ դրա կարիքն ունի։
Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ
Ուսումնասիրության թեմաները՝ ֆունկցիոնալ միկրոէլեկտրոնիկա, ռադիոտեխնիկական սարքեր, ռադիէլեկտրոնիկա, կապ

1987-ից գործող այս ինստիտուտն արդեն հպարտորեն է նշում՝ մեր պետությունը ինտերնետային հասանելիության առումով տարածաշրջանում ռեկուրդներ է սահմանում։ Սա կարևոր, բայց ոչ բավարար լուծում է։ Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը կապի նոր միջոցներ չի ստեղծում, անվտանգային գործընթացներում ներգրավվածությունը ցածր մակարդակի վրա է։ Պատճառներ միշտ էլ գտնվում են․ մաթեմատիկոսների պակաս, ծրագրավորողների ավելցուկ։ Մինչդեռ լուծումը միշտ բալանսի մեջ է։
-Պետությունը փող է ծախսում այդ մասնագետների համար, բայց ում համար՝ ինքն էլ չգիտի, տեղյակ էլ չէ, թե այդ մասնագետները հետո որտեղ են աշխատելու: Ասում է՝ դա իմ գործը չէ, բայց սկզբանական փուլում դա իր սուրբ գործը պիտի լինի, եթե ուզում է երկիրը զարգացնել:
Մհեր Մարկոսյանը կես դար է՝ զբաղվում է գիտությամբ։ Սովետական տարիներին սովորել է մտածել հսկայական երկրի մասշտաբով, հետո փորձել է մտքերը համապատասխանեցնել Հայաստանի սահմաններին․ այնքան էլ լավ չի ստացվել: Մտքի թռիչքը շարունակում է Հայաստանից ու դրա ռեսուրսներից մեծ մնալ:
Այս տարիներին ինքնահոսի թողնված գիտությունը Հայաստանին գրեթե առանց գիտնականների թողեց, իսկ աշխարհին նոր ու խոստումնալից գիտական ուժ նվիրեց՝ հայկական ծագմամբ։ Նրանք պատերազմից պատերազմ կապի են դուրս գալիս հայրենիքի հետ, պատարաստակամ են օգնելու, բայց դա կարճ է տևում: Վտանգն անցնում է՝ մարդիկ էլ անցնում են իրենց գործերին:

Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Ուսումնասիրության թեմաները՝ քիմիական փոխարկումների տեսություն, ազատ ռադիկալների քիմիա, այրում և պայթյուն, այրման պրոցեսների տեսություն, կատալիզ
Սեյրան Մինասյանը վերջին տարիների ինստիտուտի գիտական զարգացումը բնորոշում է ռեմարկյան ոճով՝ ամբողջ ճակատով առաջ ենք գնում: Այդ դեպքում ինչո՞ւ չկա կամ տեսանելի չէ այն պրոդուկտը, որը մարդն իր հետ ռազմի ճակատ կարող է տանել։
Ինստիտուտի տնօրենն ասում է՝ ընթացքը կասեցնողը օրենսդրական խնդիրներն են։
-Մեր երկրորդ պատերազմում մենք պարտվեցինք զուտ տեխնոլոգիական առումով։ Դա ակնհայտ է, բոլորը տեսան: Կային շատ ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ, գիտահեն մշակումներ, էն, ինչից մենք բավականին հետ ենք մնացել։ Բայց դա իր պատճառներն ունի: Պետք է սկսել օրենքի արգելափակումները հանելուց։ Հայաստանում գործող օրենքը գիտական մշակումները հավասարեցրել է զենքի արտադրությանը, իսկ զենքի արտադրության համար լիցիենզիա ստանալն այնպիսի սարասափելի թղթաբանություն է պահանջումՙ, որ գործնականում ոչ մի ակադեմիական ինստիտտուտ դա չի կարող անել կամ շատ դժվար կանի։
2020-ի պատերազմից հետո ձախողման բազմաթիվ պատճառներ գտանք․ ասենք՝ գիտության թերի զարգացած լինելը։ Գիտությունն այսօր թերի զարգացած լինելու համար բազմաթիվ պատճառներ է գտնում։ Երբեմն՝ խիստ օբյեկտիվ։
Այսպիսով՝ գիտության տասը խնդիրները երեք գիտնականի աչքերով․
✓ Գիտական ինքնուրույնության բացակայություն
✓ Կենտրոնական ուղեղի բացակայություն
✓ Կրկնաֆինանսավորում նույն ծրագրին
✓ Գիտնականը ծանոթ չէ պետության, պետությունը՝ գիտնականի պլաններին
✓ Գիտության համար անվտանգային խնդիրներ շարադրված չեն
✓ Փող կա, ծախսերն են չբալանսավորված
✓ Պետությունը գիտությանը չի վստահում
✓ Որոշում կայացնողների դեֆիցիտ
✓ Գիտական մտքի արտահոսք
Այս խնդիրների բարձրաձայնումը «Գիտուժ» նախաձեռնության առաջնային անելիքներից է։ Նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանն ասում է՝գիտությունը ֆինանսավորող հարկատուի՝ անվտանգ երկրում ապրելու հույսերը ավելի հեշտ կարդարանային, եթե ոլորտի բարեփոխումները չլինեին կոսմետիկ, տեղ-տեղ՝ փոքր, հաճախ՝ անկազմակերպ:
Առայժմ պետությունն այսպես է ձևակերպում իր անվտագային խնդիրները գիտության համար:
Այս տեմպերով շարունակելու դեպքում մենք դեռ երկար ենք սպասելու գիտության զարգացմանը, իսկ Տիգրան Շահվերդյանն ու «Գիտուժ»-ի մյուս անդամները շարունակելու են sos գոռալ տարբեր հարթակներից:
-Եթե մենք ուզում ենք ունենալ ինքիշխան պետություն, որն ապահովում է իր քաղաքացիների անվտանգությունը, պետք է հարցնենք, թե ինչ է մեզ անհրաժեշտ և դա անենք, պետք է հարց տանք մեզ՝ բավարա՞ր ենք անում, թե՞ ոչ։
***
Պետությունը թերանում է՝ ասում են գիտնականները՝ մեղադրանքն ուղղելով արտաքին աշխարհին։ Գիտնականները նախաձեռնող չեն՝ ասում են նույն գիտնականները՝ ինքնաքննադատաբար, բայց կրկին դրա համար պատճառներ թվարկելով։
Իսկ ռազմական հաջողությունը գուցե սպասում է այն պահին, երբ մարդիկ որևէ բան չանելու հազար արդարացի, օբյեկտիվ պատճառի մեջ դա անելու գեթ մեկ հնարավորություն գտնեն։





