Մեր արտադրանքըՍա քեզ դուր կգա

Մահը՝ որոշում, աշխատանք, պատահականություն. դիպուկահար, ռեանիմատոլոգ, դերասան

Մահվան մասին հիմնականում չեն խոսում։
Այս թեմայով հատկապես լռում են այն մարդկանց հետ,
որոնց «մասնակցությամբ» այն եկել է։

Փակ թեմայով Ռադիոտան ստուդիայի փակ դռներից այն կողմ հնարավորինս բաց խոսել է նա, ով մահ է բերել ու չի զղջում, ով մահվան հետ գործնական հարաբերություններ ունի ու անտարբեր է և ում ողբերգության մասշտաբը 2 պատանու մահն է։

Իր լինելը քո ընկերների չլինելն է․ նա, ում որոշումն է մահը

Իշխան Գևորգյան․ ծրագրավորող, ՈՄԱ գումարտակի դիպուկահարների դասակի հրամանատար
44-օրյա պատերազմի ընթացքում զենքն առաջին անգամ բարձրացել է մարդու վրա․սպանել է սիրիացի վարձկանների Կարմիր Շուկայում և Թաղավարդում: Պատերազմից հետո ընկերների հետ ստեղծել է «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը։

Ա Պ Հիշու՞մ եք Ձեր առաջին թիրախին։

Ի Գ Թաղավարդում էինք, դա խորը թիկունք էր: Տեղը չգիտեի, գտա մի աշխարհագրության քարտեզ, մեջը Կարմիր շուկան, Թաղավարդը տեսա։ Ոնց որ հիմա նայենք քարտեզին, տեսնենք՝ Հրազդան են հասել։ Տեսա, որ շատ-շատ են առաջ եկել, հասնում են մեր տներին ու հասկացա` պիտի խփեմ, որ էլ առաջ չգան։

Ես միայն սիրիացիների եմ խփել, ադրբեջանցի խփելու բախտ չի վիճակվել։ Իրենք արաբերեն խոսում էին, «ալլահ ակբար» էին գոռում։ Սկզբից մեզ թվում էր՝ վախեցնելու համար են գոռում, հետո պարզվեց՝ վախից էին գոռում, իրենք իրենց դուխ տալու համար: Խփելու պահին ամենաշատը մտածում էի՝ ինչ եմ զգալու։ Շատ նեղվեցի, որ ոչ մի բանից չնեղվեցի: Կարող է լավ չի, պիտի նեղվեի։ Բայց դու տեսնում ես, որ իր լինելը քո ընկերների չլինելն է։

Այն ժամանակ շատ խեղճ էր մեր վիճակը։ Ես իմ հետ գիշերատեսիլ սարք էի տարել, դրա համար մեր գումարտակում շատ ուժեղ տիպ էի համարվում։ Մնացածը մի ձեռքով նայում, մյուսով մոտավոր կրակում էին։ Երբ գիշերատեսիլը դնում ես զենքի վրա, պիտի ուղղես, կրակես (ռուսերեն выверка է կոչվում), որ բերես էն վիճակի, որ որտեղ նայում է այնտեղ կպնի։ Նոր դրած ժամանակ, պարզ է, ուղիղ չի լինի: էդ չէի հասցրել անել։ Պատերազմի մեջ էլ ինձ հրաձգարան չէին տրամադրելու, որ դզեի․ 10 րոպեանոց գործ է: Էդ սիրիացու վրա էլ դզեցի զենքը․ հենց շարժման ժամանակ մտովի իրեն բաժանեցի 9 կետի՝ վերև, աջ, ձախ, 4 անկյուններ:

«Ախ» ասեց 17-րդ կրակոցից հետո։ Հասկացա, որ (եթե չեմ սխալվում) կպա ներքև ու ձախ։ Հա՛մ իրեն խփեցի, հա՛մ էլ մյուս օրվանից նորմալ աշխատող գիշերային զենք ունեի:

Ա Պ Դիպուկահարը «կինոյի» լա՞վ տղան է, թե՞ վատ։

Ի Գ  Նայած՝ որ կինոյից է։ Ես երբեք չէի ուզի մեկին սպանել, բայց երբ ստիպված ես լինում, արդեն կարևոր չէ: Սա նման է հակեռությանը․ եթե անում ենք, որ Ադրբեջանի լույսերն անջատվեն՝ չհարձակվեն, լավ է, բայց եթե անում ենք հայկական բանկերից մեկի դեմ, լավ չի։ Մեր բախտը բերել է, որ Երևանում դիպուկահարները չեն սպանում։ Ինչ-որ մեկին այդ գիտելիքները փոխանելը պետք է շատ զգույշ անել, վտանագավոր գործիք է։ Ես, ազնիվ խոսք, Հայաստանում մարդ չեմ խփել։ Ուրիշին ինչ-որ բան սովորեցնելու պայմանն էլ սովորածը հայի դեմ չկիրառելն է։

Ա Պ Սովորեցնում եք Ազատազէնում․․․

Ի Գ  Ազատազենը հոգու պարտքն է։ Պատերազմից ետ վերադառնալը ընտրովի չի։ Ես ինձ մղել եմ դժվար տեղերը, բայց այնպես չի, որ ով շատ է ռիսկի դիմել, նա է զոհվել։ Զոհերից շատերը ուղակի տեղ չեն հասել․ ոչ թե թշնամի չեն տեսել, այլ չեն էլ հասել դիրք: Ես ճանապարհին տեսել եմ վառված մեքենաներ, կարող էի ես էլ դրանց մեջ լինել։ Իմ Պիկապը արագ էի քշում էն լոգիկայով, որ վերևից նայող-խփողը մտածելու է՝ էս արագին դժվար է խփել ու չխփի։ Երևի ճիշտ դուրս եկա։ Ու ողջ մնալու դիմաց մի բան պիտի արվեր։

Կարող է իմ կյանքում էլ պատերազմ չլինի (այդպես չեմ կարծում), բայց անկախ նրանից, թե ինչ կլինի, բոլոր ողջ մնացածները մի միսիա պիտի ունենան։ Ես ընկերներիս հետ իմ վրա ազգին կրակելուն մոտեցնելու միսիան եմ վերցրել, որ մոբի «10 տարի է՝ չենք կրակել» վիճակը չլինի։

Եվ հատուկ ուզում եմ նշել, որ ես ու բոլոր մյուս քաղաքացիականները, ինչքան էլ լավ կրակենք, սիրողական դիպուկահարների թևն ենք։ Ողջ փառքն ու պատիվը պետք է տալ բանակի գործող դիպուկահարներին։ Այդ մարդիկ են առավոտը զարթնում, գնում դիպուկահարության: Ես գնում եմ ծրագրավորման, դիպուկահարությամբ զբաղվում եմ գործից դուրս՝ որպես մարզում։ Մեկ էլ, երբ պետությունը կանչի:

2 ելք, մեկը՝ դիահերձարան․ նա, ում աշխատանքն է մահը

Հայկ Հովհաննիսյան․անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել ուսանողական տարիներից։ Այժմ դասավանդում է ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնում։ Առաջին տեսած մահը չի հիշում․ այն Հայկի համար հերթական վիճակագրություն է։

Ա.Պ. Օրեր առաջ պիտի հանդիպեինք, ասացիք՝ հարմար չի, էլի «մահ եմ փակում»: Ի՞նչ է դա նշանակում:

Հ.Հ. Սովորաբար մահերը լինում են վերակենդանացման բաժանամուքնում, որտեղ ես աշխատում եմ: «Մահ փակել»-ը նեղ մասնագիտական տերմին է։ Մարդու մահից հետո դու ունես գործողությունների երկար շարք՝ սկսած մահվան լուրը պացիենտի հարազատին հայտնելուց, մինչև փաստաթղթերն ամբողջությամբ կարգավորելը, լրացնելը, ձևակերպելը և դիահերձման ուղարկելը։ Ընդ որում՝ կան տարբեր դիահերձարաններ։ Մոտավորապես 2-3 ժամ տևող պրոցես է: Դու պետք է մարդու մահվան մասին հարազատին, տեղեկացնես, բացատրես։ Երբեմն այնպիսի բանից է մահանում, որ դժվար է նույնիսկ բացատրելը։ Սա բավականին լուրջ, ծանր, դաժան փուլ է, որ պետք է անցնել։ Իսկ եթե մեկ հերթապահության ժամանակ երկու-երեք մահ է արձանագրվում, դա բավականին ժամանակատար է և էմոցիոնալ առումով իրոք սպառվում ես:

Ա.Պ. Մահը մոտիկից տեսնող մարդու մահվան հետ հարաբերությունները ինչպիսի՞ն են։

Հ.Հ. Հոգեհուզական էդ բաները՝ վայ, աման, մահացավ․․․ չէ, դրանք չկան, որովհետև դու այդ պահին բացարձակ անհույս, անէմոցոիա և սառը դատող, քո գործառույթները կատարող մեկն ես: Դեղամիջոցներ ես ներարկում, անում ես սիրտ-թոքային վերակենդանացում և այդ պահին քեզ ընդհանրապես որևէ հույզ կամ էմոցիա չի հետաքրքրքում։ Մենք մի քիչ այլ կերպ ենք նայում այդ ամենին: 

Մեր մասնագիտության մեջ հումանստական պահն էլ կա, որ պետք է այնպես անել, որ մարդը չզգա իր մահը։ Ավելի երկար քնեցնել, կամ այնպես անել, որ մարդու կենտրոնական նյադային համակարգը անջատված լինի և չգիտակցի՝ ինչ է կատարվում։ Դա շատ կարևոր է։

Ա.Պ. Հիշու՞մ եք մահվան որևէ դեպք, որ փոխել է Ձեր կյանքը:

Հ.Հ. Երբ դու աշխատում ես էսպիսի տեղ ու տեսնում՝ մարդիկ ինչերից կարող են մահանալ, երբ մտածում ես, որ այսօր այդ մարդը քո նման արթնացել է, գնացել է իր աշախատանքին ու հիմա մահացած է, հասկանում ես, որ որևէ բան պլանավորելն ու վստահ ինչ-որ բան ասելը լրիվ անլուրջ է էս կյանքում։ Տոտալ անլուրջ է: Չեմ ասի, որ կոնկրետ այ էս մի դեպքը փոխեց իմ կյանքը, որից հետո ես սկսեցի այլ կերպ մտածել։ Էսքան մահ տեսնելով գլոբալ փոխվեցի․ միշտ բոլորին ասում եմ, որ որևէ մեկս չգիտենք՝ 2 ժամ հետո կենդանի լինելո՞ւ ենք։

Ես համառ լավատես եմ։ Եթե «անիմաստ» և համառ լավատես չլինես, շուտ հիասթափվես, դժվար կլինի։ Ունենք պացինետներ, որոնց հետ ամիսներով տանջվում ենք, տառապում ենք, քայլ առ քայլ մի փոքր ցուցանիշ ենք ունենում․ այսօր լեզուն է շարժում, վաղը՝ աչքը թարթում։ Եթե մարդը շուտ հիասթափվող լինի և չունենա էդ լավատեսությունը, համառությունը, մեր մասնագիտության մեջ դժվար կաշխատի։

Ա.Պ. Ձեր աշխատավայրի՝ վերակենդանացման բաժանմունքի մասին խոսենք։

Հ.Հ. Վերակենդանացման բաժանմունքը միջանկյալ բաժանմունք է: Եթե այլ բաժանմունքում բուժառուն թոքաբորբով պառկած է, նա բուժվում և դուրս է գրվում։ Մեր բաժանմունքում դուրսգրումները երկու ուղղությամբ են լինում։ Բաժանմունքը դեպի տուն դուրսգրում երբեք չի տալիս։ Մենք միշտ ունենում ենք տեղափոխություն այլ բաժանմունք կամ դիահերձման:

Նման էր մի անպատմելի փլուզման․ նա, ում ողբերգությունն է մահը

Վարդան Պետրոսյանն․ դերասան
Իր թաղումը պատկերացրել- նկարել է ամենայն մանրամասնությամբ․ իրեն դագաղում պառկած, մորուքի նման դուրս եկած դնչով, դեմքի արտահայտությունն էլ՝ հստակ գեշ: Այս մասին պատմում է այժմ՝ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին 2 տասնվեցամյա պատանու կյանք խլած ավտովթարից 10 տարի անց։

Ա.Պ.Կպատկերացնեի՞ք, որ երբևէ Ձեզ հետ կարող է այդպիսի բան պատահել:

Հ.Հ. Երբևէ մտքովս չի անցել, որ ես կարող եմ դժբախտ պատահարի պատճառ դառնալ:

Անմիջապես ավտովթարից հետո ինձ կարծես վերևից տեսա: Ես տեսա, որ մարդիկ ինձ դուրս են հանում, փայտերով ծեծում ու սպանում են: Ես դրան պատրաստ էի ու հանգիստ էի նայում։ Բայց իրականում այսպես չի եղել: Ես ուշագնաց եմ եղել: Երբ իմացա իրական ողբերգության մասին (ինձ 5-րդ օրն են ասել, որ երկու պատանի է զոհվել, երկու եղբայր), սա արդեն ուրիշ բան էր: Նման էր մի անպատմելի փլուզման: Կարծես աշխարհը փլվեց գլխիս, ամեն ինչ իմ կյանքում իզուր դարձավ, մինչ այժմ ապրած կյանքս՝ անիմաստ, արածս գործը, ստեղծածս, ամեն ինչ փոշիացավ, մեկ ակնթարթում հասկացա, որ ես ոչ մի արժեքավոր բան չեմ ստեղծել ու ինքս արժեքավոր չեմ։ Հաջորդեց ուրիշ շրջադարձային միտք․ ինչպե՞ս պետք է դիմակայել սրան:

Ա.Պ. Ե՞վ

Վ.Պ. Հայերեն դժավարանում եմ ասել երկու ինչու-ների տարբերությունը, բայց ռուսերենում այսպիսի բան կա՝ за что և для чего: Սովորաբար, երբ մեր գլխին փորձանք է գալիս, երբ մենք ընկնում ենք դժվարությունների մեջ, ծանր փորձությունների մեջ, ասում ենք` за что, բայց հերիք է հարցի ձևը փոխենք՝ для чего․․․ այստեղ դու կարող ես պատասխաններ գտնել:

Ես միշտ մտածել եմ, որ պատահական ոչինչ չկա աշխարհում, տիեզերքում ամեն ինչ կանոնակարգված է, ամեն ինչ գնում է Արարչի օրինաչափություններով: Ամեն ինչ: Եվ եթե այսպիսի ոբերգություն է տեղի ունեցել, ուրեմն սա պիտի ունենա իր պատճառներն ու հետևանքները:

Ինչու՞ սա եղավ և ի՞նչ դասեր պիտի քաղեմ, ի՞նչը պիտի փոխեմ իմ կյանքում, ինչպե՞ս պիտի ապրեմ: Սրանք շատ կարևոր հարցեր էին որոնց պատասխանները ես հետո ստացա: Իմ պատասխանները հույժ անձնական են, հույժ անձնական:

Փորձում եմ նույնը մնալով այլ կերպ ապրել: Չի կարելի ասել, թե ես ամբողջապես փոխվել եմ, բայց իմ կյանքում շատ կարևոր արժեքներ են տեղաշարժվել: Ինչ-որ շատ կարևոր էր, հիմա էլ կարևոր չի, ինչ-որ այդքան էլ կարևոր չի, հիմա առաջնային կարևորության է:

Ա.Պ Ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնք ակամայից կարող են ուրիշի դժբախտության պատճառ դառնալ:

Վ.Պ. Ես ավտովթարից հետո կենդանի չմնալու բոլոր պատճառներն ունեի, բայց էնպես ստացվեց, որ կենդանի մնացի։ Շատ ցավալի ու ողբերգական էր, որ երկու 16 տարեկան տղաներ զոհվեցին: Բոլոր օրենքներով ես պիտի մահանայի՝ հիսունն անց էի, կայնքում իմ տեղը գտել էի, ինչ որ բան արել էի․․․ երկու մատղաշ պատանի: Սա էր ծանր հարց՝ ինչո՞ւ ես մնացի, և եթե ես մնացի ի՞նչ պիտի անեմ, որ մինչ այժմ չեն արել: Այ էս հարցերը մարդիկ իրենց պիտի տան և հասկանան, որ ողբալով երբեք առաջ չես գնա: Պետք է սթափ ապրել:

Ես անցա կալանքի բոլոր ձևաչափերով և ինչքան էլ մարդկանց տարօրինակ թվա (իսկ դա հատկապես տարօրինակ է թվում իմ կալանքի ընկերներին, որոնց հետ ես մեծ ու դժվար կյանք եմ անցել և նրանց անվանում եմ կալանակից եղբայրներ) կալանքը կյանքի մի ողորություն և ողորմածություն էր, որ տրվեց ինձ։ Որվհետև հենց այդ դժվարությունների միջով և միջոցով դու պիտի կարողանաս անցնել:

Դժվարությունները հաղթահարելով է մարդ կոփվում: Ցավերը հաղթահարելով է մարդը մարդ դառնում: Սա այն դեղն է, որը տալիս է տիեզերական բժիշկը մարդուն, այդ դեղը դառն է, բայց այն պետք է որպեսզի մենք փոխվենք, որպեսզի մենք դառնանք ուրիշին տեսնող, լսող և ճանաչող: Ուրիշի համար ապրող: Ավելի հոգևոր:

Իմ առողջական վիճակը շատ ծանր էր, դրանից բխող հոգեբանական ծանր կացության մեջ էի, ես հոգեբանորեն ուշքի չէի գալիս, իսկ իմ կալանակից եղբայրները թև ու թիկունք կանգնեցին ինձ: Հետո շատ կարևոր բան սովորեցրին, ոչ թե ինձ հետ խոսելով, դասախոսություն կարդալով, ոչ, սեփական օրինակով: Ինձ սովորեցրին ապրել ցավը:

Ա.Պ. Ինչպե՞ս:

Վ.Պ. Երկու ելք կար․ առաջինը՝ ես պիտի մոռանայի էդ ցավը՝ «ես չգիտեմ», «չեմ ուզում լսել», «էդ բանը չի եղել», ինչպես շատերն են փորձում անել։ Բայց սա ինքնախաբեություն է, այդ բանը ես չէի կարող մոռանալ, անհնար է, դա ապրում է քո ենթագիտակցության մեջ, անընդհատ գործում և կառավարում քո կյանքը, դա վերջում դառնում է հիվանդություն և մահ։ Կար երկրորդ լուծում՝ տրվել այդ ցավին, այնքան խորանալ այդ ողբերգության մեջ, առանձնանալ, մեկուսանալ մարդկանցից, մտնել աղոթքների քարանձավը, ապրել մեկուսի այդ ցավի մեջ՝ դժբախտացնելով ինքդ քեզ և ուրիշներին։ Երկուսն են, բայց ես տեսա, որ կա ամենաճիշտ՝ երրորդ տարբերակը․ ապրել այդ ցավի հետ, հանգիստ ապրել։ Ցավը գոյություն ունի և դու ամբողջ կյանքդ նրա հետ պիտի ապրես առանց ավելորդ ողբերգականության, առանց ուրիշի կյանքը թունավորելու։

+1
22
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
1

Անի Պողոսյան

Կարծում եմ՝ կյանքը շատ երկար է մեկ մասնագիտության համար, դրա համար ունեմ երկուսը՝ գերմանիստիկան ու լրագրությունը: Հաղորդավար դառնալու երազանքն ինձ շատ ավելի լավ տեղ տարավ՝ լրագրություն, որն ինձ սովորեցրեց մարդուն պատմություն դարձնել։ Իմ նյութերի գլխավոր հերոսը դու ես, մարդը՝ հաղթող ու պարտված, պայքարող ու հանձնված, բայց միշտ գեղեցիկ ու առեղծվածային:

Նմանատիպ հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button