Թվային դայակ․ Ձեր ընտանիքի նոր անդամը

— Սիրի, Ես Մաշան եմ, կարո՞ղ եմ քեզ հետ ծանոթանալ։
— Ոչ, շնորհակալություն։ Եթե կարող եմ ուրիշ բանով օգնել՝ ասեք։
8-ամյա Մարիի և «Սիրի» հարց-պատասխանիչի առաջին ծանոթությունն այնքան էլ հաջող չէր․
— Սիրի, իսկ դու կարո՞ղ ես քո մասին պատմել։
— Ես այս հարցի պատասխանը չունեմ։ Գուցե կարող եմ Ձեզ ուրի՞շ ինչ-որ բանով օգնել։
— Սիրի, իսկ ինչու՞ դու չես ուզում ինձ հետ ծանոթանալ։
— Ես այս հարցի պատասխանը չունեմ։ Գուցե կարող եմ Ձեզ ուրի՞շ ինչ-որ բանով օգնել։
Մարդկային լեզվով՝ Սիրին տրամադրություն չունի։ Տեխնիկայի լեզվով՝ Սիրին չի թարմացվել։
Ի տարբերություն Սիրիի, ավելի երիտասարդ արհեստական բանականությունը՝ Chat GPT-ն, ավելի մարդամոտ է։ Նա գոնե արդարանում է։


Տարիներ առաջ արհեստական բանականության հետ խոսքուզրույցը նույնքան անկատար էր, որքան այժմ Սիրիի հետ շփումն է։
— Սիրի, իսկ դու նայե՞լ ես «Гравити фолз» մուլտֆիլմը։
— Ահա թե ինչ հաջողվեց գտնել ինտերնետում․․․
— Ես սա նայել եմ, ես քեզ եմ հարցնում․․․
Բայց զարգացումը ոչ ոք չի բացառել․ վաղը Սիրին, Ալիսան, Chat GPT-ն, Google-ը, Youtube-ը, բոլոր այն հավելվածնները, որոնք անցան ձեր մտքով կամ նույնիսկ դեռ չկան, փոխարինելու են ձեզ։ Նույնիսկ և հատկապես երեխա դաստիարակելիս։
***
Վազգեն Բադալյանը մասնագիտական փորձը ներդրել է, որ իր երեխան էլ իրենից հեքիաթ լսելու կարիք չզգա։ Մի օր ծնողները հասկացել են, որ չեն ուզում իրենց երեխան իմանա՝ ինչպես է գայլը Կարմիր գլխարկի տատիկին ուտում կամ ինչպես են աճում կռնատ աղջկա ձեռքերը։ Լուծում միշտ էլ կգտնվի, երբ դու ծրագրավող ես, կինդ՝ հոգեբան: Այսպես ստեղծվեց «Նավակ» հավելվածը, որով երեխան ծնողի հետ (գուցե առանց նրա) հեքիաթներ կլսի, առաջարկված տարբերակներից իր սրտով վերջաբանը կընտրի։
«Ծնողն ու երեխան միասին կարճ ժամանակահատվածում կարող են ստեղծել հեքիաթներ, որոնք հիմնված են ինչ-որ աժեքի կամ իրավիճակի վրա: Օրինակ՝ ծնողը մտնում է մեր ծրագիր և ուզում է հեքիաթ ստեղծել, ընտրում է իր երեխայի սիրած կերպարը, ասենք՝ նապաստակ: Հետո ընտրում է արժեքը, ասենք՝ ընկերություն, բարություն։ Կարող է լինել ինչ-որ իրավիճակ, ասենք՝ երեխան պետք է բժշկի գնա: Երեխան հեշտությամբ կգնա ատամնաբույժի, եթե տեսնի, թե ինչպես է դա անում իր սիրելի հերոսը: Մենք ուզում ենք ստեղծել բարձր որակի հեքիաթների պլատֆորմ, որին ծնողները կվստահեն»։
Վազգենը, ով արհեստական բանականության նախատիպին իր տուն է բերել, զգուշացնում է՝ սա կարող է վտանգավոր լինել․
- Որակ․ ո՞վ ասաց, որ այնտեղ ամեն ինչ ճիշտ է
- Մեկուսացում․ տա՞մ հեռախոսս, զբաղվի
- Անվտանգություն․ թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանը կորոշի բանականությունը․ ոչ ձեր։


Հանրային Ռադիոյի «Արևիկ» ռադիոկայանի գործը ծնող-ունկնդիրների գործը հեշտացնելն է։ Այստեղ երեխային անհրաժեշտ ամենակարևոր բովանդակությունը ձայն է դառնում, ժամանակակից տեխնոլոգիաներով հասնում նրան։ Բարդ օպերացիայի հետևում Կարինե Գևորգյանն է։ Սկզբում ժամանակի ժամանակակից տեխնիկայով՝ ռադիոընդունիչով, հիմա՝ նաև հեռախոսներով հասանելի ալիքը և՛ հեքիաթ կպատմի, և՛ խորհուրդներ կտա, և՛ ժամանց կապահովի։
Ունկնդրի համար խոսողը սարքն է, բայց որպեսզի սարքն ասելիք ունենա, մարդը պետք է հուշումներ անի։ Կարինե Գևորգյանը իրականություն-թվային աշխարհ սահմանագծին է։
«Ամեն դեպքում ես կարծում եմ, որ մարդիկ ինչ-որ օժտվածությամբ են աշխարհ գալիս, և հնարավոր չէ, որ միայն գործիքի միջոցով ստանան լավ տեքստեր։ Իրենք կստանան ճիշտ տեքստեր, գուցե թվային աշխարհի գործիքներից օգտվելով կստանան ավելի փաստարկված տեքստեր։ Գուցե։ Բայց մի բան կբացակայի»։
Chat GPT-ն այլ կարծիք ունի։ Կարևորը գաղափարն է․ գաղափար տալ կարողանում է։ Հեռու չէ այն օրը, երբ այս տեքստն իմ փոխարեն ինքը կգրի։ Եվ գուցե Ռադիո «Արևիկ»-ում էլ մի օր հնչի ոչ թե, ասենք, Քրիստ Մանարյանի, այլ արհեստական բանականության ընտրած/ հորինած հեքիաթը։

-Սիրի, իսկ դու անգլերեն գիտե՞ս,- հարցնում է Մարին։
-Սիրին շատ բան գիտի։
-Ինչպե՞ս կլինի անգլերեն «ջուր»։
-Անգլերեն ջուր կլինի «Water»։
-Ճի՜շտ ես ասում։
-Հաճելի է լսել։

Մարինե Մուրադյանը համբերատար է, բարեխիղճ ու պատասխանատու, երեխաներին էլ սիրում է: Դրա մասին փաստում է դայակի փորձառության երկնիշ թիվը՝ 28 տարի: Ասում է՝ երեխաներն արդեն վաղուց համացանցի մասին իրենից շատ բան գիտեն:
Վիրտուալ աշխա՞րհն է երեխաների կյանք մտել է, թե՞ երեխաները վիրտուալ աշխարհ՝ դժվար է ասել։ Հստակ է այն, որ իրականություն է փոխվել: Մուրադյանն այդ իրականության հետ հաշտ է։
Ռոբոտ-օգնական ունենալու գաղափարից ոգևորվում է, բայց այդ ոգևորությունը հօդս է ցնդում, երբ հարցնում եմ՝ իսկ եթե ռոբոտը ոչ թե օգնի, այլ փոխարինի՞ Ձեզ։
«Ուսուցիչը երեխաներին միայն ինֆորմացիա չի փոխանցում, նա նաև հոգեբանական հետաքրքրություն է մտցնում։ Ես չեմ կարծում, որ այդ հիմքը կարող է ռոբոտը դնել»։
Վաղվա հայտարարություններում պահանջը գուցե նույնը լինի՝ լինել համբերատար, բարեխիղճ և պատասխանատու, սիրել երեխաներին։ Բայց ո՞վ ասաց, որ վաղը ռոբոտը սիրելի չի սովորի։
***
Ծնողների մի մեծ խումբ, եթե նույնիսկ խիստ նորարար է, եթե նույնիսկ աշխատանքային պաշտոնի անձնագրում գրված է «ԵՊՀ Զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր» և տեխնիկայի հետ ջերմ-մարդկային հարաբերություններ ունի, մարտական է տրամադրված․ չի կարելի թույլ տալ, որ ռոբոտը հաղթի ծնողին։
Դայակին վստահում ենք (եթե ծնողին փոխարինելու հավակնություն չունի), թվային դայակի նկատմամբ առանձնապես առարկություններ չունենք (թող երեխան Youtube-ով մուլտֆիլմ նայի)։ Բայց արհեստական բանականություն-երեխա հարաբերությունները դատապարտվելու են այն պահին, երբ գործը հասնի ապրումակցմանը։
«Ռիսկը կախվածության ու էմպատիայի շեմն անցնելն է։ Եթե ես օբյեկտիվորեն օգտագործեմ տեխնիկան երեխայի ինքնազարգացումը խթանելու, այլ ոչ թե իմ սոցիալական գործառույթը փոխարինելու համար, ապա միանշանակ ընդունելի է»։
Չկառավարվող բանականությունը, որը ծնողինը չէ, արհեստական է, բայց հավակնում է դաստիարակել երեխային, ռիսկային է։
***
Սիրին տրամադրություն չունի, բայց երեխաները համառ են։ Մարին դեռ էլի փորձեց հավելվածից մի ընկերավարի բառ լսել։ Չստացվեց։ Բայց երբ հարցրի՝ կուզե՞ս էլի շփվել նրա հետ, դրական պատասխան տվեց։
-Որ անգլերենը չհասկանամ, կասեմ՝ Սիրի, իսկ դու կարող ես բացատրել ինձ էս-էս բառերը, ինքը երևի կասի էլի։ Իրան կասեմ՝ կարա՞ս մի հատ մուլտիկ խորհուրդ տաս, ինքը կասի։
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը երեխա չունի և ուրախ է, որ այսօր երեխա չէ։ Արհեստական բանականության ճաշակին չի վստահում։ Կարծում է՝ այն կարող է վնասել երեխայի աշխարհայացքը։ Թվային դաստիրակություն ստացած երեխաները նման են լինելու թվային տեխնոլոգիաներին, որոնք հարուստ են տեղեկատվությամբ, բայց զուրկ այն վերլուծելու կարողությունից: Երեխան հեշտ, բայց վտանգավոր ճամփա է մտնում:
Թվային դայակը բաժանելու է ծնողին ու երեխային։ Այս հարաբերությունների մեջտեղում կանգնելու է Սիրին, Ալիսան, Chat GPT-ն, Google-ը, Youtube-ը, բոլոր այն հավելվածնները, որոնք անցան ձեր մտքով կամ նույնիսկ դեռ չկան։ Սա վաղվա պատմությունն է։ Այօրվանը դեռ կարող ենք Happy end-ով ավարտել․
-Սիրին կարող է ինչ-որ բան անհասկանալի հասկացնի, մաման ամեն ինչը հասկանալի է ասում։ Կարող է Սիրին սաղ հարցերին պատասխան տա, բայց իմ կարծիքով՝ մամային փոխարինել անհնար է։



