
Նախապատրաստական փուլ․ բանակցություններ հետազոտվողի հետ
- Հենց ծնգում է, վեր եմ թռնում: Ուզում եմ արագ պատասխանել, վազելով ու սրտապատառ։
- Հեռախոսը ձեռքիս պառկում եմ այնքան ժամանակ, մինչև ընկնում է դեմքիս, ու հասկանում եմ, որ քնելու ժամանակն է:
Սամվելը նախ ստուգում է ծանուցումները, հետո միայն կնոջը բարի լույս ասում։ Նախ պատասխանում է հաղորդագրություններին, հետո միայն երեխայի հարցերին։ Կարճ ասած՝ նախ հեռախոսը, հետո՝ մնացածը։ Այն լավագույն դեպքում վերնաշապիկի ձախ գրպանում է՝ սրտին մոտ, վատագույն դեպքում՝ ոչ շատ հեռու, քան երկու մետրը։ Այս կյանքում ամեն ինչ տանելի է, բայց ոչ անջատված հեռախոսը։
- Նյարդային ջղաձգումներ
- Արագացած սրտխփոց
- Մարմնի ջերմաստիճանի տատանում
Սրանք այն սիմպտոմներն են, որոնք Սամվելն ունենում է հեռախոսի վերին աջ անկյունում «20%»-ից ցածր թիվ տեսնելու դեպքում․ «Պետք է վազեմ այս ու այն կողմ, գտնեմ ազատ լիցքավորիչ, որ հեռախոսս դնեմ լիցքավորման: Եթե անջատվում է, ինձ արդեն «եսիմինչ» ձև եմ զգում»։ Սամվելը սա ասելու պահին դեռ չէր համաձայնել մեր էքսպերիմենտի մասնակիցը դառնալ։
Հետազոտության մեթոդ․ ծանոթացում․ կանոններ
Հեռախոսը կանջատվի 5 օրով։ Սմարթֆոնից կախվածություն ունեցողի համար՝ մի ողջ հավերժություն։ Հետազոտության նպատակը ոչ թե կապի միջոցից կտրելը, այլ կախվածության դրսևորումները դիտարկելն է, ուստի քարտը տեղափոխվում է Nokia 1202 մոդելի հեռախոս։ Սրանով կարելի է զանգել և նամակներ գրել։ Այլ սմարտֆոններից, համակարգիչներից և սոցիալական ցանցեր հասանելիություն ապահովող սարքերից օգտվելը ևս արգելվում է։
Այս պայմանների պատճառով էքսպերիմենտին մասնակցելու առաջարկը մերժել է հեռախոսից կախվածություն ունեցող ավելի քան 20 մարդ։ Չնայած առանց հեռախոս կյանքը չպատկերացնելուն՝ Սամվելը որոշում է ընդունել այն։


Կախվածությունների բուժման ընթացքում կամ բուժումից հետո կախվածություն առաջացնող վարքագծին վերադառնալը կոչվում է ռեցիդիվ։ Այն հանդիպում է բուժվողների 60%-ի մոտ։
Ռեցիդիվը կանխելու համար Սամվելին իր անսմարտֆոն օրերում մենակ չենք թողնի։ Կարող է զանգահարել օրվա ցանկացած պահի, ցանկացած հաճախականությամբ։ Բացի այդ յուրաքանչյուր օրվա ավարտին հեռախոսազրույցի միջոցով ամփոփելու ենք օրը, ապրումները, էմոցիաները և արձանագրված փոփոխությունները։
Այդ զրույցներն էլ դարձել են հետազոտության արձանագրությունները։
***
Օր առաջին․ 20 օգոստոսի, 2023թ․

«Հիշու՞մ ես, որ առավոտյան ինձ ասեցիր՝ նայեմ, թե հեռախոսս քանի ժամ է աշխատել, նայեցի, արդեն 6 ժամ ակտիվ ռեժիմում էր։ 6 ժամ, իսկ օրը դեռ չէր կիսվել: Հեռախոսը անջատեցի, գնացի այգի, տեսա՝ չոր էր: Ջրբաժան մարդու հետ պայմանավորվեցի, որ կեսօրից հետո ջուրը պետք է մեզ տա: Գնացի հորս հետ, ասեցինք-խոսեցինք, ջուր արեցինք, առուները փոխելով խաղողի այգին ջրեցինք: Մոտ 7000մ² այգին ոռոգեցինք կեսօրից մինչև երեկո՝ 6-7 ժամ:
Առաջ մի քանի մարգ կանեի, կգայի տուն: Հիմա ջրելով իջա ներքև, հետո ջրելով բարձրացա վերև, թումբ առ թումբ խաղողի այգին ջրեցի»։
Օր երկրորդ․ 21 օգոստոսի, 2023թ․

«Առավոտյան բոլորից շուտ էի արթնացել, 4։30-ի կողմերն էր: Ձայն տվեցի եղբորս, միասին սուրճ խմեցինք, գնացինք ծիրանի այգի: Ներքևում բաց տարածք կա, խոտերն էինք հնձելու: Հիմա, որ հեռախոսը մոտս չի, սկսեցի ես կազմակերպել։ 8000մ² ծիրանի այգի է, մոտ 3-4000մ²-ին խոտ կլինի: Ես ու մեծ եղբայրս ասել-խոսալով խոտերը հավաքեցինք: Խոտհնձիչ սարքեր կան՝ գերանդուն փոխարինող, ամեն մեկս մերը ունենք, էդպես հնձում ենք խոտը, չորացնում, տուկում: 115 տուկ եղավ:
Մի փոքր այգի էլ ունենք․ սալոր կա, խնձոր, դեղձ, տանձ, տարբեր տեսակի մրգեր կան, միրգ հավաքեցի»:
Օր երրորդ․ 22 օգոստոսի, 2023թ․

«Արդեն 3-րդ օրն է, ինչ հեռախոսից զրկված եմ ու ինձ էլ չեմ ճանաչում: Բայց հեռախոսը ձգեց ինչ-որ պահ: Վերցրի, նայեցի-նայեցի, էլի դրեցի տեղը: Դարակում եմ պահում, ինչքան հնարավոր է շատ իրեր դրեցի դիմացը, որ չերևա։
Ես, որ դուրս եմ գալիս տնից, ձեռքով մազերս դզում ու առանց սանրից օգտնվելու գնում եմ: Այսօր սանրվեցի, սպիտակ, սիրուն շոր ունեմ, գցեցի վրաս, գնացի մանկապարտեզ, որ աղջկաս բերեմ: Ժամը 5-ն է, հասել եմ մանկապարտեզ, աղջիկս եկավ. «Պապա՛, պապա՛, պապան ա եկել՝ ինձ տանի»: Մեկ էլ մանկապարտեզի վարիչը, թե՝ անծանոթ մարդը եկել է երեխային տանելու: Չէին տալիս ինձ իմ երեխային: Ես երբեք չէի գնացել աղջկաս մանկապարտեզից տուն բերելու: Զանգեցին կնոջս, ասում են՝ օտար մարդ է եկել, ներկայանալով երեխայի հայր՝ ուզում է երեխային տանել: Այնտեղ մատյան կա, գրություն թողեցի, որ այսինչ ժամին ներկայացել եմ, երեխայի հայրն եմ: Աղջիկս ասում էր՝ պապան ա, բայց չէի հավատում: Միշտ կինս կամ քույրս էին գնում բերելու:
Պնդուկներ ունեք մեր այգում: Հավաքեցինք երկուսով, ջարդեցինք, կերանք: Ճիշտն ասած՝ առաջ ես պնդուկը միայն արդեն մաքրած, սողանին դրած էի տեսնում, հիմա տեսա, որ գետնին է թափվում: Գյուղացի եմ, բայց էդ գործով չէի զբաղվում: Ալարում էի հավաքել: Իսկ հիմա իմ աղջկա հետ հավեսով հավաքեցի: Պոլիէթիլենից լողավազան ուներ: Անցած տարի ծակվել էր: Միասին կպցրեցինք բասեինը, մի տեղից ջուր չթողեց: Հիմա լավ տաք է ջուրը: Լողացավ ու հանգիստ գնաց-քնեց։ Այն ժամանակ մոր հոգին ուտում, նոր քնում էր: Շատ ակտիվ է, ու ես նոր եմ զգում։
Օր չորրորդ․ 23 օգոստոսի, 2023թ․

«Ես հերթափոխի էի: Ճիշտն ասած՝ հեռախոսը հետս վերցրել էի: Ուզում էի միացնել, բայց դե խոսք եմ տվել, պետք է կատարեմ: Ես խոսք տալով, ինձ ստիպելով ծխախոտն եմ թարգել: Մի քանի տարի առաջ լավ ուժեղ ծխում էի, օրը երկու տուփից ավելի: Որ վերջանում էր սիգարետս, մնում էր 2-3 հատ, պիտի գնայի խանութ, առնեի, որ չկտրվեր իմ մոտից: Մի օր որոշեցի, որ երեք ամսում պետք է սիգարետից հրաժարվեմ: Սկզբից անմիջապես չկարողացա: 3 ամիսը դե մոտավորապես 90 օր է: 90 հատ սիգարետ դրեցի մի կողմ, հատ-հատ հաշվել էի: Որոշել էի՝ օրը մեկ հատ է ինձ հասնում, մեկ հատ պետք է ծխեմ ու վերջ: Առաջին օրը 15 հատ ծխեցի: Իմ պայմանը խախտեցի: 2-րդ օրը քչացրի: 15-ը դարձավ մոտ 12 հատ: 90 օրվանը 15 օրում ծխեցի, վերջացրի։ Մնաց ընդամենը մեկ հատ։ Սենց նստել, նայում եմ էդ մեկ սիգարետին, մտածում՝ ինչ պիտի անեմ: Հիմա դա կնվիրեմ այն մարդուն, ով դրանից կսկսի ծխել ու հասնել 1 սիգարետի։ Այ էդպես էր ինձ մոտ: Ստիպողաբար վերջացրի ինձ վնաս տալը:
Մի օր Գագիկ Սուրենյանը հայտարարել էր, որ Հայաստանում տեղ-տեղ կարկուտ է սպասվում: Ես էլ այդ օրը հերթափոխի էի: Ասեցի՝ հլը սպասի էլի, ես պետք է այնպես անեմ, որ էս մարդը սխալ դուրս գա, ասել է կարկուտ, այնպես եմ անելու՝ չգա կարկուտ: Նայում եմ՝ ամեն ինչ տանում է կարկուտի: Ամպերը կուտակվում են, կուտակվում են, բարձրություն են հավաքում, ջրայնություն, ջերմաստիճան… տարբեր պարամետրեր կան, ու ամեն ինչ տանում է կարկուտի: Ստացա առաջին արձագանքը, որ պետք չէ աշխատել այդ ամպերի վրա, քանի որ կարկտային կայաններից ունեն հեռավորություն: Ես այդ կայանները միացրի մեկ ժամ առաջ: Հայաստանի բոլոր կայանները կարող եմ անջատել, միացնել միանգամից կամ հատ առ հատ՝ մոտ 822 կայան: Այդ օրը բոլորը միացված էին: Հրահանգավորող կենտրոնը մեզ մոտ է: Բոլոր ամպերը գալիս, հասնում էին մեր կայանին և չեզոքանում: Այդ օրը Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կարկտահարման դեպք չգրանցվեց: Ես էլ պագևավճար ստացա»:
Օր հինգերորդ․ 24 օգոստոսի, 2023թ․

— Արդեն օրերն էլ եմ խառնել իրար․․․ որ օրը ոնց անցավ, ինչքան հետաքրքրություններ կային էդ օրերի մեջ:
— Էական փոփոխություն զգու՞մ ես։
— Ես ինձ չեմ ճանաչում: Աշխատանքային, առույգ, աշխույժ կյանքը վերականգնվել է։ Քնելուց առաջ հեռախոսը փոխարինել եմ գրքով։ Ուզում եմ մինչև վերջ Նարեկացի կարդալ։ Համարյա մեկ քառորդ մասը կարդացել եմ։ Երեկոյան ժամից ավել կարդացի։
— Դու ինքդ քեզ համար ախտորոշում կարող ե՞ս տալ արդեն։
— Մենակության ու պարապության արդյունքն էր։ Մարդը, որ զբաղված լինի, պարապ չլինի, հաստատ հեռախոսը չի վերցնի, նստի։ Հետո կարիք կա ինչ-որ մեկի հետ զրուցելու, մենակ նստում էի ու ընկնում մտքերի մեջ։ Հեռախոսն այդ միջոցն էր, որով կտրում էի ինձ դրանցից։ Հեռախոսն էր լրացնում մենակությունը։ Ես շփվելու պահանջը բավարարում էի հեռախոսով։

***
Հաջորդ օրը Սամվելը սմարթֆոնը միացրեց։ Այդ օրը մենք ընդհանրապես չզրուցեցինք։ Զանգեցի հաջորդ օրը, պարզվեց՝ ոգևորությունն իզուր էր․ անթիվ-անհամար նամակներ չկային։
Էքսպերիմենտի ողջ ընթացքում ես Սամվելի խոսքերի ճշմարտացիությունը ստուգելու որևէ փորձ չեմ արել։ Հասկանալի է՝ կասկածը կարող է կոտրել առանց այն էլ դժվար որոշում կայացրած մարդու վճռականությունը։ Սակայն այժմ պետք էր պարզել՝ գրանցվե՞լ է արդյոք ռեցիդիվ։
Վերջին պայման․ Խնդրում եմ էքսպերիմենտի մասնակցին ցույց տալ 5 օրերի ընթացքում սմարտֆոնի գրանցած ակտիվությունը։ Խնդրանքը Սամվելի համար անսպասելի էր, արդյունքը՝ կանխատեսելի․

«Անսմարտֆոն» 5 օրերի ընթացքում Սամվելը սմարտֆոնից օգտվել է օրական ամենաքիչը 59 րոպե, ամենաշատը՝ 2 ժամ 25 րոպե։
Եզրակացություն
- Նույնիսկ 5 օրով կախվածության օբյեկտից հրաժարվելը բարդ փորձություն է՝ ինքդ քեզ և ուրիշին խաբելու աստիճան։
- Ինքնազսպան մեխանիզմը կարող է աշխատել նույնիսկ ամենաթունդ կախվածության դեպքում՝ 24 ժամում ավելի քան 10 ժամ ակտիվությունը հասցնելով 2,5 ժամի։




