Մեր արտադրանքըՍա քեզ դուր կգա

Ինչպե՞ս ճիշտ պատրաստվել խաղաղությանը. ուղեցույց )))

1976-ին, երբ Էդուարդ Բագրատի Աղայանը կազմում էր «Արդի հայերենի բացատրական բառարան»-ը, «խաղաղություն» բառն իր 8 իմաստներով ավելի միանշանակ էր։ Այսօր այն հավակնում է դառնալ մեր բառապաշարի ամենակիրառելի և տարընթերցվող բառը։ Քաղաքական կատեգորիա դարձած երևույթին այսօր պատրաստվում են, ընդառաջ են գնում՝ խիստ հակասական ճանապարհներով

***

Վովա Վարտանով․ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր

Զենքն ատելի է, արյունը՝ հակակրանք առաջացնող։ Ռազմական գործի մասին էլ բնավ չի երազել։ Բայց ու՞մ ասես՝ Վովա Վարտանով, որ առաջինը մարտիկ չպատկերացնի։ Այս պատկերացումն ինձ մոտ էլ կպահպանվեր, եթե չխոսեր երազանքի մասին․ այն զենքի հետ բնավ կապ չուներ․

«Ուշքս գնում է հնէաբանության համար։ Ես երազում եմ գնալ, Գառնու կիրճում խարույկի կամ աղբի համար փոս փորելիս մի կուժ գտնել ու հաճույքից ցնցումներ մեջ ընկնել: 10 տարի կաբինետում նստեմ, մանրակարկիտ ուսումնասիրեմ, թե այս հատվածը որտեղ է եղել ու չբացառվի, որ այն անցել է մետաքսե ուղիով, ու ես էդպես հասնեմ չինական քաղաքներ ու պարզվի, որ հայկական կուժի ինչ-որ մի բաղկացուցիչ մաս այնտեղից է»։

Սա երազանք է խաղաղ ժամանակների համար։ Բայց սկզբի համար դրան արժանանալ է պետք։

Հովսեփ Ղազարյան․ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի մարտիկ

Հովսեփ Ղազարյանը ուզում է մտնել այգի, ընտրել ամենակենսունակ ողկույզը և այն պատրաստել սպիրտային խմորման, ստանալ կիսաքաղցր, թունդ և աղանդերային գինի, հետո զբաղվել գինու տեսակավորմամբ:

Այս երազանքի հետքերով խաղողի այգում սկսել էր բերք հավաքել, երբ ավարտվեց խաղաղությունը։ 2020-ի սեպտեմբերի 27-ին այն հեռացավ, չի վերադարձել, և կարծում է՝ դեռ երկար կսպասենք։

«Հիմա իրավճակը չի թողնում նույնիսկ խաղաղության մասին մտքեր ունենալ: Ինչքան էլ փորձենք մեր մտքերից հանել պատերազմը և չպատրաստվել նորին, մեզ ավելի են ստորացնելու։ Եթե թույլ եղար, ցանկանալու են նոր տարածքներ, ցանկանալու են ցեղասպանել քեզ։ Հզորանալուց ու ուժեղ պետություն ստեղծելուց բացի այստեղ ապրելու այլ տարբերակ չունենք»:

Հայոց պատմությունը մասնագետի խոշորացույցով ուսումնասիրած Հովսեփը վստահ է, որ նման հարևանի հետ թույլի դիրքերից խոսելը ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի գրավական է: Ինքն իր պատմությամբ ու գինեգործությամբ է ուզում զբաղվել՝ խաղաղ-հանգիստ կյանք ունենալ։ Բայց գիտի՝ խաղաղասեր լինում են զենքը ձեռքին։

Օնիկ Պապոյան․ «Պետականությունը Որպես Գերագույն Արժեք» կազմակերպության համահիմնադիր

Օնիկ Պապոյանի տուն տանող ճամփան մեքենայի ակով չի տրորվի։ Ընկերները ստիպված կլինեն 1-2 կմ քայլել այնտեղ հասնելու համար։ Լեռներ են լինելու, մի գողտրիկ անկյուն։ Կգնան, քեֆ-ուրախություն կսարքեն, օր ծերության պատմելու հուշեր կհավաքեն։

Տունը դեռ չկա։ Քեֆ-ուրախությունը՝ առավել ևս։ Հարմար լեռն էլ դեռ չի ընտրել․ սկզբում այդ լեռը վերադարձնել է պետք։ Խաղաղ օրեր պարտադրելու համար Օնիկը կռվել է սովորում ու սովորեցնում։

— Էն պաթոսական խոսքեր կան՝ հայրենիք սիրելը․․․ հայրենքի պետք չի սիրել։ Սերն ի՞նչ է, կարող է մի օր հանկարծ չսիրես, չէ՞, լինում է, չէ՞, որ մի բան սիրում ես, հետո մի օր էլ չես սիրում։ Պետք է հայրենատեր լինել, հայրենապաշտ լինել։
— Այնպես սիրել, որ չգնա սերը։
— Այո, հայրենատեր լինենք, տեր լինենք նրան, ինչ մեզ է պատկանում։ Խաղաղությունը մեր պայմաններով է գալու։ Պատերազմը դեռ չի ավարտվել։ Կավարտվի, խաղաղությունը կգա միայն մեր հաղթանակով։ Չի լինելու խաղաղություն առանց մեր հաղթանակի։

+1
18
+1
0
+1
1
+1
0
+1
1
+1
0
+1
0

Անի Պողոսյան

Կարծում եմ՝ կյանքը շատ երկար է մեկ մասնագիտության համար, դրա համար ունեմ երկուսը՝ գերմանիստիկան ու լրագրությունը: Հաղորդավար դառնալու երազանքն ինձ շատ ավելի լավ տեղ տարավ՝ լրագրություն, որն ինձ սովորեցրեց մարդուն պատմություն դարձնել։ Իմ նյութերի գլխավոր հերոսը դու ես, մարդը՝ հաղթող ու պարտված, պայքարող ու հանձնված, բայց միշտ գեղեցիկ ու առեղծվածային:

Նմանատիպ հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button