
Անսպասելի սուր գլխացավ՝ առանց ակնհայտ պատճառի: Սա մեկ տարվա ընթացքում տարած 6-րդ ինսուլտի սկիզբն էր։
Գերմանիա, 2019 թվական, ապրիլ․ Մանյան կաթնախառնուրդ է պատրաստում աղջկա համար․ ջուրը դանդաղ հոսում է կաթի փոշու վրա։ Մանյան չի զգում, որ իր գլխում արյունը պատռված անոթից հոսում է դեպի ուղեղի հյուսվածք։
Ուղեղն արյան մեջ մնաց 4 ժամ։
«Բժիշկներն ասել էին` նա էլ չկա, համարյա մահացած է, բայց փորձենք»:
Վիրահատարանի դռները բացվում են․ դրանց առաջ 13 ժամ սպասած ամուսնու համար երկու լուր կա․ առաջինը՝ կինը կապրի, երկրորդը՝ ամուսինը կորոշի, թե ինչպես։ Երկու տարբերակ կար՝ կամ ուղեղի սառեցում, կամ արհեստական կոմա։ Ուղեղը սառեցնելու դեպքում կնոջը կանխատեսելի ժամկետում գիտակցության բերելը երաշխավորված էր, բայց երաշխավորված չէր կյանքի որակը, որը սպասվում էր դրանից հետո․ կարող էին նկատվել ճանաչողական և մտավոր խանգարումներ։ Իսկ կոմայի դեպքում ռիսկերը համեմատաբար քիչ էին, բայց անհայտ էր, թե կինը որքան ժամանակ քնած կմնար։ Գուցե կոման տևեր տարիներ։
Ամուսինը ստորագրում է կոմայի որոշման տակ, ընտրությունը թողնում է կնոջը․ «Զարթնիր, երբ կուզես»։
«Ծանր կոման մահացու կարող է լինել։ Որպեսզի հիվանդն ապրի, օրգանիզմը պետք է գոնե 3
գործողություն կատարի՝ շունչ, արտաշունչ և սրտի կծկում։ Եթե չի կարող անել, նրա փոխարեն
սարքավորումները դա պետք է անեն»։
Աշոտ Փամբուկչյան. ռեանիմատոլոգ

«Ես ուղղաթիռով իջնում էի շենքի տանիքին»:
«Հիվանդին արհեստական շնչառության խողովակներ են միացրած»:
«Ես շեֆին էի տալիս պայուսակով բերածս փողերը»:
«Հիվանդի ձեռքերը կապած են»:
«Երևի կոնտրաբանդա էր»։
Մանյան նրբիկ դեմքով, փամփլիկ մատներով համեղ բլիթներ պատրաստող մայրիկ է։ Ֆլորիստ է,
ճանաչում է ծաղկի 100-ից ավելի տեսակ։ Իսկ կոմայում պիրսինգներով կին է, դաջվածքներով, մազերի մի մասը երկար, մյուսը՝ սափրած, հագին՝ սև կաշվե շորեր ու արծաթյա մատանիներ։
«Շեֆը տանիքի մեջտեղում նստած էր, նա էլ էր սև հագած, չաղ մարդ: Նա ինձ հանձնարարություն էր տալիս։ Ես հանձնարարությունը անում էի ու էլի փողը բերում, տալիս նրան։ Բայց չեմ հիշում, թե ինչ հանձնարարություններ էի կատարում»։
Բուժքույրը փոխում է Մանյայի՝ ոչ մի բանի չդիմադրող մարմնի դիրքը․ շարժում արմունկները, դաստակը։ Մարմնի համար ուղեղի վիճակը կարևոր չէ․ այն շարժվել է ուզում։
«Հիշում եմ, որ մայրս դիմացի շենքի պատուհանից նայում էր ինձ։ Ես շեֆին խնդրում էի, որ ինձ թույլ տար գնալ մորս տեսնելու՝ հետ գալու պայմանով։ Ոչ մի դեպքում նա ինձ բաց չէր թողնում: Ու ես ամեն անգամ նայում էի մորս ու լացում»։
Մանյան լացում է, երբ իր մոտ երեխաների մասին են խոսում։
«Պայման եմ դնում շեֆի առաջ, որ եթե չթողնի մորս տեսնեմ, ինձ շենքից ցած կնետեմ։
Ու ընկնում եմ։
Հետո՝ արթնանում»:


Մանյան վերջին անգամ աչքերը փակելուց հետո բացեց մեկ ամիս անց։ Զարթնելուց հետո ամենաբարդն իր անունը հիշելն էր։
«Արհեստական կոմայի համար անրաժեշտ դեղորայքով մենք անջատում ենք ոչ միայն հիվանդի
գիտակցությունը, այլ նաև հիշողությունը։ Հիվանդը արթնանալիս չի իմանա՝ որտեղ է, ինչ է կատարվում իր հետ։ Բայց նա պետք է հասկանա, թե ինչ է իր հետ կատարվում, քանի որ անորոշությունը հիվանդի հոգեհուզական տրավմայի ամենալուրջ պատճառն է»,- ասում է ռեանիմատոլոգ Աշոտ Փամբուկչյանը։
Հենց արթնանալու պահին են բժիշկները, այդ թվում՝ նա, մոտենում հիվանդին, պատմում տեղի ունեցածը։ Բայց նրանց պատմությունները «կոմայից առաջ»-ի՝ դրա մեջ հայտնվելու պատճառների, և «կոմայից հոտո»-ի՝ արթնացման պահի մասին են։ Իսկ թե ի՞նչ է տեղի ունենում գիտակցության հետ կոմայի ժամանակ, բժիշկը չպատասխանեց:
«Գլխուղեղի հետ կապված նեյրոֆիզիոլոգիան դեռ քիչ ուսումնասիրված, մութ գիտություն է»։
Եթե այնուամենայնիվ որոշել եք բացել ուղեղի գաղտնիքը, գլխուղեղը ուսումնասիրողի՝ նեյրոֆիզիոլոգի հետ խոսեք․ խորհուրդ տվեց ռեանիմատոլոգը։ Բայց զգուշացրեց՝ հարցը ավելի է բարդանալու․ ի վերջո, գիտությունը դեռ պատասխան չունի։ Ես իհարկե զրուցեցի նեյրոֆիզիոլոգների հետ, և իհարկե, ամեն ինչ ավելի բարդացավ:
Սա առաջին դեպքն էր, երբ հարցազրույցի առաջին հարցը ոչ թե ես, այլ զրուցակիցս տվեց․
«Ի՞նչ է պատմել այն կինը կոմայից հետո»։
Մանյայի պատմությունը փոխանցեցի Լուսինե Վարդանյանին։ Միակ հասկանալի եզրակացությունը՝ Մանյան ազատություն է տվել ենթագիտակցությանը։
«Քնի ժամանակ էլ մենք անգիտակից վիճակումենք։ Կարծես ամեն օր կրկնվող կոմա լինի քունը։ Արթուն ժամանակ մեզ մոտ աշխատում է գլխուղեղի կեղևը, այն բարձրագույն կառավարող կենտրոնն է։ Այն, ինչ անցնում է ուղեղի կեղևի ֆիլտրով, մենք մոռացության ենք տալիս՝ չկենտրոնանալով դրա վրա։ Քնած ժամանակ կեղևը նույնպես քնած է և այն չի կառավարում որևէ բան։ Այն ամենը, ինչը տեսել ու լսել ենք, ինչը տպավորություն է գործել մեզ վրա, ոչ մի տեղ չի կորում, ու այն ժամանակ, երբ վերահսկող չկա նրան, այն կարող է վեր հանվել ու տարօրինակ ձևով արտահայտվել որպես երազ»։
Կոմայի ժամանակ գիտակցության վարքը որևէ բացատրություն չունի։ Հեշտ բան չէ միլիոնավոր տարիների էվոլուցիոն պատմություն ունեցող գլխուղեղի մասին պատասխան ունենալը։ Մեր ուղեղը դեռ ուղեղը հասկանալու չափ չի զարգացել։
Փակեք Ձեր աչքերը։
Հիմա բացեք։
Ակնթարթաչափ այս ժամանակահատվածում մեկ ամիս է անցել։ Մեկ ամսվա ընթացքում Դուք ընդամենը 1 անգամ փակել ու 1 անգամ բացել եք Ձեր կոպերը։ Արթնացել եք ու չգիտեք ոչինչ։ Եթե չնայեք ձեր մարմնի չափերին, կթվա՝ նոր եք ծնվել․ նույնիսկ չեք հիշում, որ այդ պահից առաջ, օրինակ, 35 տարի կյանք եք ապրել։




