
— Քարտեզներն ընդարձակվում են միայն ուժով։
— Նաև 21-րդ դարո՞ւմ։
— Առավե՛լ ևս 21-րդ դարում։
Երկրորդ աշխարհամարտի օրերին Ռուբեն Գալչյանը տեսնում էր, որ հայրը կարմիրով քարտեզի վրա նկարչություն էր անում։ Քարտեզը «փչացնող» կետերն ու սլաքները ցույց էին տալիս Սովետական Միության զորքերի առաջխաղացումը․ այս մասին նա դեռ չգիտեր։
Մանկական այս հիշողությունը Ռուբեն Գալչյանին բրիտանական գրադարան տարավ, որտեղ 4,5 միլիոն քարտեզների միջավայրում Գալչյանը հայկական քարտեզներ գտավ։ Սկսեց ուսումնասիրել, թե ինչպես են փոփոխվել Հայաստանի սահմանները, և թե ինչպես տեղի ունեցավ «Ծովից ծով Հայաստանից մի համեստ Սևանա լճով երկիր» անցումը։
Հիմա նա վստահ է՝ քարտեզներն ընդարձակվում են միայն ուժով, բայց սա նաև պատմություն է այն մարդկանց մասին, որոնք դա անում են ձեռքի տակ եղած մեթոդներով:
Քարտեզ 1. Հայաստանը ամենահին քարտեզում, մ.թ.ա. 6-րդ դար

Հայաստանի քարտեզի դինամիկան կարելի է սկսել 2600 տարի առաջվանից՝ հնագույն աշխարհացույց քարտեզից։ Այն Բրիտանական թանգարանում գտնվող մոտավորապես 16×10 սմ կավե սալիկ է, որի վրա բոլորաձև գծված է աշխարհի կենտրոնը: Այնտեղ երեք երկրի անուն կա՝ Ասորեստան, Բաբելոն և Հայաստան․ Ռուբեն Գալչյան
Հեքիաթ հիշեցնող այս պատմության երեք հսկաներից իր գոյության ուղին շարունակել կարողացավ միայն մեկը՝ Հայաստանը, որի սահմանները, սակայն, այնպիսի դինամիկայով են փոփոխվում, որ սալիկի վրա փորագրելը վաղուց արդեն լավ գաղափար չէ:
Քարտեզ 2. Հայաստանը Տիգրան Մեծի օրոք, մ․թ․ա. 95-55 թթ
Ամենամեծ տարածքը Հայաստանն ունեցել է Տիգրան Մեծի օրոք։ Երկիրը տարածվում էր Կասպից ծովից մինչև Լիբանան՝ Միջերկրական ծով․ Ռուբեն Գալչյան
Սա վտանգավոր քարտեզ էր։ Այդ վտանգը ստիպեց Հռոմի կայսրությանը միավորվել դաշնակիցների հետ։ Տեղի ունեցավ պատերազմ, պարտություն, և Տիգրան Մեծի կայսրությունը սահմանափակվեց միայն Մեծ Հայքի տարածքով։

***
Հիշո՞ւմ եք՝ ինչպես Գագիկ Գինոսյանը փոխեց «ուրբաթ երեկոների» մշակույթը․ ջահելներն ամսվա մի ուրբաթ երեկոն փաբերում պարելով անցկացնելու փոխարեն սկսեցին Կասկադում պարելով անցկացնել։ Գինոսյանը երևանցիներին ու Երևանի հյուրերին բաց երկնքի տակ ազգային երգ ու պար էր սովորեցնում: Ամառվա տաքությունը իշխանաց պար էր դառնում, իսկ հյուրերն իրենց անսամթ քայլերով՝ կիսով չափ հայ:
Լիանա Եղունյանը Կասկադում պարելու սովորությունը հետը Բելգիա տարավ։ 2019 թվականին այնտեղ պարի խումբ բացեց ու որոշեց՝ հնարավորինս շատերին սովորեցնելու է հայկական պար, հետևանաբար նաև՝ մի քիչ հայ լինել։ Հայաստանի քարտեզն ընդաձակելու իր տարբերակը սա էր։



-Հայաստանի օրերի շրջանակում գնացել էինք ծերերի մշակույթի կենտրոն։ Իրենք հիացած էին, ասում էին, որ ձեր պարերը, ձեր էներգիան մեզ տարել էին ձեր երկիր: Ճիշտ է՝ շատերը նույնիսկ քարտեզի վրա տեղը չգիտեին, բայց պատկերացրին, թե այնտեղ ինչ սիրուն ու հարուստ մշակույթ կա:
Այս տարի Լիանան որոշել է երեխաներին էլ հայկական պար սովորեցնել, նրանց ձեռքերից բռնել ու մշակութային աստիճաններով վերև է բարձրացրել, ձեռքի հետ էլ նրանց ընտանիքներում Հայաստան գնալու կռիվը գցել:
-Կռիվ են տալիս ընտանիքի հետ, որ ամառը ոչ թե Իտալիա, Ֆրանսիա, այլ Հայաստան են գնալու․ «Ես գնում եմ Հայաստան»:
***
Քարտեզ 3. Հայաստանը՝ բաժանված Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև, 6-րդ դար

Տարբեր պատճառներով մեր իշխանավորներն իրար հետ «յոլա» չգնացին: Մեր երկիրը թուլացավ, և դարձանք որոշ ժամանակ՝ պարսիկների, որոշ ժամանակ՝ Հռոմի վերահսկողության տակ։ Իսկ հետո, երբ Բյուզանդիան ստեղծվեց, իրենց պատերազմադաշտը Հայաստանն էր․ Ռուբեն Գալչյան
Բյուզանդիայի Հուստինանոս առաջին կայսրը գահ բարձրացավ 527 թվականին՝ գահին բարձրացնելով նաև նախկին կայսրությունը վերականգնելու երևակայական հեռանկարը: Փոքր Հայքը գրավելուց հետո տարածքների վերահսկողությունը հեշտացնելու նպատակով զբաղվեց վերջինիս տրոհման աշխատանքներով: Մեծ Հայքն էլ իր հանգրվանը Պարսկաստանի տարածքում էր գտել և էլի տրոհվում ու տրոհվում էր․ պարսիկները նույնպես փորձում էին տարածքները հեշտ կառավարելի դարձնել։
Քարտեզ 4. Կիլիկիայի թագավորություն, 12-14-րդ դար
11-րդ դարում ստեղծվեց Կիլիկիայի թագավորությունը, որը գոյություն ունեցավ շուրջ 300 տարի և ուներ հայ թագավորներ։ Բայց դա էլ մամլուկների ձեռքով ոչնչացավ 1375-ին և 1375-1918 թթ․ մենք անկախ երկիր չենք ունեցել․ Ռուբեն Գալչյան

***
Dasa2-ն արտասահմանում ապրող երեխաներին հայերեն ու Հայաստան այցելելու մասին երազել է սովորեցնում։ Կրթական մեթոդն այստեղ պարզ է՝ ուսուցիչը Հայաստանում է, աշակերտը՝ արտերկրում։ Էկրանից այն կողմ ուսուցիչը առաջին հայացքից սովորական դաս, իրականում՝ Հայաստանը սիրել է սովորեցնում։
15 տարուց ավելի Միացյալ Նահանգներում ապրող, երեք երեխաների հայր, Dasa2-ի հիմնադիր Սամվել Հովհաննիսյանը սեփական երեխաների օրինակով գիտի, թե ինչքան դժվար է նրանց հայերեն սովորեցնելը, և խոսքն այստեղ պարզապես գրել-կարդալու մասին չէ:
-Որ նստի Վախթանգ Անանյան կարդա, կարդա Չարենց, հասկանա բառերի իմաստը։ Տարեկան հազարից ավել հանդիպումներ են տեղի ունենում, երբ երեխաները գալիս են Հայաստան, գնում են Գյումրի, Վանաձոր, տարբեր քաղաքներ ու հանդիպում իրենց ուսուցիչների հետ և այդ պահը շատ հուզիչ է, ուսուցիչը դառնում է երեխայի կապող բանը Հայաստանում»:
***
Քարտեզ 5. Հայկական մարզ կոչված տարածք, 19-րդ դար

1828-ին, երբ ցարական Ռուսաստանը գրավեց ողջ Հարավային Կովկասը մինչև 1917 թվականը՝ 100 տարվա ընթացքում, այդ գուբերնիաները, որ իրենք ստեղծել են, 10 անգամ փոփոխել են․ Ռուբեն Գալչյան
Ցարական Ռուսաստանը, Օսմանյան Կայսրությունը, Պարասկաստանը երբեմն՝ հերթով, երբեմն էլ միասին, Հայաստանի սահմանները խմբագրել են հնարավորինս քաոտիկ ու անտրամաբանական՝ կառավարման խնդիրները տրամաբանորեն լուծելու նպատակով․ այսպես տեղի է ունենում այն ժամանակ, երբ կորցնում ես պետականությունդ։
Քարտեզ 6. Հայաստանը՝ ըստ Սևրի դաշնագրի, 20-րդ դար
Սևրի քարտեզը թերևս հայկական երազանքների քարտեզն է: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին առաջին աշխարհամարտից հետո Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշելու առաջադրանք էր տրվել։ Որոշեց՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին ստեղծվելիք Հայաստան պետության մեջ Տրապիզիոնի վիլայեթի մի մասն էլ կընդգրկվի, որ Հայաստանը դեպի ծով ելք ունենա: Հայաստանը դեպի ծով ելք ունեցավ միայն քարտեզի վրա:

***
Նարինե Ճաղարյանը 10 տարուց ավելի լեռնային կյանքով է ապրում՝ գտնում է լեռներ ու գագաթներ, որոնք տուրսիտական չեն, որոնց գոյության մասին անգամ տեղացիները տեղյակ չեն ու այն դարձնում է արշավական ուղի, ընդարձակում Հայաստանի տուրիստական քարտեզը:
-Անցած շաբաթ օրը քայլում եմ Մադան գյուղից դեպի Կոշաբերդ, բնակիչն ասում Է՝ զարմանում եմ, որ մարդիկ գալիս են այստեղ, 30 տարի ու ավելի այստեղ ապրում եմ, մի անգամ չեմ եղել այդ վայրում։
Նարինեն համոզվել է՝ մեր քարտեզն ու սահմանները դրանցից ներս ապրողների համար էլ լիարժեքորեն ծանոթ չեն։ 10 տարում հասցրել է կազմել է Հայաստանի տուրիստական քարտեզի իր այլընտրանքը, որտեղ Կասկադի, Գառնիի, Գեղարդի փոխարեն Աղու արևելյան ու արևմտյան սարերն են, Ուռած սարը, Կարմիր սարը, Գռասարը ու շատ-շատ այսպիսի՝ մեզ երբեմն անծանոթ անուններով գագաթներ:
-Երբ դու երկրի ներսում ոչ թե ապրում ես միայն Երևանում, այլ ճամփորդում ես հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ու բացահայտում այնպիսի տեղեր, որտեղ ոչ թե զուտ մեքենայով գնում ես, այլ քայլում ես, կամային հատկանիշներ ես դրսևորում ու ամեն ինչ սեփական ուժերով ես տեսնում, դա լրիվ այլ արժեք է ստանում: Մենք չենք կարող սիրել մի բան, ինչը չենք ճանաչում:



Այդ տուրիստական քարտեզի առաջին գնահատողները երեխաներեն են: Նարինեն հիմնել է «4 գագաթ մանկապատանեկան լեռնային ակումբ»-ը, որ նրանք իմանան՝ դժվարահաս տեղանքը վերջում հոյակապ տեսարան է խոստանում, որի տերն իրենք են։
***
Քարտեզ 7. ՀՀ Առաջին Հանրապետություն, 20-րդ դար

Անկախացումից երկու տարի անց դարձանք սովետական և Սովետական Միությունը, որին հանձնվել էր Հայաստանի 43.000 քառակուսի կիլոմետր տարածքը, կարճ ժամանակում այն դարձրեց 31.000 քառակուսի կիլոմետր․ Ռուբեն Գալչյան
Խորհրդային Միության տարիներին քարտեզներ գծելու ու դրանք կեղծելու մենաշնորհ ուներ միայն Խորհրդային Միությունը, որոշ դեպքերում՝ բացահայտ անարդարությամբ, օրինակ՝ Ալ լճերի տարածքում:
«Բողոքներ ու անհամաձայնություններ, իհարկե, եղան, գործը նույնիսկ Անդրկովկասյան դաշնությանը հասավ, իսկ պատասխանը եղավ այն, որ սահմանն արդեն գծված է ու փոխվելու ենթակա չէ»
Այն սահմանը, որը փոխվելու ենթակա չէր, մինչ օրս փոփոխվում է:
Քարտեզ 8. ՀՀ-ի և ԼՂ ինքնավար մարզի քարտեզը, 20-րդ դար
1992-1994 թվականին Հայաստանի Երրորդ Հանրապետության և Ադրբեջանի միջև պատերազմ էր: Հին պատերազմը ավարտվեց Հայաստանի նոր սահամանների գծմամբ՝ դե ֆակտո հաստատված, դե յուրե՝ բանակցվող:

***
-Ես իհարկե ոչ այս ասուլիսի առիթով, ուրիշ ասուլիսի առիթով, բայց առաջին անգամ հարցի համար վիզուալ պատասխան եմ պատրաստել: Հայաստանի Հանրապետությունը սա է:
2024 թվականի մարտի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ բարձրացրեց Հայաստանի Հանրապետության նոր, ոսկեգույն քարտեզը, և որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, վայրկյաններ անց քարտեզին միացավ նաև Արծվաշենը:
Այս պահին սա է մեր սահմանն՝ ասաց։
Այն գուցե ոսկեգույն մակետից նոր հրատարակվող քարտեզների ու գլոբուսների մի մասնիկ դառնա։ Պատմությունն այս էտապը ևս կհիշի, միաժամանակ հիշեցնելով՝ նախկինում գրված-գծված-կնքված քարտեզներն էլ հավերժ այդպիսին չեն մնացել։




