Ամենափորձառուն, ամենաբարձր վարձատրվողը, ամենաբազմաֆունկցիոնալը, ամենասթրեսակայունը. ռեկորդակիր ուսուցիչներ

Տալվորիկ գյուղը Արմավիրի մարզում է, Հայաստանի ծայրին։ Գյուղից Թուրքիա հեռավորությունն ուղիղ գծով ավելի կարճ է, քան գյուղից մոտակա մթերային խանութ հեռավորությունը։
4 փողոց ու 300 բնակիչ ունեցող այս գյուղն ունի 1 միջանցք ու 30 աշակերտ ունեցող դպրոց։
3 դասարան՝ 1 դասասենյակում, 1 դասաժամին․ նրանք կիսում են «Պատմություն»-ը
Ծովինար Թորաբյանը 23 տարեկան էր, երբ Երևանից Տալվորիկ գործուղվեց «Դասավանդիր Հայաստան» ծրագրով։ Եկել էր 2 տարով, արդեն 3-րդ տարին է, ինչ ինքնակամ շարունակում է պատմություն դասավանդել գյուղում։
Երբ առաջին անգամ դասասենյակ մտավ, իր առջև նստած էին 3 դասարաններ՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ։ Ուներ Հայոց պատմության 3 տարբեր թեմաներ և 45 րոպե։
«Փորձում էի այնպես անել, որ 15 րոպե հատկացվի 7-րդ դասարանին, 15 րոպե՝ 8-րդ դասարանին, 15 րոպե՝ 9-րդին։ Ինձ համար բարդությունը աննկարագրելի էր»,- պատմում է ուսուցիչը, որին այժմ դասասենյակում երկու դասարան է սպասում՝ 8-րդ և 9-րդ։ «Սա առաջին տարին է, որ ես դասավանդում եմ երկկոմպլեկտ դասարանում, մինչ այս դասավանդել եմ եռակոմպլեկտ դասարաններում։ Նույն դասաժամին մի դասարանին պատմում եմ առաջին համաշխարհային պատերազմի մասին, իսկ մյուս դասարանում քննարկում ենք պատմության այն շրջանը, որտեղ երկրների միջև բացարձակ ընդվզում չկա։ Ու երեխաներն էլի շփոթվում են»։
Բայց աշակերտները դժգոհ չեն։
— Մենք և՛ այս տարի ենք դասը սովորում, և՛ մյուս։
— Մենք էլ նախորդ տարվա դասերի կրնկություն ենք անում։
-8-րդ դասարան, մեր թեմա՞ն։
-Հայոց եկեղեցին Բագրատունյաց թագավորության շրջանում։
-9-րդ դասարան, մեր թեմա՞ն։
-Հայոց ազգային եկեղեցական կյանքը 1820-1860-ական թվականներին։
-Հիմա մասերի կբաժանեմ դասը, ըստ հերթականության կներկայացնեք։
Ծովինարը դպրոց գնալիս դասական հագուստը սպորտային կոշիկների հետ է համադրում։ Պատճառը ո՛չ նորաձևության թելադրանքն է, ո՛չ էլ՝ գյուղի անասֆալտ փողոցները։ Պատմական առարկաներից բացի դասավանդում է նաև ֆիզկուլտուրա։ Սուլիչը պարանոցից կախում ու երեխաների հետ դուրս գալիս դպրոցի բակ։
«16 ժամ պատմություն, 6 ժամ ֆիզկուլտուրա։ Ինձ համար բարդությունը աննկարագրելի էր։ Մասնագիտացված չլինելով սովորում եմ, կարդում եմ, փորձում եմ խաղեր, օլիմպիադաներ կազմակերպել։ Քանի որ մարզագույք չունենք, մեծ ներդրում ունի ֆանտազիան»։
7 առարկա և 1 ուսուցիչ․ «բազմաֆունկցիոնալ» մանկավարժություն
Տավուշի մարզ։ Գյուղ Չորաթան։ Գյուղն այնքան սահմանամերձ է, որ տեղացիները իրենց պատուհաններից ամեն գիշեր տեսնում են ադրբեջանական տների լույսերը։

Չորաթանի դպրոցում է աշխատում դասվար Նարինե Քալանթարյանը։ Տարրական դասարանների աշակերտներին երկուշաբթի՝ «Շրջակա աշխարհ», երքշաբթի՝ «Երաժշտություն», չորեքշաբթի՝ «Ինֆորմատիկա», հինգշաբթի՝ «Տեխնոլոգիա», ուրբաթ՝ «Կերպարվեստ» է դասավանդում, հետո 7-րդ դասարանցիներին՝ «Առողջ ապրելակերպ»։ Այս բազմազանության մեջ հեշտ է խառնել հաշիվը․
«․․․ Մաթեմատիկա, մայրենի․․․ 7 առարկան լրացա՞վ»։
Երաժշտության դասը առաջինը նա է սովորում տանը, երգում, պարապում, հետո՝ սովորեցնում երեխաներին։ Նկարչության դասին ուսուցչի հույսը դասարանի լավ նկարող աշակերտների վրա է։
«Ինքս որ փորձեմ նկարել, լավ չի ստացվի, բայց կարողանում եմ արտանկարել։ Տարրական դասարանում հմտություններս բավականացնում են։ Լավ նկարող երեխաներն ինձ օգնում են։ Օգնում են ընկերներին, ովքեր դժվարանում են։ Թվային գրագիտության ժամին էլ համակարգչի կառուցվածքն ենք անցնում, համակարգչով աշխատելու կանոնները, ծրագրի ստեղծման, կայքերի մասին ենք խոսում։ Թեմաները բարդ են, բայց երեխաները առարկան սիրում են»։
Ամենացածր վարձատրվող մասնագիտության ամենաբարձր վարձատրվող մասնագետները
Երևանի թիվ 89 հիմնական դպրոց։ Այս դպրոցի աշակերտների թիվը Չորաթան գյուղի բնակիչների թվից՝ 2, Տալվորիկ գյուղի բնակիչների թվից 5 անգամ մեծ է։ Դպրոցն ունի մոտ 1450 աշակերտ։

Բոլորին պատշաճ կրթությամբ ապահովելու համար նույն առարկայի մի քանի ուսուցիչ ունեն։ Անգլերենի 6 ուսուցիչներից մեկը՝ Մանուշակ Պետրոսյանը, Հայաստանի ամենաբարձր վարձատրվող ուսուցիչներից մեկն է․ հանրակրթության ոլորտում 400 000 դրամին հասնող աշխատավարձը կարող է ամենաբարձրը համարվել։ Այսչափ վարձատրվող ուսուցիչներին կարելի է հաշվել մատների վրա։
Չորրորդ տարակարգ, կամավոր ատեստավորում, լավագույն ուսուցչի մեդալներ և շնորհակալագրեր, Քեմբրիջում հանձնած թեստեր․ ամենաբարձր վարձատրվող ուսուցիչը չի կարծում, որ բարձր է վարձատրվում։
«Իմ հանգստի ժամին, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու ժամին դասընթացներ եմ անում, քննություններ եմ հանձնում, կատարելագործվում եմ։ Դա բերում եմ դպրոց և կիրառում։ Պետք է համապատասխան վարձատրվել»։
Պետրոսյանը, որը գիտի՝ ինչպես դառնալ երկրում թերևս ամենացածր վարձատրվող աշխատանքի ամենաբարձր վարձատրվող մասնագետներից մեկը, նույնը սովորեցնում է իր տարիքից էլ մեծ մանկավարժական փորձ ունեցող ուսուցիչներին։
«Դժվար է, բայց լավ է ստացվում։ Մարդիկ 40 տարի է, ինչ դասավանդում են, բայց պատրաստ են նորը լսել, վերցնել ու կիրառել»։
84 տարուց 65-ը՝ դպրոցում․ կրթողներից ամենաավագը
Երևանի թիվ 118 ավագ դպրոց։ Դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչը Վաչիկ Շահնազարյանը միայն այս դպրոցում աշխատանքային կարիերայի ընթացքում 10 տնօրեն է ընդունել-ճանապարհել։ 65 տարվա մանկավարժական ստաժը կատակ բան չէ։

Արտաքինից դատելով գլխի չես ընկնի, թե քանի տարեկան է։ 80 տարին լրանալուց հետո կենսաբանական ժամացույցը սկսել է հակառակ ուղղությամբ աշխատել ու ամեն անցնող տարվա ընթացքում նա երիտասարդացել է 3,5 տարով։ 4 տարում՝ 14 տարի․ արդյունքում 84 տարեկան Շահնազարյանն ինձ դիմավորում է դպրոցում՝ 66 տարեկանի տեսքով։
Մինչ այժմ դասից 1 րոպե չի ուշանում, հիշում է կենսագրության բոլոր դրվագները՝ օրվա ճշգրտությամբ։
«Առաջին անգամ դասավանդել եմ Սվերլով գյուղի դպրոցում։ Մտա դասարան, անծանոթ ուսուցիչ, անծանոթ աշակերտներ։ Տնօրենը եկավ, որ ինձ ներկայացնի։ Ասեցի, որ դրա կարիքը չկա, ես կներկայանամ։ Առանց ներկայանալու դասը սկսեցի։ 3 րոպե դասը սկսելուց հետո դասարանը քար լռությամբ, ապշած լսում էր, թե ես ինչ եմ ասում։ Ես սարերից չէի իջել, պարզապես նրանք լավ ուսուցիչ չէին ունեցել։ Գյուղ էր, գյուղի դպրոց էր, 63 թվականն էր։ Այդ գյուղի պատմության մեջ առաջին անգամ ավարտական դասարանում սովորող 18 աշակերտից 8-ը բուհ ընդունվեցին․ ամբողջ գյուղը մնացել էր զարմացած»։
Հանրահաշվի դաս է։ Շահնազարյանը գրատախտակի մոտ է կանչում աշակերտին, խնդիրը բացատրում և կարգադրում լուծել։ Ինքն էլ գալիս, նստում է կողքիս՝ պատմելու՝ ողջ կյանքում ամենաշատը չլուծված խնդիրներից է խուսափել․ «Ես կկիրառեմ 1000 հնարք, մինչև այդ թեման աշակերտը ընկալի։ Եթե չընկալի, ես այդ օրը համարում եմ կորած օր։ Իսկ եթե մի խնդիր ինձ մոտ չի ստացվում, ամբոջ գիշեր չեմ քնում»։
Տարեկան 6000 խնդիր լուծող մարդու համար 65 տարվա ընթացքում եղել է ընդամենը մեկ խնդիր, որի պատճառով չի քնել։ Ինքնակամ մասնակցել է ատեստավորման քննության։ Լավագույն ձևով լուծել խնդիրների մեծամասնությունը։ Բայց մի խնդրի դեպքում ոչ թե սխալվել, այլ վրիպել է։
«Մի շատ բարդ հարց էր։ Ստացա լավագույն լուծումը։ Լարվածության պատճառով, թե ժամանակի սղության պատճառով շփոթված գրեցի այլ լուծում։ Պատկերացնու՞մ եք։ Ոնց որ հմուտ շախմատիստը թագուհին տանի, դնի զինվորի հարվածի տակ»։
Մեր զրույցը շարունակեցինք դասից հետո։ Զրույցն ընդհատեց ուսուցիչներից մեկը։
«Կներեք, որ ներխուժեցի, մի երկու բան եմ ուզում ընկերոջս համար ասել։ Մինչև հիմա նա աշխատում է այնպես, որ ոչ մի ջահել այդպես չի աշխատում։ Այս մարդը մանկավարժության սիմվոլն է»։

Եթե նրանք սիրեին մաթեմատիկան, պատմությունը, անգլերենը, կդառնային ֆինանսիստ, ազգագրագետ, միջազգային վերլուծաբան, բազմալեզու թարգմանիչ, իրավաբան կամ դեսպան։ Կդառնային ինչ ուզեին։ Շատ լավը։
Բայց նրանք դարձան ուսուցիչ։ «Ինչո՞ւ»-ն անցյալում է՝ նրանցից յուրաքանչյուրի դասասենյակում․
Հնչում է զանգը։ Շուտով կգա ուսուցիչը ու կհարցնի դասը, որին տիրապետում է ջրի պես։ 20 րոպե անց աչքերը պսպղում են, ձեռքը բարձրանում է օդ՝ մրցակցող, սպասող։ Դասը հասկացել է, ուզում է ինքը պատասխանել։
Ապրած էմոցիան հավերժ է։ Դրա հետքերով, դա վերապրելու, իր հայացքը այլ աշակերտի աչքերում տեսնելու համար նա դպրոց է վերադառնում։ Եվ նա, ով կարող էր դառնալ ֆինանսիստ, ազգագրագետ, միջազգային վերլուծաբան, իրավաբան, դեսպան, ինչ ուզեր, դառնում է ուսուցիչ։ Ամենափորձառուն, բազմաֆունկցիոնալը, սթրեսակայունը, ամենաբարձ վարձատրվողը, իրեն՝ իր գործի մեջ ամենաշատը սիրողը։




