
Հնագետն աղբ գտնելիս իրեն երջանիկ է զգում։ Խոսքը մեր ժամանակների մարդու ստեղծած աղբի մասին չէ․ մեր աղբը հիմնականում անպետք է: Բայց կա այնպիսին, որը վավերագրություն է հազարամյակների լռության ու նրանց մասին, ովքեր կորել են ժամանակի փոշու մեջ, որը պատմության մնացորդ է, պատմամշակութային ժառանգություն։
«Պատկերացրեք մի հասարակություն, որը տևական ժամանակ ապրում է մի տարածքում, իր սննդային մշակույթն ունի, իր զբաղմունքները ունի և այլն, ու ունի մի տարածք, որտեղ անընդհատ լցնում է իրեր կամ նյութեր, որոնք իրեն այլևս պետք չեն այդ պահի համար, որովհետև կոտրվել են, վնասվել են և այլն»։
Պատկերացրեք նաև, որ մարդը հեռանում է իր միջավայրից։ Այդ տարածքը դարերի ընթացքում ծածկվում, մնում է հողի տակ։ Հնագետների մի խումբ մի օր սկսում է փորել ու գտնել աղբահոր՝ իրական վկայություն անցած դարերի մասին։ Մի իսկական երջանկություն։ Հնագետ-մարդաբան Հասմիկ Սիմոնյանը աղբին ամենավեհ՝ «մարդկային հայելի» ձևակերպումն է տալիս։

Եվ առհասարակ, ցանկացած բան, ինչը հիմա ստեղծվում ու պահպանվում է, մի օր անցյալի թարգմանիչ է դառնալու, բայց ապագայի այն մարդիկ, որոնց համար մեր ներկան անցյալ է լինելու, թարգմանելու են մեր պատմությունը իրենց հայտնի իմաստներով ու բառերով։
«Պատկերացրեք, գալիս է մի հասարակություն, որ ուսումնասիրում է մեզ, իրենք ի՞նչ պատկերացումներ կունենան, եթե մարդը կարողանա պահի գիտելիքի պաշարը, պարզ է՝ խնդիրներ չի ունենա, բայց եթե պաշարը չպահի, մեր այսօրվա վարքի, ծեսերի, մոտեցումների, հագուստի, ուտելիքի, ամեն ինչի մասին իրենց պատկերացումները կարող են փոփոխվել»։
Ամեն անգամ, երբ քլիք ենք անում «save» կոճակին, մեզ թվում է, թե փրկում ենք ինֆորմացիան։ Իրականում որոշողը մենք չենք։ Էլեկտրականություն, սերվերներ, ծրագրային ապահովում սրանցից է կախված՝ ինչ տեղի կունենա մեր ստեղծածի հետ։
Թվում է՝ այստեղ ամեն ինչ հավերժ է։ 10 քայլը մեկ մի քանի դար հետևում ես թողնում։ Այս սրահում, օրինակ, մի ամբողջ հավերժություն է տեղավորվել ու ժամանակի մեջ լողալու համար հայացքը մի քանի սանտիմետր տեղաշարժելը հերիք է։ Մատենադարանում տեղավորվում են բոլոր ժամանակները, և ժամանակ գոյություն չունի։

Բայց այս սրահներում պահպանվող 23 000 ձեռագրերից, պատառիկներից ու հմայիլներից քանի՞սը գոյություն կունենան որոշ ժամանակ անց, հավերժության այս զգացումն իրակա՞ն է։
«Կողմնակի» մարդիկ հիմնականում այս գրքին չեն դիպչում․ այն 400 տարի առաջ է գրվել։ Եթե ծնված լինեի այդ թվականին, 18 անգամ հասցրած կլինեի ապրել այն կյանքը, որն արդեն ապրել եմ։
-Նայեք՝ ինչպես է կազմարարը մտածել փականների մասին, ինչ հետաքրքիր լուծում է գտել։ Այստեղ արդեն հետաքրքիրը շարունակվում է։ Սա 17-րդ դարի տպագրություն է։ Տեսեք՝ ինչքան մանր է, բայց ինչքան լավ է։ Տեսնու՞մ եք․․․

Առաջին հայացքից չի հասկացվում՝ գիրքը ոսկեփա՞յլ է, թե՞ արծաթափայլ։ Քարերի բազմազանությունը տպավորություն է ստեղծում, որ սեղանից բարձրացնել անգամ չեմ կարողանա։ Բայց պարզվում է՝ բազմաթիվ սրբապատկերները ոչ թե ծանր դետալների, այլ ուռուցիկ կազմի միջոցով են ստեղծվել։ Ձեռքիս այս գրքից էլ ոչ մի տեղ չկա։ Մատենադարանի գրեքերն իրար չեն կրկնում․ նույնիսկ նույն հեղինակի ամեն աշխատանք եզակի շապիկ ունի։
Տարիներ շարունակ այս գրքերը հնարավորինս քիչ մարդկային ձեռքի են հանդիպել, որ չփչանան։ Այժմ սարքին են հանդիպում, որ անմահանան։
Այն շատ աչքերով փոքրիկ ռոբոտ է։
Մատենադարանի ժառանգությունը թվայնացնող սարքը մոխրագույն եռանկյունաձև մարմին ունի, առջևի մասում՝ 5 «աչք-տեսախցիկ», որոնք շոշափում են անհարթ, մետաղյա թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով զարդարված կազմերը, պատկերում դրանք բոլոր մանրամասներով։ 10 րոպե, մոտ այդքան ժամանակ եմ ես ծախսում մեկ բաժակ սուրճ խմելու, սարքը՝ մեկ գրքի կազմ անմահացնելու համար։ Անշունչ սարքն այս գործն անում է Մատենադարանի թվայնացման բաժնի աշխատակից Մարգարիտայի Կարապետյանի ձեռքին։

«7 տարի այստեղ ավելի շատ տեխնիկական աշխատանք է իմը եղել, հիմա ֆիզիկապես հպվում եմ ձեռագրերին, ինչը նաև մի հաճելի գործընթաց է և յուրահատուկ գործընթաց է։ Մատենադարանցիները սիրում են իրենց աշխատանքը հենց այս յուրահատկության, ձեռագրերի, արխիվի հետ կարծես թե հանդիպում ես այն ամենին, ինչ եղել է դարեր առաջ և դա մի յուրահատկություն է, որը բոլորիս կապում է ուժեղ Մատենադարանի հետ»։
Մատենադարանի պահոցում աչքին ու ձեռքին անսովոր մոտ 600 կազմ կա, ամեն մեկը՝ վկայություն ու հայագիտական ուսումնասիրությունները մեկ քայլով առաջ մղելու հնարավորություն։ Հիմա արդեն ուսումնասիրողը դրանց դիպչելու կարիք չի ունենա, կկարողանա հանգիստ աշխատել եռաչափ մոդելի հետ՝ բացառելով տառցիորեն անկրկնելի գիրքը վնասելու ռիսկը։

3D սքաները Մատենադարանի save կոճակն է, որ սեղմում ենք ու կարծում, թե փրկեցինք պատմությունը։ Իսկ եթե Էլեկտրականությունը, սերվերները, ծրագրային ապահովումը այլ պլաններ ունենա՞ն։
«Վիրտուալ աշխարհի գիտելիքը էնպես չի, որ միշտ հնարավոր է պահպանել»,- ասում է Հասմիկ Սիմոնյանը։
Նա կասկածով է վերաբերվում թվայնացման դարաշրջանին, և, ասում է՝ դրա համար հիմքեր ունի։ լավ գիտի, որ յուրաքանչյուր քաղաքակրթություն ունի իր խոցելի կողմերը, և մերն առանձնանում է մի յուրահատուկ պարադոքսով․ թվայնացնում ենք մեր գիտելիքը կարծելով, որ այդպես այն ժամանակի ընթացքում չի վերանա, բայց ստեղծում ենք այն մեկ քլիքով վերացնելու ռիսկ։
«Վիրտուալ աշխարհի գիտելիքը շատ ավելի հեշտ կարող է ոչնչացվել, քան նյութականները։ Իհարկե, չեմ ասում՝ հիմա վերցնենք շենքերի պատեր, ու սկսենք պատերի վրա գրել ամբողջ ինֆորմացիան, բայց, երևի, հեռահար ինչ-որ մտքով կամ գաղափարով կարելի է նաև նման բաների մասին մտածել։ Միգուցե մի փոքր մոտեցումներ է պետք փոխել, որ գիտելիքի պահպանողը ոչ թե դառնա ինչ-որ մի համակարգ, այլ հենց ինքը մարդը»։
«Մենք երբ պեղավայրում ինչ-որ բան ենք գտնում, ու չգիտենք՝ ինչ է, այդպես ժամերով կարող ենք նստել, ինչ-որ տարբերակներ առաջարկել, առաջարկել այնքան, մինչև որ հասկանանք կամ մինչև որ ինչ-որ տեղից գտնենք։ Բայց մեր համար հիմա ամեն ինչ շատ ավելի հեշտ է, որովհետև մեր նախկին կոլեգաները ինչ ասես գտել են, ու շատ-շատ բարդ է հիմա ինչ-որ բանի մասին ինֆորմացիա չունենալը»։

Մարդկությունը նոր գիտելիք ստեղծեց, ավելացրեց դա արդեն գոյություն ունեցողին։ Կառուցվեց ինֆորմացիայի աշտարակ։ Հնագետ Մարիամ Սարիբեկյանն այդ աշտարակի վրա կանգնած այն մասնագետներից է, որոնք նախորդների փորձի շնորհիվ աշխարհն ավելի լայն տեսնելու հնարավորություն ունեն։ Անցյալի գիտնականների ստեղծած այդ հնարավորությունը և ներկայի գիտնականների աշխատանքը նրա համար է, որ ապագայի մարդը կարողանա ճանաչել մեզ։ Իսկ եթե մի օր․․․
Մտավարժանք. պատկերացրեք մի իրականություն, որում էլեկտրականությունը, սերվերները, ծրագրային ապահովումը որոշել են, որ բավ է, էլ չեն աշխատելու։ Մարդկությունը կորցրել է կուտակած ողջ գիտելիքը՝ թե՛ վիրտուալ, թե՛ գրավոր ժառանգությունը։ 10,000 տարի անց հնագետները գտել են աղբահոր ու երջանիկ են։ Աղբահորում մեր ներկայիս սովորական իրերն են, ասենք՝ սելֆիի ձող, անլար ականջակալ սուրճ պատրաստող մեքենա։
— Եթե մենք լինեինք ու գտնեինք սելֆիի ձող, կարծում եմ շատ բազմազան կարծիքներ կլինեին, բայց դժվար մտածեինք, որ լուսանկարչության համար է։ Ենթադրում եմ, որ ինչ-որ պահի ապագայի հնագետները կգան այն եզրակացությանը, որ սելֆիի ձողը ինչ-որ տեխնիկական բան անելու համար է։ Ենթադրում եմ, որ առաջինը կմտածեին՝ ինչ-որ բան հենելու համար է։
— Դա սելֆիի ձողը, իսկ անլար ականջակալների մասին ի՞նչ կմտածեին։
— Երբ փորձում ես վերանալ քո ունեցած ինֆորմացիայի բազայից, որ ունես քո մտքում, և գիտես, թե ինչի համար ա դա գտագործվել իրականում։ Առաջին բանը, որ իմ մտքին կգար, ենթադրում եմ, որ դա եղել ա կախազարդ, որովհետև մենք շատ ենք գտնում ուլունքներ, առարկաներ քարից կամ մածուկից պատրասված իրեր, որոնք հենց ականջակալի տեսք ունեն։
— Իսկ սուրճ պատրաստելու ապարատների մասին ի՞նչ կմտածեին։
— Օ՜, դա արդեն շատ բարդ խնդիր կլիներ։ Ամենային հավանականությամբ, ինչ-որ պահի կգային այն կետին, որ դա եղել է ինչ-որ բան պատրաստելու համար, իհարկե շատ կտանջվեին, բայց կգային»։
Հարյուրավոր տարիներ առաջ ձեռագրերի վարպետները ոսկեզօծում էին բառերը, քարերով զարդարում կազմերը՝ հավատալով, որ իրենց ստեղծածը հարատևելու է։ Այսօր մենք թվայնացնում ենք պատմությունն ու կարծում՝ հարատևելու է։ Իսկ ի՞նչ, եթե իրականում պատմությունն է թվայնացնում մեզ՝ վերածում անցողիկ կոդի, որը վաղը կարող է անընթերնելի դառնալ։



