
Հեղինակ՝ Ասպրամ Համբարձումյան
Նյութը պատրաստվել է փորձաշրջանի ընթացում
— Դուք Վահան Տերյանի ծոռն եք․․․
— Եվ Գևորգ Էմինի թոռը։
Լուսավոր այս դարում մարդու կենսագրությունը գտնելը դժվար բան չէ, հատկապես եթե նա ներքին հպարտությամբ է նայում այդ կենսագրությանը, նույնիսկ դրա՝ իր ծնվելուց առաջ գրված էջերին։
«Գուցե ինչ-որ հոգեբան պնդի, որ դա թաքնված էգոիզմ է»։
Բայց կենսագրության էջերում չենք գտնի՝ մարդն իր ինքնուրույն ստեղծած կյա՞նքն է ապրում, թե՞ իրեն ժառանգվածը։
— Հիմա ուզում եմ հասկանալ՝ դուք Գևո՞րգն եք, թե՞ Էմին Տերյանը։
— Եթե մարդը կարծում է, որ իր մեջ իր անունը առանձին է ապրում, ազգանունը՝ առանձին, դա նշանակում է, որ հոգեբույժի դիմելու կարիք կա։
Գրականագետ, լրագրող, Վահան Տերյանի թոռ, Գևորգ Էմինի թոռ․․․ մեր զրուցակիցը զրույցի սկզբում չէր ցանկանում, վերջում չէր կարողանում սրանք դասավորել ըստ առաջնահերթությունների։
«Հասկանու՞մ եք՝ շատ լուրջ խնդիր կա, որովհետև կա շահերի բախում։ Դու ավելի շատ ինչ-որ մարդու թո՞ռ ես, թե՞ գրականագետ»։
Ծանոթանանք․ Գևորգ Էմին-Տերյան։ Ծնվել, մեծացել է՝ իմանալով, որ իր բոլոր ծանոթները պապերին հանճար են համարում։ Այսպես նա սեփական ուղին էլ ստեղծել է պապերի ուղին վավերագրելով։
«Ես զբաղվում եմ Տերյանով, Իսահակյանի թոռը զբաղվում է Իսահակյանով, Սևակի թոռը զբաղվում է Սևակով»
ինչո՞վ կզբաղվեին այս մարդիկ, այլ ընտանիքում ծնված լինելու, հանճարեղ պապերի թոռ լինելու, պատասխանատվությունը չկրելու, իրենց ազգանունը ոչ թե ժառանգելու, այլ զրոյից ստեղծելու դեպքում, ի՞նչ են արել ու անում նրանք իրենց ու իրենց պապերի համար։
Շարքի առաջին զրույցում Գևորգ Էմին-Տերյանը պատմել է Գևորգի, Էմինի ու Տերյանի մասին։
«Գիտեք, եթե ես ուզենայի ինձ համար ապրել, ես կառանձնանայի Ուշի գյուղ, հող կմշակեի, ծաղիկներ կաճեցնեի»։
Ռուզան Սարյանը սա չի արել։ Գուցե առաջին հերթին այն պատճառով, որ ներկայանալիս ասում է՝ ես Ռուզան Սարյանն եմ՝ ծնված Մարտիրոս Սարյանի ընտանիքում։
«Բավական մեծ պատասխանատվության բեռ եմ կրում, որովհետև այնպիսի անհատների շարավիղ ունեմ, որ միշտ պետք է պարզերս անեմ։ Դա հեշտ չի եղել հենց մանկուց»։
Մանկուց՝ առ այսօր։ Կյանքն անցել է պապից ժառանգած ազգանունն ու փառքը բարձր պահելու և նրան արժանի լինելու ձգտումներով։ Հաճախ՝ սեփական ցանկությունները չնկատելու գնով։
«Երբ ես ավարտեցի համալսարանը, ուզում էի զբաղվել ռուսական պոեզիայի, իմ սիրելի պոետով՝ Տյուտչևով։ Ամուսինս ասեց՝ խե՞նթ ես, ինչ է։ Տյուտչևի կողքին մի ամբողջ Ռուսաստան կա։ Դու պետք է զբաղվես քո պապիկի ժառանգությամբ։ Հիմա ես փորձում եմ 10 կտոր լինել, որ և՛ թոռներին հասնեմ, և՛ Ավիկին օգնեմ, նրա կողքին լինեմ»։
Ավիկը Ռուզան Սարյանի ամուսինն է, Ավետիք Իսահակյանի թոռը։ Նա էլ ամբողջ կյանքը նվիրել է իր պապիկի թողած ժառանգությունը տպագրելուն, պահպանելուն։
Այսպես Ռուզան Սարյանն ապրում է՝ հիշելով, որ Մարտիրոս Սարյանի թոռն է, Ղազարոս Աղայանի ծոռը, Ավետիք Իսահակյանի հարսը, բայց մոռանալով, որ գյուղում առանձնանալու, հող ու ծաղիկ մշակելու, Ֆյոտր Տյուտչևին ուսումնասիրելու երազանք ունի։



