Ինֆորմացիա․ ձրի հարստություն․ դուք կորցնում եք պատվիրելու իրավունքը

Անգելա Կոնիգերը գինեկոլոգ է: Վերջերս հարցազրույց է տվել գերմանական «Spiegel»-ին ու նշել, որ Գերմանիայում ամեն տարի կեսարյան հատմամբ լույս աշխարհ է գալիս մոտ 200 000 երեխա։ Ըստ մասնագետի՝ երբեմն այս միջամտությունը անհրաժեշտություն է, երբեմն՝ պարզ քմահաճույք։



Մայրական վերականգնողական կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մարտիրոսյանը Հանրային ռադիոյի «Կեսարյան հատումը՝ կյանք փրկող միջամտությո՞ւն, թե՞ քմահաճույք» վերտառությամբ հոդվածում պնդել է, որ կեսարյան հատումը բնական ճանապարհի այլընտարք չէ:



Այս երկու նույնաբովանդակ հոդվածները միմյանցից տարբերվում են նրանով, որ առաջին հոդվածի շարունակությունը կարդալու համար գերմանացի ընթերցողը պետք է բաժանորդագրվի «Spiegel»-ին:
Այժմ հատուկ ակցիա է գործում, նորեկները 1 ամսվա համար վճարելու են 1 եվրո, 1 տարվա համար՝ 2 եվրո 49 ցենտ:
Հայ ընթերցողին այս բովանդակությունը հասանելի է անվճար՝ միայն մեկ քլիքով։ Մի շարք լրատվամիջոցներ նույնիսկ սոցցանցերին գումար են տալիս նման հոդվածները լսարանին հասցնելու համար։

Արամ Աբրահամյան. Լրագրող, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, վարում է տեսաբլոգ Youtube-ում։
«Առավոտ»-ի թերթային տարբերակը հրատարակվում է 1994-ից։ Գինը՝ 200 դրամ: Գործում է լրատվամիջոցը առցանց տարբերակը՝ անվճար։
Ինչու է Հայաստանում բովանդակությունն անվճար
-Ես այդքան լավատեսորեն չեմ նայում հասարակությանը։ Մասնագետներին՝ նույնպես։ Ընդհանրապես դա կախված է նրանից, թե ինչպիսի վերաբերունք ունի տվյալ հասարակությունը մասնագետի նկատմամբ: Մեզ մոտ մասնագետների հեղինակությունն այնքան էլ բարձր չէ, և վստահությունը նրանց ասածների նկատմամբ՝ ևս: Նույն Կորոնավիրուսի ժամանակ, հիշո՞ւմ եք, բոլորը խոսում էին, թե ինչով կարելի է բուժել այն և երբեմն բժիշկներն էլ էին հիմարություններ ասում։
Ո՞ր բովանդակության համար մարդիկ կվճարեն
-Գիտե՞ք՝ մենք և մնացած լրատվամիջոցները ինչը վճարովի կդարձնենք առաջիկա տարիներին․ արխիվը: Մենք 30 տարվա «Առավոտ»-ի հրապարակումները թվայնացրել ենք: Դա ռեսուրս է, կարելի է կարգի բերել ու դարձնել վճարովի:

Դավիթ Ալավերդյան. Լրագրող, «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։
«Մեդիամաքս»-ը գործում է 1999թ. մայիսից։ Հրապարակվող հոդվածներն անվճար են, սակայն առաջարկում են որոշ վճարովի ծառայություններ։
Ինչու է Հայաստանում բովանդակությունն անվճար
-Սա Միացյալ Նահանգների և նույնիսկ Ռուսասատանի շուկան չէ։ Մերը փոքր է։ Մեծ թվով մարդիկ պատրաստ չեն վճարել էքսկլյուզիվ կամ հավաստի տեղեկատվության համար: Երբ տեսնում են տեղեկատվության մի մասը փակ է, տեղափոխվում են այլ կայք և բավարարվում են գուցե ոչ հավաստի, ոչ առաջին ձեռքից, գուցե ոչ թարմ տեղեկատվությամբ:
Ո՞ր բովանդակության համար մարդիկ կվճարեն
-Ամենամեծ կարևորությունը մեր նման հասարակություններում ունի հետաքննական լրագրությունը: Բայց հասարակության շահից է բխում, որ որքան հնարավոր է շատ մարդ իմանա դրա մասին: Իսկ վճարովին չի կարող լինել շատ մարդկանց համար։ Պետք է երկրում ձևավորվի կիրթ ու մեդիագրագետ մարդկանց մի խումբ, նաև նրանց աշխատավարձերը պետք է բարձր կամ գոնե կայուն լինեն, որ նրանք չափսոսան վճարել, ասենք, 10 000 դրամ ինֆորմացիայի համար։
«Մեդիամաքս»-ը ևս ունի բաժանորդագրություն։ Մենք դա արեցինք հարկադրաբար՝ 2020 թվականի Քովիդի պատճառով: Մեր մուտքերը զգալիորեն նվազեցին և «Մեդիամաքս»-ը հայտնվեց փակման եզրին։ Մենք դիտարկում էինք գումար հայթահայթելու բոլոր հնարավորությունները, որ վերադարձնենք մեր կայունությունը և բաժանորդագրությունը այդ տարբերակներից մեկն էր։ Սակայն մենք վճարովի դարձրինք ոչ թե մեր ամբողջ արտադրությանը, այլ հատուկ նախագծերը, ոչ թե պարզապես գումար խնդրեցինք, այլ առաջարկեցինք գումարի դիմաց էքսկլուզիվ նյութեր: Այս պահին ունեք 50 բաժանորդ, որոնք, եթե չեմ սխալվում, ամսական 5000 դրամ են վճարում:

Էդիկ Բաղդասարյան․ Լրագրող, «Հետք» առցանց պարբերականի գլխավոր խմբագիր։
«Հետք»-ը զբաղվում է հետաքննական լրագրությամբ։ Երբեմն ամիսներ տևած աշխատանքի արդյունքը՝ հրապարակումները, երբեք վճարովի չեն եղել։
Ինչու է Հայաստանում բովանդակությունն անվճար
-Հայաստանը դեռ էն երկիրը չէ, որտեղ հասարակությունը պատրաստ է վճարել դրա համար։
Ո՞ր բովանդակության համար մարդիկ կվճարեն
-Հիմա էնքան շատ են բաց աղբյուրները, որ, կարծում եմ, դրա կարիքը չկա։ Մենք դեմ ենք, որովհետև վստահ եմ, որ բաժանորդագրություն դարձնելուց հետո ընթերցողների մեծ թիվ կկորցնենք։ Երևի 10 տարի առաջ դիմել էինք մեր ընթերցողներին, որ եթե ամիսը մոտ 1 դոլարի չափ կարողանաք նվիրատվություն անել «Հետք»-ին, մեր վիճակը կբարելավվի, մենք ավելի շատ գործուղումներ կունենանք, մարզեր կգնանք։ Էն ժամանակ նաև շեշտում էինք, որ Արցախի Հանրապետությունում թղթակից կպահենք։ Առանձնապես շատ չէին ոգևորվել․ մի քանի հոգի, էն էլ՝ դրսից:
«…Օրվա ընթացքում մենք տերաբայթերով ինֆորմացիա ենք սպառում՝ բացարձակապես անվճար։ Իսկ երբևէ մտածել ե՞ք, թե ով է վճարում Ձեր դիտած և ունկընդրած հաղորդումների կամ ընթերացած հոդվածների համար։ Չէ՞ որ ցանկացած բան, առավել ևս ինֆորմացիան, գին ունի․․․»
Սա 2018-ի դեկտեմբերի 26-ին «Լրատվական ռադիոյի» տարածած հոլովակից մի հատված է։ 2016-ի նոյեմբերին լրատվամիջոցն առաջարկեց բաժանորդագրություն՝ եթեր տրվող ռադիոհաղորդումների տեսագրված տարբերակի՝ ցանկացած պահի դիտման համար: Բաժանորդագրության սակագինը 1 ամսվա համար՝ 990, 6 ամսվա համար՝ 5500, 1 տարվա համար՝ 8800 դրամ էր:
Դավիթ Խումարյան․ Լրագրող, Լրատվական ռադիոյի տնօրեն․

-Մենք գիտեինք, որ այդ օրը գալու է, որովհետև մեդիան պիտք է լինի ազատ, և հետևաբար պիտի լինի ինքնաբավ։ Ինքնաբավության բացարձակ աստիճանը բաժանորդագրություն է։ Մենք ֆանտաստիկ շատ շնորհակալ ենք բոլոր էն մարդկանց, որոնք բաժանորդագրվել են, որովհետև նրանք պահել են մեզ, մեր խմբագրությունը և մեր ընտանիքներին։ Առանց նրանց այս լրատվամիջոցը գոյություն չէր ունենա։ Մարդիկ գգալիս էին խմբագրության մոտ՝ 6000 դրամը ձեռքը, ասում էին՝ վերցրու սա, ես ուզում եմ հաղորդում նայեմ։ Դա ուրիշ զգացում է։
Երբ մենք ամբողջ խմբագրությամբ լծված էինք բաժանորդագրությանը, դա ապահովում էր մեր շրջանառության 30%-ը, նշանակում է, որ ամեն 3-րդ դրամը, որը որ ռադիոընկերությունը ծախսում է, մեր բաժանորդների գումարներն են, գործընկերների ստացած աշխատավարձի 1/3-ը, ընկերության եկամտի 1/3-ը, կոմունալ վճարումների 1/3-ը։ Այդ ամենը վճարել են մեր բաժանորդները։
«Լրատվական ռադիոն» վերջերս վերաբրենդավորվել է՝ փոխելով անունը՝ «Գործարար ալիք» և թեմատիկ ուղղվածությունը։ Եվ թեև լրատվամիջոցը գոհ է եղել բաժանորդագրություն առաջարկելու իր փորձառությունից, այս շրջանում ստեղծած բովանդակությունը լսարանի համար անվճար է։
«Եթե մենք պետք է ակնկալենք, որ հասարակության մեծամասնությունը պետք է պատրաստ լինի վճարովի բովանդակության համար, ապա դա ոչ մի տեղ այդպես չի լինում ու չի էլ լինելու։ Եկեք նայեք էդ նույն հասարակությանը, էսօր ինչքա՞ն մարդ կա, որ, օրինակ, պատրաստ է վճարել «Նեթֆլիքս»-ին ֆիլմերի համար»

Տիգրան Մատինյան․ Թվային մարքեթինգի մասնագետ է։ Ամենօրյա ռեժիմով սպառում է հայկական մեդիայի արտադրանքը։ Ունի պահանջարկ ու չի հասկանում՝ ինչու չի գտնում առաջարկը․
«Ես պատրաստ եմ վճարել, որ ինչ-որ մեկը, ում որ ես վստահում եմ, իմ փոխարեն ընտրությունը կատարի ու ամենակարևոր կետերը ինձ մատուցի առանձնացված, ֆիլտրած։ Ես կարողանամ ընտրել, թե ինչ թեմաներն են ինձ հետաքրքիր, այդ թեմաների շուրջ ամենակարևոր ինֆորմացիան օրական կամ շաբաթական կտրվածքով ստանամ, նաև որոշակի էքսկլյուզիվ բովանդակություն։ Դրա համար ես պատրաստ կլինեմ վճարել, ինչ-որ չափով աջակցել բովանդակություն ստեղծողների»:
2013-ին Սան Ֆրանցիսկոյում Ջեք Կոնթին և Սեմ Յամը հասկացան, որ իրենց ստեղծածի համար պատշաճ չեն վարձատրվում։ Այս երաժշտությունն, օրինակ, Յութուբում լսվել է 3 միլիոն 330 հազար անգամ։ Միլիոնավոր դիտումներ ունեցող տեսանյութերի համար երաժիշտները հարթակից մոտ 100 դոլար էին ստանում։ Նրանք ստեղծեցին Պատրեոն հարթակը, որտեղ հեղինակները առաջարկում են լսարանին վճարել բովանդակության համար՝ առանց միջնորդի։
Հայաստանում այս հարթակը սկսել է օգտագործվել միայն վերջերս։ Բովանդակություն ստեղծող որոշ անհատներ առաջարկում են աջակցել իրենց գործին՝ թեկուզ սիմվոլիկ մասնակցությամբ։ Տիգրան Մատինյանն ու լավ բովանդակությանն աջակցելու ցանկացողները միայն այս հարթակում են կարողանում գտնել դա անելու հնարավորություն։
«Պատրեոնում կան հաջողված օրինակներ․ «Արմքոմեդի»-ն օրինակ, փոդկաստներից Նարեկ Ամիրխանյանի պոդկաստը՝ «rearrange»։ Վաղուց փորձում եմ փոքր ներդրում ունենամ, օրինակ՝ «Թարգի Լաո» փոդկաստին։ Բոլորը ամբողջությամբ հասանելի են, էքսլյուզիվ բովանդակություն չկա հիմնականում, բայց քանի որ էդ բովանդակությունն էնպիսին է, որը ես ուզում եմ շարունակվի, ես պատրաստ եմ աջակցել, որ շարունակվի, ես պատրաստ եմ նաև իմ փոքր ներդրումն ունենամ էդ գործում»։
Օնլայն մեդիաբովանդակությունը վճարովի դարձնելու առաջին փորձը ամերիկյան հայտնի Wall Street Journal-ին էր՝ 1996 թվականին, երբ Հայաստանն առաջին քայլերն էր անում համաշխարահային ցանցին միանալու ուղղությամբ:
Այժմ մարդիկ ամենաշատը վճարում են The New York Times-ի բովանդակությունը ստանալու համար․ դա անում է 9.4 միլիոն մարդ։ Երկրորդ ամենավճարվողը Wall Street Journal-ն է՝ ավելի քան 3,5 միլիոն բաժանորդով, իսկ The Washington Post-ը երրորդն է․ շուրջ 2,5 միլիոն բաժանորդ:
Այս մարդիկ ուղիղ՝ չմիջնորդավորված հարաբերություններ են կառուցել լրատվամիջոցի հետ ու կարող են պահանջել ծառայություն՝ բովանդակություն։ Պատվիրատուն վճարողն է։ Բովանդակություն ստեղծողներն էլ գիտեն՝ ում են հաշվետու։ Նրանք պետք է դուր գան ոչ թե գովազդատուին, այլ լսարանին։
Բայց սա՝ արտասահմանյան մեդիայում։
«Մենք կարող ենք տեսնել դեմքի կենտրոնական հատվածի կարմրություն, մանր աստղիկների տեսքով դեմքի ցանավորում, թարախաբշտիկներ։ Հենց դա է, որ մենք անվանում ենք Ռոզացեա»․- ասում է բժիշկ, մաշկաբան Լաուրա Սուքիասյանը Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդման եթերում։
«Մարդը պարզապես կարմրություն չունի, նա ունի հիվանդություն»,- ասում է «Spiegel»-ի բանախոսը։
Էլ ինչ է ասում մաշկաբան Լաուրա Սուքիասյանը հիվանդության մասին՝ կարելի է լսել անվճար։ «Spiegel»-ի բանախոսի անունն անգամ իմանալու համար պետք է գնել մեկ ամսվա բաժանորդագրություն՝ 4 եվրոյով։



