
Երևանում ծնված-մեծացած, Կենտրոն վարչական շրջանի թաղապետ աշխատած, քաղաքային պլանավորող, Երևանի բոլոր թաղամասերը, մայթերը, արդեն քանդված, նորելլուկ ու ամենահին շենքերն անգիր իմացող Վիկտոր Մնացականյանը նստած է դիմացս՝ կարմիր գրիչը ձեռքին։ Սեղանին Երևանի կենտրոնի քարտեզն է։ Պատրաստվում ենք խմբագրել այն։
Երևանում առաջին անգամ եղել եմ 5 տարի առաջ։ Այս սենյակ մտնելուց առաջ վստահ էի, որ գոնե կենտրոնի բոլոր անկյունների անունները գիտեմ։ Բայց պարզվում է՝ երբ ինձ թվացել է, թե քայլում եմ, ասենք, Թումանյան փողոցով, իրականում ամեն 100 քայլը մեկ հատել եմ ինձ անհայտ՝ անտեսանելի սահման։ Տեղացիների բառապաշարում կենտրոնի ամեն բակի համար մի անուն կա։

«Վաղը, նույն ժամին՝ Ժամի հայաթում»․ հանդիպման վայրն ընտրողն այս անգամ Վիկտոր Մնացականյանն է։ Պայմանավորված ժամին ինձ հայտնի ամենաթարմ՝ երեկ գծված քարտեզը ձեռքիս Թումանյան-Փարպեցի խաչմերուկում եմ՝ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում։
«Սարյանից մինչև Թումանյան, Փարպեցիից մինչև Պուշկին բակն ամբողջությամբ ժամի հայաթն է, որովհետև այստեղ եկեղեցին է»,-բացատրում է Մնացականյանը։
Այստեղից ենք սկսելու իրականացնել թաղ առ թաղ, հայաթ առ հայաթ անցնելու ու կենտրոնի ստվերային՝ միայն տեղացիներին հայտնի սահմանային բաժանումները գաղտնազերծելու մեր պլանը։
— Էս թաղը ո՞նց է կոչվում,- հարցնում ենք պատահական թաղի պատահական բնակչի։
— Մեր թաղն ա՝ դեղատան թաղը, ներքևինը կոկտեյլնոցի հայաթն ա, մի ժամանակ էնտեղ քաղաքի միակ կոկտեյլնոցն էր։
Կենտոնի գլխավոր խաղացողները Օպերան ու Պրոսպեկտն էին։ Ժամանակակից հայերենի ջատագովները հիմա գուցե զայրանան՝ ոչ թե պրոսպեկտ, այլ Մաշտոցի պողոտա, բայց այստեղ ապրողները մի քիչ էլ ավելի կվիրավորվեն, եթե նրանց պրոսպեկտցի անվանելու փոխարեն, ասենք «Մաշտոցի պողոտայում ապրողներ»։
«Պռոսպեկտում ասում էին՝ ես պռոսպեկտցի եմ, դու պիտի հասկանայիր՝ ինքը մատենադարանի՞ կողմից ա, թե՞ փակ շուկայի»
Իսկ այ, օրինակ, Թումանյան, Սայաթ-Նովա, Մոսկովյան փողոցների բակերում ապրողները շատ հստակ տարանջատվում էին։
Օպերայից Սայաթ-Նովա փողոցով քայլում ենք դեպի Ռադիոտուն։ Առաջին կանգառը Սայաթ-Նովա- Տերյան խաչմերուկի տարածքում է։ Երևանի ստորգետնյա ջրերի համար պատասխանատու առաջին խողովակի պատվին այս բակերը կոչվել է «Տռուբի հայաթ»։ Քիչ ավելի վերև՝ Տերյան-Մոսկովյան հատվածում «Փուչիկի» հայաթն է։ Այս բակի անվան հետ կապված երկու վարկած կա։ Ասում են՝ այս տարածքում Փուչիկ անունով հայտնի մեկն է ապրել։ Ըստ երկրորդ վարկածի՝ այստեղ հեռվից փուչիկի նմանվող մեծ ծածկի տակ փողոցային առևտուր էին կազմակերպում։ Այս երկու բակերն այնքան մոտ են, որ նույնիսկ տեղացիներն են շփոթվում։
«Տռուբին» ու «Փուչիկին» զուգահեռ՝ Տերյան-Մոսկովյան- Աբովյան- Սայաթ-նովա փողոցներով կազմված ուղղանկյան մեջ ավելի մեծ ու հեղինակավոր «16-ի հայաթ»-ն է։ Այստեղ է կառուցված եղել քաղաքի միակ 16-հարկանի շենքը։ Սայաթ-Նովա փողոցի մյուս մայթին՝ «16»-ին զուգահեռ «Արաքսի հայաթ»-ն է։ Մի քանի քայլ էլ, ու ձախ կողմում տեսնում ենք՝ «Անիի», աջում՝ «Բանկի» հայաթները։
Եվ այս բազմազանության մեջ մենք դեռ մտածում ենք, թե ճանաչում ենք Երևանը միայն հայտնի, նշանավոր մարդկանց անունը կրող փողոցներն իմանալով։
***

Քաղաքը ճկուն է։ 1900-ականներին տեղը, ուր հիմա զրուցում ենք՝ Հայաստանի հանրային ռադիոն, մնում էր քաղաքի հյուսիսային դարպասից դուրս։ Ռայկոմում ծնված, հիմա՝ Սիլաչի, նաշկինում՝ Շիլաչի անունով հայտնի թաղում մեծացած Մնացականյանը Երևանը երկու կերպ է ընկալում․ մեկը շոշափելի ու տեսանելի է, քաշ, կշիռ ու գույն ունի, մյուսը՝ չունի ձև, կարող է մեծանալ, փոքրանալ, դեֆորմացվել։ Առաջինը տուֆն է, երկրորդը՝ թաղը կամ հայաթը, որ ձևավորում, ապրելակերպ, վարք ու բնավորություն է թելադրում իր բնակիչներին․
«Հայրս ինժեներ էր, մայրս՝ ուսուցչուհի, շատ կիրթ սովետական ընտանիք էր, շատ շնորհակալ եմ ծնողներիս կրթության, դաստիարակության համար, բայց ինձ շատ բան տվել է հենց էդ բակը։ Ես համոզված եմ, որ եթե այլ տեղ մեծացած լինեի, եթե չլիներ շուկան՝ Գումը, ես ուրիշ ձև կմեծանայի։ Էն ժամանակ ոչ Քարնեգիին գիտեի, ոչ Դրայզերի գրքերը։ Հետո մեծանում ես, կյանքի տեսածը համատեղում գրքերի հետ, շատ ավելի հետաքրքիր է ստացվում»։
Շիլաչիում, որը հայտնի քարտեզով «Տիգրան Մեծի պողոտա» անունն ունի, իրար էին խառնվում մշակութային, սոցիալական, առևտրային հանգույցները, երկրի գլխավոր առևտրային օբյեկտներն այնտեղ էին, հարևանությամբ Կրիվոն էր՝ ամենախիտ բնակեցված թաղը, քիչ հեռու՝ Ֆիրդուսը՝ այս կեղմերում ամենահայտնին։
Մինչ այս պահը այս անունները միայն մարդկանց հիշողության ու բառապաշարի մեջ էին։ Այժմ Վիկտոր Մնացականյանը նստած է դիմացս՝ կարմիր գրիչը ձեռքին։
Կիսամութ այս սենյակում նոր քարտեզ է ստեղծվում՝ հենց հնի վրա։
*Այս քարտեզի հեղինակ կարող է դառնալ յուրաքանչյուրը։ Եթե բաց ենք թողել ձեր հայաթի կամ թաղի անունն ու սահմանները, կարող եք դրանք ուղարկել մեր ֆեյսբուքյան էջին։ Խոստանում ենք համալրել Երևանի ամենանոր քարտեզը ձեր հուշած նոր անուններով։



