Մեր արտադրանքըՍա քեզ դուր կգա

Զենք՝ թշնամու հոգեկան աշխարհը ջախջախելու համար․ Հայաստանն այն չունի

ՆՐԱՆՔ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ԵՆ

Իրավիճակ*

Զինվորը կանգնած նայում կամ ռացիայով լսում է՝ ինչպես անօդաչուն եկավ, խփեց իր հրամանատարին։ Հաջորդ օրն ուրիշ հրամանատար է նշանակվում։ Մեկ օր հետո նրան էլ են խոցում։ Զինվորն անձամբ չի ընկնում կրակի տակ, բայց տեսնում է, որ իր առաջնային հենարանները, օրինակ՝ հրամանատարը, հրետանին, հօպ միջոցները, փլվում են։
Հրամանատարի հետ խոցվում է ոչ պակաս կարևոր թիրախը․ զինվորի մարտունակությունը, համարձակությունը, լավատեսություն, մեկ բառով՝ հոգեկան աշխարհը։ 

*Սա ռազմարվեստի մասին գրքերում նկարագրված, 44-օրյա պատերազմում կյանքի կոչված իրավիճակ է

Ժամանակակից ռազմագիտությունը մարդու հոգեկանը դիտարկում է որպես մարտական գործողությունների հինգերորդ հարթություն․ պատերազմն ընթանում է օդում, ջրում, ցամաքում, տիեզերքում և հոգեբանական՝ կոգնիտիվ հարթությունում։ ԱՄՆ-ի մարտական գործողությունների հայեցակարգի համաձայն՝ հրամանատարն ունի օգնական կամ տեղակալ թվարկված բոլոր տիրույթներում, իսկ ընդդեմ թշնամու հոգեկան առողջության պայքարը համակարգում է մի առանձին գերատեսչություն։ 

Այժմ՝ Հայաստանի մասին․

Անլիարժեքության բարդույթդ խորացնում է, մեծացնում է, դաժան պրեսինգի է քեզ ենթարկում․․․

Ռազմական փորձագետ, «Ռազմարվեստ․ օդային գերակայություն» գրքի հեղինակ Արծրուն Հովհաննիսյանը նախ տեսական գիտելիքն ու գործնականում տեսածը համադրում ու 2 կետով ներկայացնում է հոգեկան աշխարհի դեմ տարվող պատերազմի բնութագրիչ գծերը.

  1. այս գործողությունները չունեն սկիզբ ու վերջ, 
  2. լավ կազմակերպվելու դեպքում մյուս ստորաբաժանումները անելիք կամ չեն ունենա, կամ՝ մի քանի անգամ կհեշտանա գործը։ 

«Թողնում է այնպիսի ազդեցություն, որ մարդ վարքով հանձնվում է, ենթագիտակցաբար՝ զիջում, հոգեբանորեն կոտրվում է, չի ուզում պայքարել, նահանջում է, գերի է։ Զինվորը նման իրավիճակներին սցենարապես պետք է պատրաստ լինի»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը։

Իրավիճակ*

Զինվորի ռացիայից խշշոց է լսվում, ժամերով չի կարողանում կապի դուրս գալ։ Հրամանատարին չի լսում, հրամանատարը չի կարողանում հրամաններ տալ․ զինվորն ընկնում է հոգեբանական ճնշման տակ։ 
*Այս իրավիճակը ևս ռազմական դասագրքերից ռազմադաշտ է տեղափոխվել 44-օրյա պատերազմի ժամանակ

«Պետք է լինի նոր գերատեսչություն, իսկ ուժային կառույցներում՝ առանձին զինատեսակ։ Հայաստանում քանի՞ ադրբեջանալեզու կայք կա, քանի՞ ադրբեջանալեզու ալիք կա․․․ սրանք հարցեր են, որոնք պարտավոր ես լուծել։ Իսկ եթե դրանք լինեն, բոլորի գործունեությունը համակարող պետական ո՞ր մարմինը պիտի լինի։ Մեր անվտանգության ճարտարապետները պիտի գիտակցեն, որ սա իրականացնել է հարկավոր»։

Իրավիճակ*

Զինվորները մտնում են բնակարաններ, թունելներ, որտեղ անընդհատ պայթյունի ձայներ են լսվում։ Տարածվում է դիերի հոտը, քայլելիս զինվորների վրա են լցվում արյան ու ցեխաջրերի շիթերը։ 
*Սա հոգեբանական արգելագոտիների կիրառման օրինակ է։ Դրանք Հայաստանում չկան։


ՄԵՆՔ՝ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ

Եթե հակառակորդի հոգեբանական հարթությունը ջախջախելու զենք չունենք, ապա գոնե լավ պաշտպանվել պարտավոր ենք։ Պաշտպանական գծի մարտիկները ռազմական հոգեբաններն են․ նրանք աշխարհում հայտնվեցին 1885 թվականին, հայկական Զինված ուժերում՝ 2010-ին։ 

Եկել է, փրկվել է, և երբ պետք է անցնի բնականոն կյանքին՝ ինչ-որ իրավիճակներ իրեն հետ են տանում․․․

Փոխգնդապետ Արմինե Հովհաննիսյանը ռազմական հոգեբան է։ Գործը կոգնիտիվ պատերազմում ձեռք բերած վնասվածքները բուժելն է։ Երկու պատերազմ ու դրանց արդյունքներն իրենց վրա կրող զինվորներ է տեսել։ 2020-ի պատերազմից հետո մինչև այժմ որոշ զինվորներ դեռ հոգեբանին այցելելու կարիք են զգում․ 44-oրյայի հոգեբանական հետևանքները ավելի սուր են արտահայտվել դրանից ամիսներ անց։

Հոգեբանի սենյակը մեր այս զրույցից առաջ ինչ ասես լսել է․ եթե պատերն ի սկզբանե քարից չլինեին, զինվորների սարսափազդու պատմություններից հետո գուցե քար դառնային։ Արմինե Հովհաննիսյանը դրանցից որոշները պատմում է՝ խստորեն պահելով զինվորների գաղտնիությունը․

«Մարտից հետո դադար է եղել ինչ-որ պահ, տվյալ տարածքում եկել, իր որսը արել է հակառակորդը ու գնացել։ Իրենք խրամատում են եղել, իր ոտքերի տակ իր զինակից ընկերն է զոհվել, մյուս կողքը մի երկու ժամ հետո մյուս ընկերն է զոհվել, ինքը ողջ է մնացել, բայց քանի որ ոտքից արյունահոսել է, չի կարողացել դուրս գալ էդտեղից, 3 օր մնացել է։ Ասում է՝ երկուսն էլ չկային, բայց խոսում էի իրենց հետ, մյուսներին չէի տեսնում։ Երրորդ օրը ուժ է գտել ու դուրս է եկել»։ 

Հոգեբանն ասում է՝ իրավիճակն ավելի հեշտ հաղթահարելի կլիներ, եթե մինչ պատերազմը զինվորը իմանար նման իրավիճակի հավանականության մասին։

ԱՅՆ ԷԼ՝ ԹԵՐԻ

«Ամենաառաջինը և ուղիղը․ չեն հասկանում կարևորությունը։ Մնացածը տեխնիկական հարցեր են։ Նրանք, ովքեր պահանջում են, հաստիք են տալիս, նույնիսկ իրենք լիարժեք չեն գիտակցում դրա կարևորությունը»։ 

Գրիգորի Բադալյանը սպա-հոգեբանի գործառույթներ է կատարել 2016-20 թվականներին։ Փորձով է ասում՝ հոգեբանական աջակցության կարիքն ըստ արժնավույն չեն գիտակցում ոչ միայն այն առաջարկողները, այլև դրանից օգտվողները։ Զինվորը հոգեբանին դիմել-չդիմելու որոշում է կայացնում իր անձնական պատկերացումների և զորմասում ընդունված վարքուբարքին համապատասխան։

Բանակում հոգեբանի դիմում են բոլորից գաղտնի։ Իսկ հոգեբանն ինքը օգնություն առաջարկել չի կարող։

«Շատերն ասում են՝ հոգեբան ես, գնա՝ զրուցի, թող կարգավորվի։ Էդպես չի լինում։ Անձը համակարգային ձևավորում է, որն ունի իր համոզմունքները, խառնվածքը, բնավորությունը, արժեքները և եթե դա գալիս է զորամաս, որը չի նպաստում բարենպաստ սոցիալ-հոգեբանական միջավայրի ձևավորմանը, եթե հրամանատարությունը դա չի հասկանում, եթե արատավոր է միջավայրը, բնականաբար ոչ մի արդյունքի մասին խոսք գնալ չի կարող»,- ասում է Գրիգորի Բադալյանը։

Ենթադրենք՝ զինվորը զգում է, որ հոգեբանական զենքն աշխատել է ու փորձում է ապաքինվել։ Գնդակը զորամասերում գործող ռազմական հոգեբանների դաշտում է։ Սակայն նրանք իրենց բաժին գործում հաղթելու համար շատ են զբաղված։ Գրիգորի Բադալյանն ասում է՝ ռազմական հոգեբանը ռազմական սպայի համազգեստ և երկու գործառույթ ունի․ մի կողմից սպա է, մյուս կողմից՝ հոգեբան։ Ընդ որում առաջին հերթին՝ սպա։ Սա մի կողմից քչացնում է այն ժամանակը, որը մասնագետը կարող էր տրամադրել զինվորին, մյուս կողմից՝ փչացնում զինվոր-հոգեբան հարաբերությունները։

Իրավիճակ. դեռ տեղի չունեցած

Խրամատում, որից կռվում են ադրբեջանցի զինվորները, միավոր շունչ-արտաշունչ ժամանակահատվածում 100 փամփուշտ է լցվում։ Թշնամին՝ հայ զինվորը, ամենայն լրջությամբ տրվել է իրենց սադրանքին ու պաշտպանությունը հարձակում է դարձել։ Հայերը ջախջախում են։ Շուտով կվերացնեն խրամատում ողջ մնացած վերջին 10 զինվորին։
Բայց հանկարծ՝ լռություն։
Ադրբեջանցի զինվորները չեն հասկանում՝ ուր անհետացավ թշնամին։ Ինչու՞ գնաց՝ առանց իրենց սպանելու։

Ռացիայով կապվում են զինակիցների հետ, բայց ոչինչ ասել չեն կարողանում․ կողքից ոտնաձայներ են լսվում։ Վախն ինֆորմացիայով կիսվելու պարտականությունից մեծ է։ Ոտնաձայները մոտենում են, հեռվանում, բայց մարդ չկա։ Օդում խաղաղության հոտից ավելի ուժեղ զգացվում է զինվորների՝ պատառ-պատառ եղած խիզախության հոտը։ Այսպես լինում է, երբ չգիտես՝ որ կողմից սպասել մահացու հարվածին։

Այս դեպքից մեկ ամիս առաջ էին Հայաստանի ամենասահմանամերձ գյուղի միակ դպրոցի 6-րդ դասարանցիները «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելիս ծուլացել՝ հրթիռի ձայն հորինելու փոխարեն ոտնաձայներ արձակելու հրաման տվել իրենց փորձարարական սարքին։ Ուսուցիչը բարկացած էր․ Զինված ուժերում գործող ստորաբաժանման հատուկ պատվերի հետ խաղ անել չէր կարելի։

Բայց որոշում կայացնողները՝ բանակի ծանրակշիռ հոգեբանական զենքերի վրա վստահ, որոշել էին միանալ ջահելների խաղին․ ավել զենքը ոչ ոքի չի խանգարի։

Ռացիան խշշում է, ադրբեջանցի զինվորը չի համարձակվում տառ անգամ ասել, ոտնաձայներն ամենուր են։ Մի քանի կիլոմետր հեռու զինակիցները մի լուրի են սպասում՝ լռությունից տագնապած։ Լուրի փոխարեն հասնում են հայերը՝ հոգեբանական հաղթանակը ֆիզիկական հաղթանակի վերածելու։

*Այս իրավիճակը հորինված է․ այն ռազմարվեստի դասագրքերում, ռազմավարական հասանելի ծրագրերում, իրականության մեջ չկա։ Ի տարբերություն դրա կարիքի, որը մեծ է՝ հաղթանակ պայմանավորելու աստիճան։

Հետգրություն․ Արծրուն Հովհաննիսյանի հետ զրույցը տեղի է ունեցել վերջինի՝ ներկայիս աշխատանքի անցնելուց առաջ։ Այժմ Հովհաննիսյանը ստանձնում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի պաշտոնը։

+1
9
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0

Անահիտ Սվարյան

Մի օր ես իսկական շենքեր կնախագծեմ։ Իսկ մինչ այդ օրը գա՝ արդեն չորս տարուց ավելի գծում, նախագծում ու կառուցում եմ մեծ ու փոքր, ճոխ ու հասարակ շենքեր, որոնց լրագրողները «նյութ» կամ «ռեպորտաժ» են ասում: Սկզբում վստահ էի, որ ընթերցողն ու տեքստերս պետք է հանդիպեն առանց իմ միջնորդության։ Հետո եկա Ռադիոտուն: Հիմա վստահ եմ՝ կառուցմանը հավասար (գուցե մի քիչ ավելի) կարևոր է գեղեցիկ մատուցումը՝ ինչպես սիրելի դեսերտի, այդպես էլ լրագրողական բովանդակության դեպքում:

Նմանատիպ հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button