Ամենասարսափելի պահը ցանկացած հզոր մարդու կյանքում. խոստովանություն հրաժեշտից հետո

18-ամյա Աննա Գրիգորյանը աչքերը փակեց, ու հասկացավ, որ վերջը մոտ է։ Դահլիճը լռեց, մարզիչը շունչը պահեց, մրցավարը լարեց ուշադրությունը, հնչեց երաժշտության առաջին նոտա։ Ոչ ոք չգիտեր, որ բարձրացված ձեռքը վերջին անգամ է սկիզբն ազդարարում։
29-ամյա Արամ Հակոբյանի գիպսը նոր էին հանել։ Բոլորը կարծում էին, թե էլ վազել չի կարող։ 2 տարի անց նոր գիպսի կարիք առաջացավ։ Այս մեկը հանելիս չգիտեր, որ իր ոտքով գնում է «խաղակոշիկները մեխից կախելու»։
Արսեն Ջուլֆալակյանը ֆիզիկապես անպարտելի էր։ Երևի մտքով էլ չէր անցնում, որ մի օր կպարտվի էմոցիային։



Սա պատմություն է այն պահի մասին, որից հետո ամենաճկուն, ամենաարագ, ամենաուժեղ մարդիկ էլ այդպիսին չեն։ Մի օր նրանք հասկացան, որ հաղթելը սովորականի պես հեշտ չի տրվում։ Ներքին մի զգացողություն նրանց հուշեց, որ դա ոչ թե հերթական խաղի, այլ սպորտային կարիերայի ավարտն էր։
Սպորտից հետո կյանք կա։ Բայց մեկ անգամ չեմպիոնության համը զգացածը հաղթելը բնավորություն է դարձնում։ Այս մարզիկների սպորտային կարիերան ավարտվել է։ Այժմ Աննա Գրիգորյանը չեմպիոնության է ձգտում Հանրային Ռադիոյի երիտասարդական ալիքում՝ նպատակակետ դարձնելով լավագույն մարզական լրագրողի պատվո հարթակը։ Արամ Հակոբյանը ֆուտբոլի դաշտից չի հեռանում․ պայքարը շարունակում է որպես մարզիչ։ Կրկին հաղթանակին հանդիպելու հույսը իր մարզիկներին հաղթող դարձնելն է։ Արսեն Ջուլֆալակյանն էլ նոր պայքար է սկսել, այս անգամ՝ քաղաքական մրցավազքում։



