Մեր արտադրանքըՍա քեզ դուր կգա

Երևանյան խցանումները՝ վարդանիձորցի Էլեոնայի ձեռքում․ տրագիկական ռեալիզմ 3 գործողությամբ

Հողապատ այս փողոցը ոչ ասֆալտ է տեսել, ոչ մեքենա։ Էլեոնա Ջերբետովան տնից  կանգառ հասնելու համար ոտքերից բացի ոչնչի վրա հույս չի կարող դնել։

«Տաքսիի տարբերակն էլ չի աշխատում։ Կրկին ստիպված եմ լինում այդ ճանապարհը ոտքով անցնել։ Մեքենաները հրաժարվում են գյուղ բարձրանալ, նույնիսկ եթե ավել գումար եմ վճարում»։

Հանդիպումը նշանակված է ժամը 9-ին։

Էլոնան հասնում է 10։15։

Վարդանիձորցի Էլեոնան իր անասֆալտ-անմեքենա փողոցից Երևան է գալիս՝ խցանումների հարցը լուծելու։ 2022-ին միայն ինքն է հետաքրքրվել ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման հարցերով ու համալսարան ընդունվել՝ այդ մասնագիտությունը սովորելու: 2026-ին այս ոլորտը միայն մեկ համալրում կունենա։

«Ճիշտն ասած, սկզբից մի քիչ անսովոր էր․ դասախոսը ուղարկեց մատյանի հետևից, գնացի, վերցրի, ճանապարհին բացեցի, տեսա, որ այդ խմբի միակ ուսանողը ես եմ․ միայն իմ անունն էր գրված։ Առանց ներկա-բացակա անելու նրանք տեսնում էին, որ խումբը լիարժեք է․ նայում էին ինձ ու «պտիչկան» դնում էին»։ 

***

Երևանի խնդիրը խցանումներն են։ Ենթադրվում է, ֆակուլտետում ամեն տարի տասնյակ ուսանողներ լուծումներ պետք է առաջարկեն, ասենք՝ դիպլոմային աշխատանք տեսքով։ Սա տեղի չի ունենալու։

Լավ նորություն՝ սրա նման մի բան արդեն տեղի ունեցել է, վատ նորություն՝ այն այժմ երևում է ոչ թե Երևանի փողոցներում, այլ թղթերի վրա․

Նախագիծ՝ ոչ թե փողոցում, այլ թղթի վրա N1․ «Կենտրոնը՝ հետիոտն գոտի»․

Ըստ այս նախագծի՝ երթևեկությունը խրվում են գետնի տակ, սահուն անցում կատարում երկու հարթություններով, իսկ գետնանցումից վեր՝ կանաչ հրապարակ, հետիոտն գոտի։  

Ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանը և Գուրգեն Մուշեղյանը խելք խելքի են տվել հասկանալու, թե ինչպես մեքենաներից բեռնաթափել կենտրոնը։ Պողոսյանը ներկայացնում է․

«Մենք Ֆրանսիայի հրապարակի վերակառուցման ծրագիր ենք նախագծել։ Հրապարակը, որը խաչմերուկ է, կենտրոն է դառնում, փողոցները՝ Մաշտոցը, Բաղրամյանը և Սայաթ-Նովան, մտնում են գետնի տակ։ Այդ հնարքով ավտոգծերը ազատվում են, լուծվում է տրանսպորտային խնդիր։ Հրապարակը դառնում է հետիոտն գոտի՝ մեծ այգի։ Դա հետագայում կարելի է կապել Կասկադի հետ, հակառակ կողմով էլ հրապարակը կհասնի մինչև Հյուսիսային պողոտա։ Ստացվում է այնպես, որ ամբողջ կենտրոնական մասում լինում է մեծ հետիոտնային գոտի»։

Էլեոնան Երևանը խցանումներից ազատելու նոր ծրագիր դեռ չի մշակել։ Կար ժամանակ, երբ ֆակուլտետի առաջին դեկան, այժմ՝ դասախոս Հենրիկ Քոչինյանը ուսանողներին հանձնարարում էր դա անել․

«Մի քանի տարի առաջ ես հաճախ իմ դիպլոմնիկներին թեմաներ էի տալիս, ասում էի, որ ուսումնասիրեն տրանսպորտային հոսքերը տարբեր օրերի, տարբեր ժամերի և առաջարկություններ ներկայացնեն, թե ինչպես կազմակերպել երթևեկությունը: Այս վերջին երկու տարում նման հանձնարարություն չեմ տալիս, քանի որ ուսանողներիս մոտ չզարգացավ այդ ցանկությունը»։ 

Չափումներ անելը չափումներ անելու համար համալսարան եկած ուսանողի ցանկությու՞նը պետք է լինի։ Արդեն դասախոս Հենրիկ Քոչինյանը կարծում է, որ ուսանողը հեռանկար չի տեսնում։ Նրա մոտ հարց կա՝ որտե՞ղ է աշխատելու։ Ճիշտ այնպես, ինչպես իր մոտ հարց կա՝ Երևանը բեռնաթափելու իր նախագիծը ինչու՞ չի աշխատում։

Նախագիծ՝ ոչ թե փողոցում, այլ թղթի վրա N2․ «Մետրո «Երիտասարդական»․ նոր տրանսպորտային հանգույց»    

Հենրիկ Քոչինյանը, ով նախկինում Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարն էր, խցանումների հաղթահարման բանալին մեքենաների բանալիները տանը թողնելն է համարում։ Իր նախագծով այլընտրանք՝ լավ տրանսպորտային համակարգ էինք ունենալու․

«Ճիշտ տրանսպորտային սխեման իմ պատկերացմամբ հետևյալն է․ գտնե՛լ այն բյուրեղացման կենտրոնները, որտեղ կարելի է բոլոր տրանսպորտային միջոցները բերել, իջեցնել գետնի տակ, մետրոպոլիտեն տեխափոխել, թեթևացնել քաղաքը։ Մենք պետք է ունենանք ուղևորների շրջանառության կետ, այն է մետրո «Երիտասարդականը»։ Նորքից, Ավանից հսկայական հոսքեր ունենք։ Եթե «Երիտասարդականը» դարձնում ենք տրանսպորտային մեծ հանգույց, բոլոր ավտոբուսները, տրոլեյբուսները այդտեղ վերջնակետ են ունենում, մարդիկ ուղևորությունը շարունակում են մետրոյով։ Նման հանգույցներ ստեղծելով մենք կկարողանանք քաղաքի մի ծայրից մյուս ծայրը գնացող անիմաստ երթուղիները կրճատել»,- ասում է Քոչինյանը։

***

Էլիոնան իր գյուղում՝ մեքենայի բացակայությունը, Երևանում՝ մեքենաների առատությունը հաղթահարելով հասնում է Տերյան փողոց։ Սեղմում «կանչովի» լուսացույցի կոճակը, տեսնում «90 վայրկյան», արհամարհում վերջին 50 վայրկյանն ու անցնում․ մեքենա չկա, դասից ուշանում է։

Նախագիծ՝ ոչ թե փողոցում, այլ թղթի վրա N3․ «Լուսացուցային ավտոմատ կառավարում»

Սեղանին դրված են Երևանի բոլոր մայրուղիների խաչմերուկները՝ գծագրերով։ Սեղանի առջև Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկանն է՝ Վալերիկ Հարությունյանը։ Թերթում է իր գծագրերը, կատարած հաշվարկների ձեռագրերը։ Խաչմերուկների գծագրերից մեկն առանձնացնում է։

«Լուսացուցային կարգավորման օրինակ եմ բերել Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի համար։ Այս խաչմերուկում լուսացուցային կարգավորման ցիկլի տևողությունը 73 վայրկյան է։ Հաշվարկել եմ՝ արդյոք կբավարարի խաչմերուկի թողունակությունը, երբ բոլոր գոտիները հստակ աշխատում են։ Հաշվարկները ցույց են տվել, որ խաչմերուկների թողունակությունը կբավարարի, եթե բոլոր ուղություններով բոլոր գոտիները հստակ աշխատեն, գործեն։ Իսկ եթե բոլոր ուղություններով աբտոմոբիլներ կան կանգնած, ապա խաչմերուկը չի բավարարում տվյալ ինտեսիվությանը, արդյունքում ունենում ենք բոլոր ուղություններով տրանսպորտային հերթեր։ Սա նրա արդյունքն է, որ եզրային գոտիները զբաղեցրած են»։

«Երթևեկության ավտոմատ կառավարման համար անհրաժեշտ են պայմաններ․ անհրաժեշտ գոտիներ պետք է լինեն երթևեկության համար, գոտիների համապատասխան լայնություն պետք է ապահովենք։ Այս աշխատանքները կատարելու դեպքում լուսացույցերի ադապտիվ, ճկուն կառավարումը շատ արդյունավետ կլինի»,- ասում է Հարությունյանը։

Էլեոնայի հետ հանդիպումը նշանակված է ժամը 9-ին։ Հասնում է 10։15։ Խցանումներից չի տխրել։ Չի տխրում նաև, որ «միանձնյա խումբը» դասերն անելու համար «կցվում է» մե՛կ ճարտարագետների, մե՛կ ինժեներների խմբերին։ Ամեն ինչ հուշում է, որ մի քանի տարուց քաղաքը բեռնաթափելու պատասխանատվությունն իր ուսերին է դրվելու։ Սակայն․․․

2026 թվական։ Ֆակուլտետի շրջանավարտ Էլեոնա Ջերբետովան գերազանցությամբ պաշտպանում է դիպլոմային աշխատանքը և ․․․ գնում Վարդանիձոր։

Սկզբում՝ հաղթահարում Երևանյան խցանումները, հետո՝ յոթժամյա ճանապարհը, հետո իր անասֆալտ փողոցով քայլում դեպի տուն տաքսին գյուղ չի բարձրանում։

«Իմ բոլոր հեռանկարներ կապված են իմ ծննդավայրի հետ, ուսումս ավարտելուց հետո վերադառնալու եմ Սյունիք և այնտեղ աշխատեմ։ Մեղրիով ճանապարհ է անցնելու․ մասնագետներ պետք կգան։  Շատ եմ լսել, թե ինչպես են ուղևորները բողոքում Երևանի տրանսպորտային ցանցից, իհարկե, կուզեի այստեղ էլ աշխատել, բայց ինձ թվում է՝ սպասեն ուրիշ մասնագետների»։  

+1
25
+1
0
+1
3
+1
0
+1
5
+1
0
+1
2

Մարիամ Բաղդասարյան

Լրագրող էի, ով կինոն ավելի շատ էր սիրում։ Հեղինակային ֆիլմ նկարահանեցի, Գերմանիայում վավերագրական ֆիլմի նկարահանումների մասնակցեցի ու ավելի սիրեցի կադրը: Փորձում էի սովորական ամեն բան անսովոր նկարել։ Լուսանկարում էի ու ձայնի կարիք զգացի։ Սկսեցի երաժշտություն սովորել, մի քանի տարի անց հասկացա, որ երաժշտությունը սովորելու բան չէ, իմանալու բան է։ Հիմա լրագրող եմ: Այստեղ կինո էլ կա, ֆոտո էլ, երաժշտություն էլ:

Նմանատիպ հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button