
Հեղինակ՝ Երջանիկ Հարությունյան
Նյութը պատրաստվել է փորձաշրջանի ընթացում
-Տա՛տ, եթե ջահել տարիքում քեզ հնարավորություն տրվեր ընտրել ինչ-որ առարկա ու համալսարանում սովորել, ի՞նչ կսովորեիր:
-Մաթեմատիկան. լավ էլ սովորում էի դպրոցում։
Սա 87 տարեկան Երջանիկ տատս է։ Նա բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել։
Ես 21 տարեկան Երջանիկն եմ։ Իմ բարձրագույն կրթություն ունենալը փաստող դիպլոմում մի քանի ամսից կգրվի «լրագրող»։
Եվ սա իմ վերջին լրագրողական նյութն է։
17-18 տարեկանում, երբ չգիտենք՝ ոնց է աշխատում այս աշխարհը, հստակ պիտի իմանանք՝ ով ենք ուզում լինել այս աշխարհում։ Եւ շտեմարանները թևներիս տակ դրած ու հավատալով, որ բարձրագույն կրթություն ստանալով կլուծենք մեր ապագա բոլոր խնդիրները, ասում ենք՝ թարգմանիչ, ծրագրավորող, իրավաբան կամ
Լրագրող: Ես Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող եմ։ Այս 4 տարիների ընթացքում մեզ սովորեցրել են, որ չի կարելի գրել մեր հարազատների, ծանոթ մարդկանց մասին՝ չեզոքությունը ապահովելու նպատակով։ Սա իմ վերջին լրագրողական նյութն է։ Եվ հեռանալուց առաջ ես խախտելու եմ բոլոր կանոնները, պատմելու եմ ինձ ամենածանոթ մարդու՝ իմ մասին, փնտրելու եմ ի՛մ խնդրի լուծումը։
-Ուզում եք, որ Ձեզ համոզե՞մ։
Սա էր «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի պատասխանը իմ այն հարցին, թե ինչը կարող է ինձ պահել լրագրության մեջ։ (Չնայած իրականում մտքումս այն հարցն էր, թե ինչն է իրե՛ն այսքան երկար պահել)։
«Դու կարող ես հպարտանալ քո մասնագիտությամբ, բայց քեզ կարող են բացարձակապես չգնահատել, և ճիշտն ասած, ասել, որ ինձ շատ են գովում, չէ՛: Ինչի մասին էլ գրեմ: Ես չեմ կարող հպարտանալ ինձ տրվող գնահատականներով, ես կարող եմ հպարտանալ նրանով, որ ինքս ինձ ընկալում եմ որպես Воин света՝ լույսի մարտիկ: Դա, իհարկե, մեծամտություն չէ. կարող է շատ խոնարհ ծառա լինես, բայց լինես լույսի մարտիկ»:
Արամ Աբրահամյանն ասում է, որ լրագրող լինել նշանակում է լինել լույսի մարտիկ, իսկ հորաքրոջս ամուսինը ասում է, որ լրագրող լինել նշանակում է միկրոֆոնը վերցրած վազել մարդկանց հետևից։ Ոչ ավելին։
Եվ գուցե ես շարունակեի լինել լրագրող։ Բայց իմ շունչը կտրվում էր։ Ոչ թե վազելուց, այլ նրանից, որ սա իմ ընտրած մասնագիությունը չէր։ Սկսենք սկզբից։

Մեզ ասում են՝ ոչ։
Մենք լսում ենք։
Փոքր տարիքում՝ եղբորս էլեկտահարումից փրկելուց հետո, որոշել էի դառնալ ոստիկան՝ մյուս մարդկանց էլ փրկելու հեռանկարով: Վերջին պահին, երբ Ոստիկանական ակադեմիայից ինձ մի երկու քննություն էր բաժանում, ծնողներս ասացին՝ ոչ։ Հայոց լեզվի և գրականության իմ գիտելիքներով ինձ առաջարկվում էր միայն բանասեր կամ լրագրող դառնալ։ Ընտրեցի երկրորդը։
«Համալսարանում դասի ժամանակ քնած ուսանողն անգամ տարբերվում է փողոցում քայլող հասարակ մարդուց»՝ ասում էին դասախոսներս ու մտածում էի՝ վատ է, որ ոչ իմ սիրած մասնագիտությունը, բայց լավ է, որ գոնե սովորում եմ։
Եվ ինչպես միշտ, երբ մտածում ենք՝ ավելի վատ չի կարող լինել, միշտ գալիս է «ամենավատն» ու ապացուցում իր գոյությունը: Հայրս ասաց՝ այն, որ լրագրություն ես սովորում, չի նշանակում, որ լրագրող ես դառնալու։ Ասաց՝ չեմ ուզում, որ իմ աղջիկն ուրիշների մասին վատ բաներ գրի։ Այսօր իմ վերջին լրագրողական նյութում ես վատ բաներ եմ գրում։
«Նախ, եթե երեխան իրոք դրա մեջ է, ծնողները, երկիրը, ով ուզում է, ինչ ուզում է անի, ինքը գնալու է էդ հոսքին հակառակ և հասնելու է»:
Եղբայրս չի սիրում սովորել, բայց սիրում է նկարել: «Դա մասնագիտություն չէ, դրանով չես կարող գումար աշխատել»․ սա էր ծնողներիս պատասխանը։ Այսպես դեռ չծնված՝ մեռավ մի նոր Պիկասո։
Մի այդպիսի մեկն էլ մեռնում է նկարիչ Անտոն Քեշիշյանի ընտանիքում։
«Ընտանիքում բոլորս նկարիչներ ենք։ Փոքր տղաս ասում էր՝ ես լինելու եմ խոհարար, բայց հենց եկավ, հասավ ժամանակը, սկսեց նկարել, ու զարմացանք բոլորս: Ես չեմ սահմանափակել երբեք, չեմ ասել՝ էս էղի, էն էղի: Հիմա իրա ճուտիկը երեք տարեկան ա, վրձինը ձեռքի մեջ դնում եմ, ինքը քսմսում ա: Զգում եմ՝ իրա մեջ ինչ կա, ինչը չկա: Գունային էնպիսի՜ զգացողություն ունի: Տղայիս ասում եմ՝ տեսնու՞մ ես: Հա՝ ասում է, բայց երբ որ ասում ես, թե ի՞նչ պիտի դառնա, ասում է՝ չէ, թող բժիշկ դառնա: Նույնիսկ, որ տղայիս շատ լավ գիտեմ, մեր տան մեջ է մեծացել, նստել, հետը նկարել ենք և այլն, էսօր ինքը կարող ա դեմ լինի դրան»:
Շատ տարիներ անց մի բժիշկ՝ Քեշիշյան ազգանունով, գուցե ասի՝ սա իմ վերջին վիրահատությունն է ու գնա պատճառներ ու լուծումներ գտնելու։

Մեզ ասում են՝ ոչ։
Մենք չենք լսում։
«Մարդիկ մտածում են՝ մենք տարօրինակ ենք: Հա՛, տարօրինակ ենք, բայց էդպիսինն ենք մենք»:
Հայրս մտածում էր, որ ես չպիտի դառնամ ոստիկան, դա աղջկա տեղ չի, ինձ տարօրինակ հայացքով կնայեին։ Հասմիկ Մխիթարյանի հայրը նույնն էր մտածում՝ պարզապես դերասանի մասնագիտության մասին։ Ես ոստիկան չդարձա, Հասմիկ Մխիթարյանը դերասան է։
«Իմ հայրիկը բարկանում էր, ասում էր, որ էդ քեզ համապատասխան մասնագիտություն չէ. դու էդպես չես կարող երկար շարունակել. չէ՞ որ դու աղջիկ ես։ Էդ խոսակցությունները ինձ շատ նեղացնում էին։ Ես համարձակություն ձեռք բերեցի ու մի օր նստեցի, հայրիկիս ասեցի, որ ես ուզում եմ գնալ, որովհետև հասկացել եմ, որ չեմ կարողանում առանց էդ ամեն ինչի: Էդ նաև օգնեց մեծանալ և կոնկրետ հասկանալ՝ արդյոք ես դա ուզում եմ, թե ոչ»:
Մայրն աջակցեց, հայրը հասացավ, և պարզվեց, որ սա հեշտ կյանք չէ։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհին դեռ շատ կարծրատիպերի ու խնդիրների բախվեց։
Գրեթե 8 տարի Հասմիկ Մխիթարյանը գնում է աշխատանքի, որից գնալու միտք դեռ չունի։

Մեզ ասում են՝ ոչ։
Մենք լսում ենք։
Բայց անում ուզածի պես։
«Արդյո՞ք պետք է վախենալ փոփոխություններից: Միանշանակ պետք է ասեմ, որ ոչ: Ոչ մի փոփոխությունից վախենալ պետք չէ»:
Լիլիթ Այվազյանը վստահ չէր, որ ուզում է մաթեմատիկայի ուսուցչուհի լինել։ Բայց քանի որ առաջարկ-պնդումը մայրիկից էր, որոշումն արդեն կայացած էր համարում։ Նրան ասել էին՝ հարմար գործ է, կաշխատես։ Ասել էր՝ այո։ Հետո պատասխանը փոխվեց, այն էլ՝ մի քանի անգամ։
«Ես ավարտել եմ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը: Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի եմ՝ առաջին մասնագիտությամբ, սակայն իմ մասնագիտությամբ երբեք չեմ աշխատել: Ավարտելուց հետո աշխատել եմ բանկում և մոտ 10 տարի եղել եմ բանկային համակարգում: Ֆիզարձակուրդում էի արդեն, սկսեցի տանից աշխատանք փնտրել ու ծանոթացա ցանցային բիզնեսի գաղափարին: Յոթ տարի աշխատել եմ ցանցային բիզնեսի ոլորտում։ Սակայն հետո ծանոթացա ԱԲ-ի հետ, նեյրոցանցերի աշխարհը ինձ լրիվ գրավեց, և ես դարձա ԱԲ-ի մասնագետ»:

«Լրագրող»՝ ասացի ես, երբ հասկացա, որ «Ոստիկան» ասել էլ չեմ կարող։ Մեր լսարան տարբեր դասախոսներ են մտնում, նրանցից որոշները՝ իրական «Լույսի մարտիկ»։ Բայց ամենամեծ էնտուզիազմն անգամ կարող է փշուր-փշուր լինել՝ անտարբերության պատին բախվելու դեպքում։
«50-60 հոգու համար տեսական գիտելիքներ տալը շատ քիչ ազդեցություն է ունենում հատկապես նրանց վրա, որոնք էդքան էլ հետաքրքրքված չեն սովորելով և առաջինը հարցնում են՝ իսկ քննությունները ո՞նց ենք հանձնելու: Ես հիասթավեցի ու ընդհանրապես դուրս եկա բուհական համակարգից՝ հաշվի առնելով էն փաստը, որ լավ ուսանողների հետ բոլոր դեպքերում առնչվելու եմ»։
Սուրեն Դեհերյանը իմ ֆակուլտետում դասավանդել է – տարի։ Իմ դասախոսը չի եղել։ Մեծ կուրսերի հետ չէր աշխատում՝ այնտեղ անտարբերներն ավելի շատ էին։ Դասավանդում էր 10-15 հոգանոց խմբերում։ Մասնագետը հեռացավ բուհից վստահ՝ հետաքրքրված ուսանողը կփորփրի, կփնտրի, կգտնի իր ուսուցչին։ Այդպես կկառուցվեն գործընկերային հարաբերություններ՝ առանց ավելորդ կեղծիքի։
«Մենք էլ ենք կազմակերպում մասնավոր դասընթացներ, տարբեր ծրագրերով ես էլ եմ դասախոսում, տարբեր սեմինարներին որպես դասընթացավար հանդես եմ գալիս, ու անհնար ա՝ էն ակտիվը, որը համալսարանում կար, չհայտնվի էդ խմբերում, ու իմ ասելիքը իրանց չփոխանցեմ: 4 տարի դժգոհություն եմ լսում ուսանողներից, մեկ էլ վերջում գլխարկներ են նետում, հիացմունք են հայտնում իրանց դասախոսների համար, սիրում են, կարոտում են, չգիտեմ ինչ․․․»։

Ես ասել եմ այո:
Հիմա ասում եմ いいえ (ոչ):
Ես Երջանիկ Հարությունյանն եմ, ով որոշել էր չդառնալ միկրոֆոնը ձեռքին մարդկանց հետևից վազող լրագրող։ Ոստիկան ևս չեմ դառնա․ եթե բավականաչափ ուզեի, պիտի որ արդեն համազգեստով լինեի։ Մի քանի ամիս անց ինձ կտրվի դիպլոմ, որը կհավաստի իմ լրագրող լինելը։ Ես այն կվերցնեմ ու կգնամ ճապոներենի դասերի, կդառնամ ճապոնագետ։
こんにちは。(Բարև ձեզ) 元気ですか?(Ինչպե՞ս եք)
Ես վստահ էի իմ այս որոշման մեջ, մինչև չգնացի Արամ Աբրահամյանի մոտ հարցնելու՝ թե ինչը կարող է ինձ պահել լրագրության մեջ, իրականում նկատի ունենալով, թե ինչն է իրե՛ն այսքան երկար պահել։
Ասաց՝ լրագրողները խաղի կանոնները խախտող մարդիկ են։ Եվ իմ հաստատուն որոշումը սկսեց սասանվել:
«Ենթադրենք՝ ես մտնում եմ դպրոց, ուզում եմ ուսուցիչ աշխատել, և ենթադրենք՝էդ դպոցում ընդունված է երեխաներին ծեծել, իսկ ես կարծում եմ, որ երեխաների վրա չի կարելի ձեռք բարձրացնել: Ես կա՛մ հարմարվում եմ այդ համընդհանուր հասարակական կարծիքին, ինքս էլ սկսում եմ ծեծել, կա՛մ դուրս եմ գալիս, որովհետև անհասկանալի պայմաններ են, կա՛մ մնում եմ՝ պահպանելով իմ սկզբունքները»:
Ես ստիպված էի գրել այս նյութը։ Համալսարանն ավարտելուց համար պիտի փորձաշրջան անցնեի, փորձաշրջանն անցնելու համար՝ գրեի մի բան։ Այս նյութի առաջին նախադասությունը ես գրել եմ մեկ շաբաթ առաջ։
Սա փորձ էր հասկանալու իմ ու բոլոր նրանց խնդիրը, որոնք ստիպված են եղել 17-18 տարեկանում որոշել՝ ով են ուզում լինել այս աշխարհում, առանց մի կարգին հասկանալու՝ ինչպես է աշխատում այս աշխարհը։ Իմ ընտրությունն ու այս խաղի կանոններն ինձ դուր չէին գալիս և ես որոշել էի գնալ՝ դրանք մի կարգին խախտելուց հետո։
Բայց
Մի վերջին անգամ, ես Երջանիկ Հարությունյանն եմ, ով մեկ շաբաթ առաջ մտածում էր, որ այլևս չի զբաղվելու լրագրությամբ ու փնտրում էր պատասխաններ։
Ինձ դուր եկավ այս ճանապարհը։ Ես այն կրկին կանցնեմ։
Սա հեռացումի նամակի փորձ էր, փնտրտուք, հարցերի հասցեատերերի ընտրություն, զրույց ու վերլուծություն, ինչ ասեք՝ բայց հաստատ ոչ իմ վերջին աշխատանքը լրագրության մեջ։
Ես ուզում եմ գրել ու գրելու եմ՝ իմ, ձեր, ու մի երրորդ անձի մասին։
Թեկուզ ճապոներենով։



