Մեր արտադրանքըՍա քեզ դուր կգա

Ջուրը ջրի գին էլ չի ունենա․ Հայաստանը ջրասակավ երկիր է

Ժամը 23:44 է. 1,5 լիտրանոց շշով հասցնում եմ խմելու ջուր վերցնել: Այսօր ուշ եմ հիշել արդեն ամենօրյա դարձած գործողության մասին․ ամանները մինչև առավոտ կեղտոտ կմնան:

Ապրում եմ Ավան համայնքում, որտեղ ոչ շատ հեռու անցյալում շուրջօրյա ջրամատակարարում կար, ուստի ջրային խնդիրներով երբեք մտահոգված չեմ եղել: Չեմ էլ ենթադրել, որ այդպիսիք կան։ Բայց մի օր կեսգիշերին մոտ ջուրը կտրվեց։ Հետո դա կրկնվեց ամեն օր։

Ջրի բացակայությունը ձևավորեց «հիշել-ջուր վերցնել» վարքը, որն իր հետ մի քիչ տագնապ բերեց: Հայտնի բան է՝ երբ ջուր չկա, կոկորդդ չորանում է, դու՝ ծարավում: Հետո հանկարծ պարզվեց, որ Հայաստանը ջրասակավ երկիր է:

***

Կարապետ Գազանճեան․ 20 տարի առաջ հասկացավ, որ վաղվա ջրի որակն ու մաքրությունը էապես կախված է այսօր ջուրը խնամքով օգտագործելու մեր գիտելիքներից ու իր համակարգչային կարիերան ջրայինով փոխարինեց։

«Մոտ 20 տարի ջուր եմ ուսումնասիրում, մի քանի բան ջրի մասին Ամերիկյան համալսարանում այս թեմայի շուրջ կդասավանդեմ՝ ջրի էկոլոգիայի և ջրային ռեսուրսների կառավարման նյութով։ Իմ ուսանողների հետ դասը սկսում ենք ջրի մասին զրուցելով և ես հասկանում ենք, որ մարդիկ ջուրը շատ սահմանափակ կտեսնեն՝ միայն խմելու, ափսե լվալու կամ լողանալու համար»։

Վարդուհի Մարգարյան․ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ջրով սկսվող առնվազն 8 առարկա է դասավանդում՝ Ջրաբանական կանխատեսումներ, Ջրային ռեսուրսների կադաստր և մոնիթորինգ, Ջրային ռեսուրսների համալիր օգտագործում և պահպանում․․․ և այսպես շարունակ:

«Ջրաբանական և օդերութաբանական տարբեր դասընթացներ եմ վարում։ Շատ սիրում եմ այն ուղղությունը, որով հիմա զբաղվում եմ, շատ սիրում եմ և ուսանողներին հորդորում եմ, որ սիրեն»

Կարապետ Գազանճեանի և Վարդուհի Մարգարյանի հետ մենք մեղավորներ ու լուծումներ ենք փնտրել։

Դա անելն ավելի հեշտ կլիներ, եթե քաղաքի ջրամատակարման բեռն իր ֆրանսիական ուսերին վերցրած «Վեոլիա Օ Կոմպանի ԺեներալԴեզ Օ»-ն, նույն ինքը՝ Վեոլիա ջուրը, ընդուներ դեմ առ դեմ զրուցելու մեր առաջարկը։ Ընկերությունը մեր հարցերին պատասխանել է նամակի միջոցով։

ՄԵՂԱՎՈՐՆԵՐ

Մեղավոր համար 1 ընդարձակվող քաղաք

Վարդուհի Մարգարյանի տան ծորակից այս գիշեր ջուր եկել է։ Բայց մայրաքաղաքում ծորակների քանակն ավելանում է անկառավարելի թափով։ Ասում է՝ եթե քաղաքը շարունակի ընդարձակվել առանց ջրային ռեսուրսների հստակ հաշվարկի, ապա դժվար թե այդ ծորակները հաճախ օգտագործվեն ըստ նշանակության:

Բնակչությանը ջուր հասցնելու պարտավորությունը ստանձնած Վեոլիային հարցնում ենք՝ «Բնակչությունը շատանում է։ Հաշվարկներ արվո՞ւմ են»։

Այսպիսով՝ Երևանն ընդարձակելուց, խնդրի առաջացումից առաջ հաշվարկներ արվո՞ւմ են․ պատասխանը կարծես «ոչ»-ն է։

Վարդուհի Մարգարյանին հարցնում եմ՝ արդյոք որևէ մեկը դիմել է իրեն՝ խելք խելքի տալու ու որևէ հաշվարկն անելու ցանկությամբ:

«Չէ, ցավոք մենք տեղեկատվություն չունենք, բայց ճիշտ եք նկատում, որ պետք է նախապես հաշվարկ անել, թե ինչքան ջուր է պետք Երևանին, վերջիվերջո բնակիչների թիվն աճում է, և համայնքներից հիմնականում մարդիկ գալիս են այստեղ»,- պատասխանում է մասնագետը։

Մեղավոր համար 2 պակասող ջուր

Պատկերի հեղինակը Սիֆիա Միրզոյանն է։ Նա մեկ անգամ չէ, որ սև գծերով ջուր, քամի ու ամպեր է նկարել։ Այս անգամ նկարել է մեր խնդրանքով։

Նկարչի երևակայությանը չենք միջամտել որևէ կերպ, միակ հուշումը՝ նկարիր կյանք, որը կարող է լինել ջրի նկատմամբ անփույթ վարքը շարունակելու դեպքում։

Երկրի վրա նոր ջուր չկա։ Մենք սպառում ենք մեր սպառածը՝ ասում է Կարապետ Գազանճեանը։ Եվ քանի որ սպառում ենք անփույթ, այն դադարում է գոյություն ունենալ կամ դառնում է հետագա շահագործման համար անպիտան։

«Մեր ջրերի մոտ 40-60 տոկոսը օգտագործում ենք։ Եթե որևէ երկրում 20 տոկոսից բարձր են օգտագործում, արդեն սթրեսային վիճակ է։ Ջուրը միայն օգտագործելու համար չէ, բնությունն էլ պետք է իր ֆունկցիաները կատարի։ Մենք պետք է իմանանք՝ էդ սահմանափակ քանակը ո՞նց ենք օգտագործում»։

Բնակչությանը ջուր հասցնելու պարտավորությունը ստանձնած Վեոլիային հարցնում ենք՝ «ինչո՞ւ ջուր չկա»։

«Վերջին տարիներին այնքան անխնա են ջրերը օգտագործվել, որ հիմա ստորերկրյա ջրերի քանակը 10-15 մետրով նվազել է։ 20 տարի առաջ քարը ջարդեին՝ ջուր դուրս կգար, հիմա պետք է 15-20 մետր փորել, պոմպեր դնել, որ ջուր խմենք»,- ասում է Կարապետ Գազանճեանը։

Բայց ո՞ր երևանցուն ասես՝ քարը ծակիր, փորիր, պոմպ գտիր, որ ջուր ունենաս։

Մեղավոր համար 3 ցայտաղբյուր

Ինչպե՞ս կարող են մարդկանց համոզել, որ ջրասակավ է մի երկիր, որի մայրաքաղաքում առնվազն 3000 ցայտաղբյուրի 85 տոկոսը գործում է 24 ժամ՝ առանց փականի, առանց վճարման, առանց նպատակի:

Ջրառատ երկրի պատրանքը սպառնալիք է Երևանի համար:

Բնակչությանը ջուր հասցնելու պարտավորությունը ստանձնած Վեոլիային հարցնում ենք՝ «ինչպե՞ս է բնակիչն օգտագործում իրեն հասած ջուրը»։

«Վեոլայի հաշվարակի համեմատ ունենք շատ մեծ քանակի վնասներ։ Ամեն 10 կամ 100 լիտրից 20 կամ 30 տոկոսի համար իրենք գումար կգանձեն, այսինքն՝ ունենք գրեթե 70 տոկոս ջրի կորուստ․ օգտագործվում է առանց վճարման: Սա ինձ կամ որևէ այլ էքսպերտի համար աներեկայելի է։ Ի՞նչ ասել է 80 տոկոս կորուստ, էդ ո՞ւր է այդքան ջուր կորել»,- ասում է Կարապետ Գազանճեանը։

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

Մեզ ասում են՝ ջուր չկա, խնայեք այն։ Մենք հովհարային ջրանջատումների դեպքում մեղադրում ենք պատասխանատուներին․ հաստատ լավ չեն աշխատում։ Մեզ ասում են՝ Սևանը կարող է ցամաքել․ խմելու ջուր չենք ունենա, բնությունը կարող է չորանալ․ շնչելու օդ չենք ունենա։ Մենք նայում ենք հոսող ցայտաղբյուրին ու մեր հարևանին, որը խորամանկ է այնքան, որ ապօրինի կերպով ջուր է հասցրել իր տուն ու ասում՝ հաստատ Աֆրիկա չենք դառնա։

Կարապետ Գազանճեանը վատ նորություն ունի․ կդառնանք։

«Աֆրիկայում տեսել ենք շատ շրջաններ, որ մարդիկ առանց ջրի կյանքը կորցրել են և ստիպված գնացել են ուրիշ շրջաններ։ Չպետք է մտածել, որ դա Աֆրիկայում է՝ մեզնից հեռու։ Երկու տարի առաջ թե՛ Ստամբուլում, թե՛ Իզմիրում ռեզերվները շատ ցածր վիճակում էին, և մտավախություն կար, որ Թուրքիայի որոշ քաղաքներ նույն վիճակի կհասնեն։ Ադրբեջանում նույնպես ջրային խնդիրներ կան»:

Բայց Թուրքիան արդեն մշակել է իր ջրային ռեսուրսների փրկության ծարգիրը, որի իրականացման դեպքում Արաքս գետի վրա ՀԷԿ-երի թիվը կավելանա, ինչը կբերի է գետի ջրերի գրեթե 30 տոկոս նվազման: Հայաստան ավելի քիչ ջուր կհասնի։

«Հայաստանի մեջ այս թեմաները չեն քննարկվում կամ դա շատ ռոմատիկ, պոետիկ ձևով է արվում։ Բայց պիտի ասենք՝ էսքան ջուր ունենք, էսքան՝ խնդիր։ Մեր վիճակը կարող է վատանալ»

Իսկ հիմա պատկերացրեք․ սխալ պլանավորման կամ դրա բացակայության, անփույթ վարքի կամ չխնայող բնավորության պատճառով ձախողում ենք ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործման գործը, ավազե ժամացույցի նման ջուրը կաթիլ առ կաթիլ հոսում ու չորացած ավազ է դառնում: Ջրի համար հերթերն են, ջուրն էլ ջրի գին չունի, ջուր գողացողին բանտն է սպասում:

Եթե չհաջողվի պատկերացնել, ապա պազապես ուսումնասիրեք Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքի պատմությունը: Երբ ջրային ռեսուրսները մոտենում են զրոյի, սկսվում է ապրելու հետհաշվարկը:

ԼՈւԾՈւՄՆԵՐ

Ինչպե՞ս կարելի է սա փոխել․ Կարապետ Գազանճեանը երկու ճանապարհ գիտի։ Ջրային հիգիենայի դասեր տալ դեռ դպրոցից, կրթել դրա արժեքն իմացող ու խնայող սերունդ և բարձրացնել ջրի սակագինը։

«Թանկությունը ստիպում է խնայել էներգիա, բենզին, ջուր»։

Բնակչությանը ջուր հասցնելու պարտավորությունը ստանձնած Վեոլիային հարցնում ենք՝ «ի՞նչ եք ակնկալում սպառողից՝ նրան բավարար ու որակյալ ջուր տալու համար»։

***

Եվս մեկ մտավարժանք․ կա երկու իրավիճակ․ առաջինում Դուք բացում եք ծորակն ու այդ ընթացքում լոգանքի համար երաժշտություն ընտրում, թերթում նյուզֆիդը, հաղորդագրություններին պատասխանում, հետո հանկարծ հիշում լոգանք ընդունելու մասին։ Մյուս դեպքում արագ լողանում եք, առաջինը ծորակն եք փակում՝ նոր միայն ձեռքը մեկնում սրբիչին ու հեռախոսին:

Դուք ո՞րը կանեք:
Ջրային մտածողության փոփոխության բանալին Ձեր պատասխանի մեջ է:

Իսկ ես դեռ պիտի հասցնեմ ամանները լվանալ, արդեն կեսգիշեր է:

+1
6
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Անի Պողոսյան

Կարծում եմ՝ կյանքը շատ երկար է մեկ մասնագիտության համար, դրա համար ունեմ երկուսը՝ գերմանիստիկան ու լրագրությունը: Հաղորդավար դառնալու երազանքն ինձ շատ ավելի լավ տեղ տարավ՝ լրագրություն, որն ինձ սովորեցրեց մարդուն պատմություն դարձնել։ Իմ նյութերի գլխավոր հերոսը դու ես, մարդը՝ հաղթող ու պարտված, պայքարող ու հանձնված, բայց միշտ գեղեցիկ ու առեղծվածային:

Նմանատիպ հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button