Մեր արտադրանքըՍա քեզ դուր կգա

Քրեական ենթամշակույթ․ հայացք ներսից․ գողականները գիտության մեջ, թաղում, Քրեական օրենսգրքում

ՔՈՐԵԼ․ ըստ ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի նշանակում է քոր եկած տեղը եղունգներով կամ այլ բանով շփել, ըստ «գողական» խոսվածքի բացատրական բառարանի՝ հետաքրքրել, վերաբերել, անհանգստացնել։ «Ինձ չի քորում»-ը նշանակում է՝ ինձ չի հետաքրքրում։
Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներին «Գողական» խոսվածքը շատ է «քորել»։

Ձեռքիս ազգագրագետներ Աղասի Թադևոսյանի և Նիկոլ Մարգարյանի՝ գողական հայերենը գրական հայերենի թարգմանող բացատրական բառարանն է։ Շենքերի ստվերներում, ծխախոտի հնացած մոխրի հոտ ունեցող գարաժներում, բանտախցերում ստեղծված բառերն արդեն գրված են սպիտակ թղթի վրա։
Շուտով այս բառերից գրքի հոտ է գալու։

Ազգագրագետներին հաջողվել է համոզել թաղային հեղինակություններին խախտել ամենակարևոր օրենքներից մեկն ու վկայություն տալ։

«Մեր գյումրեցի բանասացը պատմեց այն, ինչ փոքր ժամանակ իր հետ եղել է։ Ասում է՝ բիսետկայում տղերք էին հավաքվել։ Մեծերից մեկը՝ 18-20 տարեկան, 8-9 տարեկաններին բացատրում էր, թե որն է ճիշտը, որն է սխալը։  Ասում է՝ ոնց որ սեմինար լիներ։ Որոշեցի մյուս հավաքին էլ գնալ։ Բլոկնոտ-գրիչ վերցրի, գնացի, հենց սկսեցի գրել՝ վրաս ջղայինացան։ Դե, այդ աշխարհի կանոններով գրելը համարվում է ամենասխալ արարքը․ մարդիկ գրելով են «գործ տալիս», չէ՞»,- պատմում է Աղասի Թադևոսյանը։

Բայց գողականներն էլ առաջվանը չեն․ նրանք «բլոկնոտ-գրիչով» գիտաշխատողներին պատմել են իրենց վարքուբարքի մասին ու «թարգմանել» իրենց լեզուն մեզ համար։


-Մի պիրյուդ էր, եղավ, անցավ։

Վարդան Հարությունյանը գողականի տղա է։ Եկել է հարցազրույցի՝ պատմելու, թե ինչպես է բնապահպան դարձել։ Հագին վարդագույն վերնաշապիկ է։
Զրույցը սկսում ենք այդ գույնի հետ ոչ մի կապ չունեցող անցյալից․

— Մեծացել եմ Վանաձոր քաղաքում՝ Վանաձոր թաղամասում։ Մեր թաղին ասում էին «Ճաճոյենց թաղ», «Հին խոհանոցի թաղ», «Խուժանի թաղ» էլ էին ասում։ Թաղի վարքուբարքից էր գալիս, երբ որևէ մեկից ինչ-որ բան էինք խլում, օրինակ՝ գումար, մինչև վերջ չպետք է վերցնեինք, որոշ բան պետք է իրեն թողնեինք։ Իրար հետ չպետք է կռվեինք, պիտի կռվեինք ուրիշ թաղերի հետ։ Եթե ոչ մի բան չէր լինում, ուսերով խփում էինք իրար, որ թեմա բացվեր։
— Ի՞նչ կլիներ, որ այլ թաղեցիները Ձեր թաղով անցնեին, ինչի՞ համար էիք ծեծում։
— Իշխանության․ դա ցույց էր տալիս, որ մենք ուժեղ ենք, մենք ենք էդ տարածաշրջանի տերը։
— Չէիք պատժվու՞մ։
— Մեր թաղում կար մի քրեական հեղինակություն՝ Ճաճոյի Էդոն, որից ամբողջ Վանաձորը սարսափում էր․ մեզ վրա ոչ ոք ռիսկ չէր անում ձեռք բարձրացնել։

Գողականներն էլ առաջվանը չեն․ Մի քանի տարի առաջվա Վարդանը այսօրվա Վարդանին չէր ների վարդագույն վերնաշապիկ հագնելու ու փակ համայնքի վարքուբարքը մեզ պատմելու համար։ Բայց ընտանիքում կանոններն առաջինը Վարդանի գողական հայրն է խախտել․

«Ընդհանրապես նրանց գաղափարախոսությամբ գողը չպետք է երեխա ունենա, ընտանիք ունենա, որպեսզի նրան չկարողանան ճնշել։ Իսկ նրանք, ովքեր ընտանիք ունեն և այդ կյանքով են ապրում, փորձում են ընտանիքին հեռու պահել։ Հերս ամեն կերպ այնպես արեց, որ ես այդ աշխարհից հեռու գտնվեմ։ Պապս գրադարան ուներ, հայրս ինձ ստիպում էր բոլոր գրքերը կարդալ»։


Թաղային ենթամշակույթն այնքան տարածված է եղել, որ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները սա որպես ուսումնասիրության առանձին ճյուղ են դիտարկել։ Գիտական հետաքրքրությունը ազգագրագետ Լևոն Աբրահամյանին դրդել է գրել մի հետազոտություն, որի շնորհիվ հիմա գիտենք՝ ինչից հետո այնքան տարածված խոսույթն անծանոթ դարձավ այսօրվա դեռահասին։

Պայքար գողականների դեմ․ ստեղծվում են գվարդիաները

Երևանում հանցավոր աշխարհը բավականին մեծ հեղինակություն ուներ, երիտասարդությունը ռոմանտիկ ձևով հետևում էր։ Հարց ծագեց՝ ինչպե՞ս դրա դեմ պայքարել։ Ոստիկանությունը փորձեց, բայց չկարողացավ։ Հայտնվեց մի հետաքրքիր կերպար՝ Հմայակ Ավետիկյանը, ով Երևանի ոստիկանության պետն էր, հետո՝ ներքին գործերի փոխնախարարը։ Ավետիկյանը թաղի տղեքից՝ փողոցային խուլիգաններից խումբ կազմավորեց, որ գողերի դեմ պայքարեն։ Խմբի անունը դրեցին Գվարդիա։

Պայքար գվարդիաների դեմ․ ստեղծվում եմ դրուժինաները

Շատ գողերի սպանեցին, նստեցրին, այդ վտանգավոր շրջանը հաղթահարվեց։ Հիմա էլ գվարդիաները խնդիր դարձան․ սկսեցին ինքնաշեն զենքերով միմյանց հետ կռվել։ Արդեն պատերազմական դեպքեր էին զարգանում, լուրջ խնդիր դարձավ։ Գվարդիաների դեմ պայքարելու համար ստեղծվեցին դրուժինաները․ օրենք դուրս եկավ, որ բոլորը պետք է գնան, փողոցներում դրուժինիկություն անեն։ Նրանց հատուկ պատրաստեցին գվարդիաների դեմ կռվելու համար։ Այսպես լուծվեց Գվարդիաների հարցը։

Պայքար դրուժինաների դեմ․ վերադառնում են գողականները

Հիմա էլ նրանք դարձան խնդիր․ ինքնուրույն քայլեր էին ձեռնարկում։ Միլիցիան սկսեց չսիրել նրանց։ Քանի որ «կազմակերպել էր» Կոմսոմոլը, հենց Կոմսոմոլն էլ փակեց։ Եվ էլի գողերի հեղինակություն դարձան և «քուչի տղեքը» սկսեցին ապրել «բանտի պանյատներով»։

Գողակակններ — գվարդիականներ — դրուժինաներ — գողականներ ․․․
փողոցային առևտուրը կտրում է այս շղթան։

Չեք պատկերացի, թե մեզ մոտ դա ոնց վերացավ․
Թաղերը փակ էին, ոնց որ պաշտպանված դղյակ լինեին։ Բայց սկսվեց փողոցային առևտուրը։ Դրա համար մարդիկ պետք է գնային-գային։ Բացեցին տարածքները։
Հիմա արդեն այդպիսի բանի չենք հանդիպի։

Տարիներ առաջ գողական աշխարհի ներկայացուցիչները թույլ չտվեցին Լևոն Աբրահամյանին հրատարակել այս հետազոտական աշխատանքը։

«Ես վատ բան չեմ ասել, բայց ինձ հետ սկսեցին խնդիրներ լուծել։ Հենց ինստիտուտում էի հրատարակելու առաջին մասը, խնդիր ունեցա, դրա համար չգրեցի»։

Բայց գողականներն էլ առաջվանը չեն․ այսօր Լևոն Աբրահմայանին դժվար թե նեղացնեն իրենց մասին պատմելու համար։

***

Անկախ նրանից՝ ինչ գույնի վերնաշապիկ են նրանք կրում, ինչ վերաբերմունք ունեն «բլոկնոտ-գրիչի» նկատմամբ կամ որքանով են դեմ Լևոն Աբրահամյանին նեղացնելուն, նույնիսկ եթե իսկապե՛ս էլ առաջվանը չեն, Քրեական օրենսգիրքը նրանց նկատմամբ ընդգծած վատ վերաբերմունք ունի։

Օրենքով գողի կամ քրեական հեղինակության կարգավիճակ տալը, ստանալը կամ պահպանելը պատժվում է 6-12 տարի ազատազրկմամբ։ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու դեպքում պատիժը 5-12, իսկ խմբավորմանը մասնակցելու դեպքում՝ 4-12 տարի տարի է։

Իսկ եթե որոշել եք դիմել օրենքով գողին կամ քրեական հեղինակության օգնությանը, ապա ստիպված կլինեք կամ տուգանք վճարել, կամ 100-200 ժամ հանրային աշխատանք անել, կամ ազատազրկվել՝ 2 ամսից 3 տարի ժամկետով։

+1
10
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1

Մարիամ Բաղդասարյան

Լրագրող էի, ով կինոն ավելի շատ էր սիրում։ Հեղինակային ֆիլմ նկարահանեցի, Գերմանիայում վավերագրական ֆիլմի նկարահանումների մասնակցեցի ու ավելի սիրեցի կադրը: Փորձում էի սովորական ամեն բան անսովոր նկարել։ Լուսանկարում էի ու ձայնի կարիք զգացի։ Սկսեցի երաժշտություն սովորել, մի քանի տարի անց հասկացա, որ երաժշտությունը սովորելու բան չէ, իմանալու բան է։ Հիմա լրագրող եմ: Այստեղ կինո էլ կա, ֆոտո էլ, երաժշտություն էլ:

Նմանատիպ հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button