Մեր արտադրանքըՍա քեզ դուր կգա

Մենք այն ենք, ինչ ուտում ենք․ պատերազմից հետո ստեղծվող բովանդակությունը

Մենք այն ենք, ինչ ուտում ենք։
Առավոտյան մեզ սնում է նյուզֆիդը, կեսօրին՝ մեդիան, երեկոյան՝ թատրոնը, կինոն, գիշերը՝ էլի նյուզֆիդը։
Սննդային այս շղթան պտտվում է անվերջ։
Եվ մենք սպառում ենք այն, ինչ մեզ տալիս են։
Եվ մենք դառնում ենք այն, ինչ սպառում ենք։

Պատերազմների միջակայքում ընկած կարճատև և հարաբերական խաղաղության օրերին բովանդակություն ստեղծողները մեզ ապաքինելու ու ինչ-որ բանի պատրաստելու ժամանակ են ունենում։ Որոշել ենք պարզել՝ 2020-ից հետո ինչպե՞ս օգտագործեցին այդ ժամանակը հայկական ինֆորմացիոն սնունդ պատրաստողները։

Հրաչ Քեշիշյան- ռեժիսոր
Ավետ Բարսեղյան- բանաստեղծ
Նարինե Գրիգորյան- դերասան
Անուշ Կարապետյան-
նրանց ստեղծածը սպառող

․․․Սիրտը սպանվել է, սիրտ չունի, ոտի վրա կքայլի, կգնա-կգա, բայց ինքը չկա։

Սպանված սրտով Անուշ Կարապետյանը պահարանի փոշին էր մաքրում, երբ այս երկխոսությունը լսեց։

․․․Աշխարհն էնոր համար պա՜ղ գերեզման է։

Կարապետյանների ընտանիքը 2020-ից հետո սթրեսից դուրս գալու ճանապարհը չէր գտնում։ Կորուստ՝ կորստի հետևից։ Անուշն այդ օրերին ստիպված էր մորը արգելել թաղումների գնալ․ դրանք մնացած ամեն բանից հաճախ էին լինում։

․․․Նահապետի սերունդ կտրվել է, չկա։

Էկրանին «Նահապետ» ֆիլմն էր։ Ընդմիջում վերցնելով առօրյայից՝ Անուշը որոշեց մեկ անգամ էլ նայել կինոն՝ հընթացս վերանայելով կյանքը: Հին ֆիլմը նոր իրավիճակում նոր իմաստ ստացավ։

-Նահապետը կորցել էր ամեն ինչ, գժվելու համար կային բոլոր պայմաները․ կորցնում է ընտանիքը, հայրենիքը, հողը, բայց փրկությունը սերունդների շարունակականության մեջ է:

Ֆիլմը Անուշին հուշեց՝ եթե կարծում ես՝ երկրիդ շարունակականությունն ապահովող ոչինչ թողնել չես կարող, գոնե սերունդ թող։ Այս միտքը՝ ինչ-որ բան անելու կարողությունը, ինչ-որ չափով ցրեց հուսահատությունից դուրս գալու ճանապարհի մշուշը։ «Նահապետ»-ը փրկեց Անուշին։

Իսկ քանի «Անուշի» կարող է փրկել այսօր ստեղծվող բովանդակությունը։

-Բա մե՞նք, լավ, մենք էս ոլորտի պատասխանատուն ենք,
մենք ինչո՞ւ ենք թույլ տվել, որ դա լինի:

Նարինե Գրիգորյան

-Լավ կլինի պարբերաբար կանգնենք սեփական անձի առաջ ու ասենք` չգիտեմ։
Ավետ Բարսեղյան

-Բայց ախր մենք պատմել էինք սրա մասին, մենք տվել էինք, չէ՞,
որ այսպիսի բան պետք է լինի:
Հրաչ Քեշիշյան

Միայն մի սոցցանցում Ավետ Բարսեղյանից բովանդակություն է սպասում ավելի քան 113 000 մարդ։ Նա, ով գիտի, որ արվեստով պիտի փրկել մարդուն, չգիտի ինչպես անել դա իր արվեստով։

-Մեզ էլ է մեկ-մեկ պետք, որ մենք կանգնենք ու ասենք՝ չգիտենք ինչ անել… չգիտեմ ինչ անել: Չեմ կարող ստել ու ասել, որ գտնվել է տարբերակ, թե մշակույթի մարդ ինչ պիտի անի, որովհետև ինքը նախ և առաջ մարդ է և ինքն էլ է ապակողմնորոշման մեջ։

Ապակողմնորոշված այս ժամանակներում նա, այնուամենայնիվ, մի բանաձև գտել է։ Իր ընթերցողին ու ինքն իրեն ասում է՝ լայնացի՛ր։

Հայի ծովը փոքր է,
ու ծով էլ չի՝ լիճ է,
ու գնալով նոսր է
հոգին, սիրտն ու խիղճը…
Բա ո՞նց պիտի ջրի բերան հասցնենք մեր Հույսը…
Լայնանա՜նք, կայնանա՜նք, լայնանա՛նք, որ ծով դառնանք:

Հայի լեռը բարձր է,
լեռ էլ չի՝ Սուրբ վայր է,
մերն էլ չի, բայց քաղցր է,
հոգու, սրտի փայլ է…
Բա ո՞նց պիտի Նոյան Տապան հասցնենք մեր Սերը…
Լայնանա՜նք, լայնանա՜նք, լայնանա՛նք, որ ողջ մնանք…

Ավետ Բարսեղյան

-Մարդկանց պատերազմին պատրաստելը ընդհանրապես մշակույթի ֆունկցիան չէ։ Ուրիշ բան, որ մարդկանց հաստատակամություն տաս, երկրի հանդեպ սեր փոխանցես, իր ուժերի հանդեպ՝ հավատ։ Դրա համար մշակույթը ոչ թե հիշեցնում է պատերազմի մասին այլ, մի այլ իրականություն է ստեղծում ու թևեր, ուժ, սեր տալիս,- դերասանուհի, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը սա անելու հարթակ ունի, սիրտ՝ ոչ։

«Բոլորը մի տեսակ կորցրել են փարոսը․ ո՞ւր գնալ։ Ու մշակույթն ու թատրոնն են, որ պիտի իրենց էդ ուղղությունը տան։ Բայց ես ինքս էս ազգի մի մասնիկն եմ, ցավը այնքան մեծ է, որ հիմա չեմ կարողանում ստեղծագործել։ Մոտավորապես գիտեմ՝ ինչպես պիտի լինի, բայց միայն գիտեմ, զգացմունքս չի միանում։ Միայն ուղեղս է»։

Ի՞նչ անի այդ դեպքում մարդը, որ լավ բովանդակության է սպասում ապաքինվելու համար։ Դերասանուհին ասում է՝ թատրոնն անգամ հաղթանակի մասին տասնամյակներ անց միայն կարողացավ պատմել։ Պարտությունից հետո խոսելն ավելի բարդ է։ Որպեսզի պատերազմն արվեստի գործ դառնա, ժամանակ է պետք:

«Ես էլ եմ զարմանում, թե ինչու այդքան ուշ ձևավորվեց «Հաղթանակի գենեզիս»-ը, «Ճամպրուկ»-ը։ Մինչ այդ ընդհանրապես չէին խոսում պատերազմի մասին։ Խոսում էինք հայրենիքի մասին, խոսում էինք հայրենասիրության մասին, Սոս Սարգսյանը մեզ միշտ քաղաքացի լինելու և հայրենիքը սիրելու շատ-շատ դասեր էր տալիս, բայց պատմել այդ մասին բեմից․․․  հետո ծնվեց, ուշ»։

Ցավը պիտի վերապրել, այդպես ազնիվ է: Թատրոնն այդ հարցում լսարանին կփորձի օգնել, բայց ինքն իրեն ապաքինելուց հետո։

2013-ին Հրաչ Քեշիշյանը Գարեգին Նժդեհի կերպարով մեծ էկրանից ասում էր՝ պատերազմ է լինելու։ «Գարեգին Նժդեհ», «Մի վախեցիր», «Անատոլիական պատմություն»․ այս ֆիլմերը ռեժիսորի նախազգուշացումն էին․

«Պատերազմի մասին միշտ պետք է խոսել, պատերազմի մասին միշտ պետք է պատմել։ 20 թվականի իմ առաջին դեպրեսիվ մտքերից մեկը եղել է այն, որ․․․ բայց ախր մենք պատմել էին սրա մասին, բայց մենք տվել էին, չէ՞, որ սենց բան պետք է լինի։ Լա՞վ ենք արել, վա՞տ ենք արել, պրոֆեսիոնա՞լ ենք արել, ոչ պրոֆեսիոնա՞լ, մե՞ծ գումարով ենք արել, փո՞քր գումարով ենք արել, դա ընդհանրապես կապ չունի»:

Լավ կինոն պատմություն է վաղվա մասին․ այսօր ռեժիսորն իր այս գիտակցման ձեռքը կրակն է ընկել։ Մի կողմից գիտի, որ մարդկանց զգացմունքների վրա մեծ ճնշում գործադրելու իրավունք չունի, մյուս կողմից չի կարողանում ձևացնել, թե ամեն բան լավ է։

«2020 թվականի դեկտեմբերն խնդիր դրվեց նկարել «Երջանկության մեխանիկա» ֆիլմը։ Ինձ առաջարկեցին սցենար․ դա հայտնի ֆիլմի շատ պոզիտիվ, սիրուն, ժամանակակից ադապտացիան էր ու խնդիր առաջացավ՝ ես արդյո՞ք իրավունք ունեմ, իմ հոգեվիճակը այնպիսի՞ն է, որ կարողանամ էս ֆիլմը նկարել»։

Երջանկության մասին պատերազմից հետո խեղաթյուրված պատկերացումների հետևանքով փոխվեց նաև երջանկության մասին պատմող կինոյի սցենարը։

«Նախնական ուրախ կերպար Վարդանը դարձավ պատերազմից վերադարձած նախկին զինվոր, որը թեև կորցրել էր ոտքը, անցել պատերազմի արհավիրքի միջով, միևնույն է կարողանում է հույս տալ ու ասել՝ ես լավ եմ, ես իմ պրոթեզով էլ ապրում ու գնում եմ շենք կառուցելու»։

«Գարեգին Նժդեհ»-ը, «Մի վախեցիր»-ը, «Անատոլիական պատմություն»-ը խնդրի մասին էին, բայց չլուծեցին այն։ Ռեժիսորը չի հուսահատվում։ Գուցե այս անգամ ստեղծվի մի բան, ինչը կփրկի, ասենք, մի սովորական հեռուստադիտող Անուշ Կարապետյանի։ Մյուս բոլոր ապաքինման սպասով «Անուշներին»։

«Առաջին բանը, որ նախկինում ուշադրություն չեմ դարձրել, հողի ու ու ծառերի նկատմամբ ուշադրությունն էր։ Երբ ցուրտ է լինում, քամի է, ուժեղ անձրև, իրենց միակ մտածմունքը ոչ թե պաշտպանվելն, այլ ծառերը պաշտպանելն էր։ Բերում, խոտ են վառում կողքը, որ չցրտահարվի, նույնիսկ իրենք շոր հագած չեն լինում։ Այստեղից եկավ այն գաղափարը, որ հողը հայրենիքն է ու փոքրուց երեխաների մոտ պիտի սերմանել սեր հողի նկատմամբ ու իմ երեխաները հողի հետ են խաղում»,- ասում է Անուշ Կարապետյանը։

Նրա փոքր որդին վերջերս մանկապարտեզում անախորժություններ է ունեցել։ Կռվել է խաղահրապարակի տղաներից մեկի հետ Հայաստանի դրոշը սխալ նկարելու համար։ Սա իրեն մայրն է սովորեցրել, մորը՝ «Նահապետ» ֆիլմը։

Պատերազմների միջակայքում ընկած կարճատև և հարաբերական խաղաղության օրերին մարդիկ բովանդակություն ստեղծողներից նոր, լավ սնունդ են սպասում։
Հույս ունեն՝ ստեղծողները կապաքինվեն ու իրենց գոնե մի քիչ հույս կտան։

+1
12
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

Անի Պողոսյան

Կարծում եմ՝ կյանքը շատ երկար է մեկ մասնագիտության համար, դրա համար ունեմ երկուսը՝ գերմանիստիկան ու լրագրությունը: Հաղորդավար դառնալու երազանքն ինձ շատ ավելի լավ տեղ տարավ՝ լրագրություն, որն ինձ սովորեցրեց մարդուն պատմություն դարձնել։ Իմ նյութերի գլխավոր հերոսը դու ես, մարդը՝ հաղթող ու պարտված, պայքարող ու հանձնված, բայց միշտ գեղեցիկ ու առեղծվածային:

Նմանատիպ հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button