Նրանք ուզում են ձեզ սպանել․ ռազմաքաղաքական ղեկավարության պարալինգվիստիկ վերլուծություն

Եթե մի օր մեզ վերաբերող ոչ այնքան բարի նպատակներն ի կատար ածվեն, թուրք-ադրբեջանական բանակն այս զինանշանների առաջ ծնկի կգա։ Դուք դժվար կգտնեք մի թուրք, որը չի ուզում այդ օրը տեսնել։ Համազգային այս երազանքի պլանավորումն ու իրականացումը կոնկրետ մարդկանց աշխատանքային պարտականությունն է։
***
«Ես կոպտորեն դատապարտում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բացասական զարգացումները, որում մենք մեզ պատասխանատու ենք զգում, և ցանկանում եմ նաև, որ այդ զարգացումներն արագ ավարտվեն․․․»
Այս տեքստը կարող էր հնչել Հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ որևէ կապ չունեցող, սակայն սրտացավ երևալու ջանքեր գործադրող ցանկացած մեկի շուրթերից։
«․․․Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության հաստատման ճանապարհին կա պատմական հնարավորություն»։
Ձեռքսեղմում հիշեցնող այս բառերը, սակայն, ավելի շուտ կոկորդ կսեղմեին, եթե հնարավորություն ունենային։ Դրանց տերը Ռեջեբ Թայիփ Էրդողանն է՝ Թուրքիայի գերագույն գլխավոր հրամանատարը։ Տեքստն արտաբերվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ Թուրքիայի փոքր եղբայրը կրկին հարձակվել էր Արցախի վրա։
Թշնամուն ճանաչելու համար նրա լեզուն իմանալը վաղուց բավարար չէ։ Դա Googlе-ի թարգմանիչն էլ է կարողանում։ Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիանա Ավետիսյանի թարգմանությունները մարմնի լեզվից են։
Մասնագետը Էրդողանի ճակատի կնճիռներում ու դրանցում հավաքված զայրույթում, հոնքերի՝ վերև, ձգված շուրթերի՝ ներքև, բութ մատի՝ առաջ շարժումներում խաղաղության ու համագործակցության մասին մի տառ անգամ չի «լսում»։
Դունչը սեղմվում է, շրթունքը հետ է գնում, աչքերը ներքև են նայում․ լեզվի ասածը մարմնին տհաճ է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է Հայաստանի դրսևորած աննախադեպ քաղաքական կամքի մասին Արցախի վրա հարձակվելուց 24 ժամ անց՝ սեպտեմբերի 20-ին։
Մինչդեռ դեմքը կայծակնային արագությամբ փոխվում է, հոնքերն էլ սկսում են վերև շարժվել, երբ Ալիևը խոսում է իրեն հոգեհարազատ թեմայից՝ ահաբեկչությունից, իր բառերով ասած՝ հակաահաբեկչական միջոցառումներից:
-Այստեղ մենք տեսնում ենք ավելի ագրեսիվ, ուղիղ հայացք։ Ինքն իր արածից չի փոշմանել, ոչ մի հումնիստական էմոցիա չունի,- նկատում է մասնագետը:
Այս մարդիկ ուզում են մեզ սպանել։ Նրանք՝ գերագույն գլխավոր հրամանատարները, դա անել ցանկացողների բրգի գագաթին են։ Մի աստիճան ներքև նրանց ենթականերն են՝ ԳՇ պետերն ու ՊՆ նախարարները։ Վերնաշապիկներով ու խիստ աշխարհիկ կոստյումներով այս մարդիկ աշխատավարձ են ստանում հայերին վերացնելու պլանը մշակել-կատարելու համար։

Իմիջմեյքինգի և մեդիա հարաբերություններ մասնագետ Նոնա Մելքոնյանը «կարդում է» թշնամու՝ նկարների պիքսելներում տեղավորված մեսիջները։ Բաց հարթակներում հասանելի գրեթե բոլոր լուսանկարներում ասելիքը մեկն է․ «Մեկ ազգ, երկու պետություն»։
Ի՞նչ է պատմում նկարի միջի նկարը․ Գեներալ, որն ուսադիրի փոխարեն ճարմանդ է կրում։

Ձախից՝ Թուրքիայի ՊՆ Յաշար Գյուլեր, աջից՝ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանով
Ի՞նչ է պատմում նկարի միջի նկարը․ Գեներալ, որն ուսադիրի փոխարեն ճարմանդ է կրում։
Ձախից՝ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քյարիմ Վալիև, աջից՝ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Մեթին Գուրակ
Տարբեր երկրների պաշտոնյաներ` նույն համազգեստով․ հագուստը՝ հաղորդագրություն

Արևելքը՝ հատակին ու սեղանին

Ձախից՝ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քյարիմ Վալիև, աջից՝ Թուրքիայի ՊՆ Յաշար Գյուլեր
Արևելքը՝ հատակին ու սեղանին
Թուրքական և ադրբեջնական ռազմական անձնակազմը հեշտ հասանելի չէ: Բուրգի գագաթից սկսած երրորդ աստիճանում պատկերներն ավելի մշուշոտ են։ Եթե գերագույն գլխավոր հրամանատարների, ԳՇ պետերի ու ՊՆ նախարարների հոլովակներն ու նկարները զտված են, մտածված ու գաղտնագրված, ապա նրանց տեղակալների դեպքում այդպիսիք գտնելն անգամ խնդիր է։
Հայաստանի համար Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական կայքը փակ է։ Ռազմական գերատեսչության բովանդակությանը կարելի է ծանոթանալ միայն համացանցին խաբելով՝ VPN-ով մուտք գործելով։ Թուրքական ՊՆ-ի կառուցվածքը հասկանալու համար էլ թուրքերենի իմացություն է պետք: Միայն թուրքերենի:
Ստորև թուրք-ադրբեջանական ընդհանուր երազանքը կատարելու հանձնարարություն ունեցողներն են․ նրանց աշխատասեղանին մեզ սպանելու երազանքն է դրված։ Նրանց պետք է ճանաչել՝ առնվազն դեմքով․ ժեստերը՝ սերտել, ասածը՝ լսել, չասածը՝ հասկանալ։ Մի խոսքով՝ ծանիր թշնամուդ։






