
Գյումրեցիները մեքենաների արտադրություն ունեն, Երևանի Սարյան, Մոսկովյան, Թումանյան փողոցները՝ կրկնօրինակ։ Մեր հայրենակիցներից մեկը վերջերս Օսկար ստացավ, մյուսը՝ կադաստրում չգրանցված հողերը լավ գնով վաճառելու հնարավորություն։
Սա իրականություն է՝ առանց մի գրամ չափազանցության։ Իհարկե, «իրականություն» բառն այստեղ օգտագործում ենք որոշ վերապահումներով։
ԾԱՆՈՒՑՈՒՄ։ 2021-ի հոկտեմբերի 28-ին Մարկ Ցուկերբերգը հայտնեց՝ “Facebook” ընկերությունը այսուհետ կկոչվի ”Meta”:

Գյումրիում քաղաք են ստեղծում, Գյումրիից մեծ։ Ստեղծողները երիտասարդներ են, որոնց ձեռքը քար ու արմատուրայի գուցե սովոր չէ, բայց ստեղնաշարն ու մկնիկը լավ է աշխատեցնում։ Այդ քաղաքը Հայաստանում չի լինի, Երկիր մոլորակում՝ նույնպես։ Հասցեն՝ Մետավերս, տարածքը՝ 1024 կմ2։

Լրագրության ընդունված կանոններով՝ այժմ դուք պետք է կարդայիք երիտասարդների խոսքը՝ քաղաք ստեղծելու, մեքենաներ արտադրելու մասին։ Բայց Մետավերսի հետ պայմանագիր ունեն՝ լռել առնվազն մեկ տարի։ Այս արգելքը, սակայն, չի սահմանափակում աշխատավայրի նախատիպում՝ Ֆեյսբուքում գրառումներ անելու ազատությունը։ Դրանից էլ մենք օգտվել ենք։

Խաղային ատրիբուտ թվացող այս մեքենաները մատչելի չեն, գործարանային գինը չենք կարող ասել, բայց երկրորդ ձեռքից գնելու դեպքում կարժենան մի քանի տասնյակ հազար դոլար։ Այս վիրտուալ «խաղալիքի» համար այդքան վճարող մարդիկ կան։ Նրանք ավելին են վճարել վիրտուալ հողերի ու անշարժ գույքի համար։ Մեքենան պարզապես հերթական անհրաժեշտությունն է լինելու․ ավատարը 1024 կմ2 ոտքով չի անցնի։

Apple-ը թողարկեց AR/VR ակնոցները։ Ակնոցները համատեղում են իրական և թվային աշխարհները։ Ակնոցները կառավարվում են հայացքով, ձեռքերի շարժումներով, կատարում են լսած հրահանգը։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանը ակնոցների առաջին օրինակը դեռ չի գնի, մատչելի ու հասանելի չեն։ Նախնական կանխատեսումներով այդպիսին կլինեն ակնոցների երկրոդ կամ երրորդ մոդելները։
«Եթե Apple-ը սա չաներ, ես կասեի, որ Մետավերսը ձախողված է։ Պետք կլիներ սպասել ևս մեկ տեխնոլոգիական մեծ թռիչքի, որ կարողանանայինք ասել՝ Մետավերսը իրականանալու է։ Apple-ի սարքածը մի քանի անգամ առաջ է․ ամենամեծ առավելությունն այն է, թե ոնց է մարդը դրա հետ աշխատում (խմբ․ օրինակ՝ էկրանը կառավարվում է հայացքով, մկնիկը տեղաշարժելու կարիք չկա, բավական է տեղաշարժել հայացը)։ Երկրորդն այն է, որ Apple-ը ունի սեփական չիպերի դիզայն, որոնք շատ հզոր են, և ինձ ամենաշատ դա է հույսը ներշնչում։ Եթե Apple-ը կարողանա, Մետավերս հասկացությունը իսկապես տեղի կունենա»,- ասում է Պապյանը։

«200-ն անց մասնակից էին»։
Խոսում է Էմմա Պոգիկյանը։
«Ընտրել են լավագույն քսանյակին»։
Նստած ենք դեմ-դիմաց։ Տանն ենք։ Ինքը՝ իր, ես՝ իմ։
«Հաղթել եմ ես»։
Հանդիպումը նշանակված է Մետավերսում։ Էմման ստեղծել է մի բան, ինչը այս աշխարհի մաս է կազմում ու դրա համար Հայաստանի առաջին «Օսկարը» ստացել։
Ծանուցում։ Կա տվյալների թվային բազա, եթե մեկի անունը այնտեղ գրանցվում է, նա դառնում է թվային որևէ առարկայի սեփականատեր։ Սեփականության իրավունքը կոչվում է NFT(Non-Fungible Tokens): Այն կարելի է գնել և վաճառել Մետավերսում։
Էմմայի ստեղծած NFT-ն Օսկարի արժանացավ Դուբայի Chiko&Roko նախագծում։ Հայկական NFT-ն կրկնօրինակվել է 1888 անգամ, բայց այն չունի կրկնօրինակ։ Բոլորը այն կարող են ունենալ իրենց համակարգիչներում անվճար, բայց այն արժի հազարավոր դոլորներ։
Ավելի պարզ․ Միքելանջելոյի նկարի կրկնօրինակը հեշտությամբ կարող ենք ունենալ, բայց բնօրինակը ձեռք բերելը շռայլություն է։ Նույն կերպ, եթե ուզում ես քո թվային տան թվային պատին լինի թվային նկարի օրիգինալը, օրինակ` Էմմայի NFT-ն, ապա պետք է պատրաստ լինես հազարավոր դոլարներ տալ։ Մաֆիայի դեռ չի հասել, բայց բավական լուրջ բիզնես է։
«Պրոյեկտը եղել է արցախյան պատերազմից հետո։ Միտքն այն էր, որ ամեն երկիր ներկայացներ իր թոկենը՝ ընտրելով նապաստակին կամ ոզնուն հայտնի «Սմեշարիկի» մուլտֆիլմից, ու ստեղծել տվյալ երկրի մշակույթին համապատասխան կերպար։ Ինձ համար շատ կարևոր էր, որ ինչ-որ ձև ներկայացնեի, որ Արցախը կապված է Հայաստանի հետ։ Դրա համար Դեդո-Բաբոյին էլ էի ընդգրկել դիզայնի մեջ, ինչը բավականին խնդիրներ առաջացրեց սկզբում։ Հրապարակման նախորդ օրը մենք հրաժարվելու էինք մասնակցելուց, քանի որ այն կա՛մ կլիներ «Դեդո-Բաբայով», կա՛մ չէինք մասնակցի։ Ու չհանեցին վերջին պահին։ Ընտրվեց իմ աշխատանքը»։

Հայաստանում Մետավերսից 8.000մ² տարածք են գնել։ Դա միայն FastexVerse Մետավերսից։ Այստեղ «հող» գնելը թանկ հաճույք է։ Դա անել չէինք ուզում, բայց փորձեցինք Հանրային ռադիոյի համույթներից մեկի համերգը այնտեղ կազմակերպերպել։ Ասացին՝ խնդիր չկա, գինը՝ 10 000 դոլարից մի քիչ ավել։ Կարելի է պատկերացնել, թե ինչ կարժենա սեփական մետատարածք ունենալը։
Ծանուցում։ FastexVerse-ը աշխարհում եղած Մետավերսներից մեկն է՝ հայկականը։ Այս պահին ունի հազար հինգ հարյուրն անց ակտիվ օգտատեր՝ ավատար։ Մեկ եռաչափ տարածքում (անկախ քմ-ների քանակից) կարող է տեղավորվել առավելագույնը հարյուր մարդ՝ ավատար։

«Արդեն չորս տարի է, ինչ մենք Մետավերս տիրույթ ենք գնել, դրա արտաքին տեսքը հարմարեցրել մեր ուզած ձևին։ Մեր ուզած ձևը Երևանի գինու օրերի փողոցների ամբողջ արտապատկերումն էր՝ Սարյան, Մոսկովյան, Թումանյան։ Տարածքը անսահմանափակ է, ավատարը կարող է քայլել ու քայլել կիլոմետրերով»,- ասում է FastexVerse-ում երևանյան փողոցների սեփականատեր Մերի Բադալյանը։
Ինքն է թվային Սարյան փողոց թվային ավատարով առաջինը ոտք դրած մարդը։ Մերին «ԷվենտՏուրա» ընկերության տնօրենն է, ընկերությունը՝ մետա տարածքի սեփականատերը։ Նոյեմբեր ամսին մետա-էքսպո են անելու։ Հյուրերին սպասում են Դուբայից, Փարիզից, Մոն Ռեալից։ Կգան Հայաստան՝ չնստելով ինքնաթիռ և տրանսպորտային ոչ մի միջոց։ «Փոխադրող»-ը կլինի համակարգիչը։
«Տուրիզմին առնչվող բոլոր հայկական ընկերությունները իրենց տաղավարներով կկանգնեն Մետավերսում։ Եվրոպական, ամերիկական, արաբական շուկաներ մտնելու համար դժվար է այդ շուկաներից մարդկանց Հայաստան բերելը, մենք էլ ասում ենք՝ Մետավերսը լավ տարբերակ է»։
«Մարդիկ օնլայն միջոցառումներ են կազմակերպում 2D միջավայրում և դրա անունը դնում են վիրտուալ, դա վիրտուալ չի, դա Մետավերս չի։ Մետավերսը այն է, երբ քո ավատարը մտնում է մի աշխարհ, որը ամբողջովին 3D է, երբ դու մոտենում ես առարկային, դրա շուրջ կարող ես պտտվել, և դա այն տեսքն ունի, ինչ իրականում։ Քո համային, հոտային զգայարաններից բացի մյուս բոլոր զգայարանները պետք է աշխատեն, իսկ 2D դեպքում չեն աշխատում։ Քո տեսողությունը քեզ թույլ չի տալիս, որ դու տեսնես այնպես, ինչպես իրական աշխարհում»,- ասում է Մերին։

Նախ համացանցի առաջին փուլն էր՝ քարե դարը՝ Web 1.0-ը։ Մարդկանց փոքր մասը այստեղ գրում էր, մեծ մասը՝ կարդում։ Սա 90-ականներին էր։Հետո՝ 2000-ականներին սկսվեց բրոնզե դարը՝ Web 2.0-ը։ Հայտնվեցին տեսախցիկով հեռախոսներ, համացանցը դարձավ մարդամոտ, մեծ մասը սկսեց և՛ գրել, և՛ նկարել, և՛ հրապարակել։ Անցել է քսան տարի․ մարդու սոցիալական կյանքը թվայնացվել և տեղավորվել է գրպանի չափ մի էկրանի մեջ։ Եվ սա թվայնացման վերջնակետը չէ։
«Տասը տարի առաջ չէինք պատկերացնի, որ ամեն մարդու ձեռքին կլինի հզոր համակարգիչ, որի անունը, չգիտեմ ինչու, դեռ հեռախոս է։ Այնպես որ, հեռու չէ պահը, երբ մեր թեթև, դյուրակիր ակնոցների վրա կլինեն պրոեկտորներ, էկրաններ և այլն։ Մենք հիմա խաչմերուկում ենք։ Տեխնոլոգիաները ինքնահաստատման փուլ են մտել»,- ասում է Արթուր Պապյանը։
Համացանցը երկաթե դար չի ունեցել։ Զարգացումն արագ էր, միանգամից անցնում ենք ոսկեդար՝ Web 3.0: Այստեղ Գյումրիում աշխարհ են ստեղծում, Սարյանով ու Մոսկովյանով կարելի է Փարիզում էլ շրջել։ Այս այլընտրանքային աշխարհն այսօր դեռ թանկ առաջարկ է։ Իսկ վաղը հավանական մասայականության շնորհիվ դրանից հրաժարվելը դժվար կլինի։ Web 1.0-ն ու Web 2.0-ն վկա։Տուն ու տեղը թվային աշխարհ տեղափոխելու մասին մի անհանգստացեք։ Ձեր և ձեր դիմաց գտնվող պատի միջև եղած երկու մետր տարածքում կհայտնվի հազար մետր շառավիղով աշխարհը՝ Մետավերսը։
Եվ սա իրականություն է՝ առանց մի գրամ չափազանցության



