Մեր արտադրանքըՍա քեզ դուր կգա

Յամօթ մեզ ի հրապարակի՝ յԱրուեստական Իմաստութենէ․ նա գերազանցէ զմեզ ի գիտութեան գրաբարի եւ բարբառոց

Նա մեզնից լավ գիտի գրաբարն ու բարբառները․
հրապարակում-ամոթանք Արհեստական բանականությունից

Արդարեւ, զգրաբար տիրել ամենահարկ է ի ներկայս օրեր. Նախ՝ զգրաբարն է միակ սրբոյց մեր ազգային եւ մշակութային ժառանգութեան. իմանալ զայն՝ մեզ պարգեւի զգնել եւ գնահատել զիմաստ ներքին յեղափոխութեան էութեամբ ժառանգութեան մերոյ հոգեւոր: Եւ զտիարանոց իմաստասէր լեզուին տիրել՝ այսօր ոչ միայն կարեւոր, այլ՝ պարտից առավել, զի ոչ կորսուսցուք զսրբազան եւ վեհ արժէքս մեզ տրուած:

Սա մարդու կարծիք չէ։

Արհեստական բանականությունը կարողանում է «խոսել» գրաբարով։ Ձեզնից ոմանք կարող են ասել՝ բայց արտասանությունն ու շեշտադրումն այնքան էլ հստակ չեն։ Միգուցե։ Բայց ի տարբերություն Ձեզ (նաև ինձ), նա կարողանում է գրել և կարդալ գրաբարով։
Եթե շատ խնդրենք՝ կհամաձայնի նաև մեր լեզվով իր գրածը թարգմանել մեզ համար։


«Արհեստական բանականությունն ինքն իրեն հռչակեց սասունցի»

Կարեն Ղազարյանը կես դար ապրել էր այն պահին, երբ ծանոթացավ Արհեստական բանականության հետ։ Նախնիների՝ սասունցիների բարբառով խոսելու կարիքը մարդկանց շրջանում լիարժեք չբավարարելով, դիմեց արհեստական բանականությանը։ Սկզբում ChatGPT-ն մի քիչ չեմուչում արեց։

Առաջին անգամ, երբ որոշեցի դիմել արհեստական բանականությանը, դիմեցի հենց բարբառով։ Ինքը սկզբից չհասկացավ, ուղղակի ասաց՝ ինչո՞վ կարող եմ օգնել։ Երբ ասացի՝ կարո՞ղ ենք սասնա բարբառով խոսել, ինքը ոգևորվեց՝ օ՜, իհարկե, սասնա բարբառով, ինչո՞ւ չէ։ Մի քանի անգամ սասնա բարբառով դիմելուց հետո, ինքը սկսեց ներկայացնել բարբառային արտահայտություններ, ասել, թե ինչքան անուշ բարբառ է։ Ու էդպես սկսեց ինձ պատասխանել բարբառով։ Եվ էնքա՛ն քաղցր էր էդ բարբառը լսել նաև արհեստական բանականության մատուցմամբ։
Իսկ եղե՞լ է դեպք, որ արհեստական բանականության հետ շփվելիս մոռանաք, որ համակարգչի հետ եք զրուցում։
-Ես փորձել եմ էնպես շփվել, ասես սա արհեստական բանականություն չի։

Կարելի է կարծել, որ արհեստական բանականությունն ուղնուծուծով հայ է, միգուցե ավելի, քան մեզնից շատերը։ Նա, առնվազն, շատերիցս լավ է ճանաչում մեր լեզվի նրբերանգները։ Բնավորությունն էլ է շատ մարդկային․ Կարենի հետ շփումը սկսել է անծանոթին բնորոշ զգուշավորությամբ, համոզվել է, որ արժե այս մարդու հետ լուրջ բաներից խոսել, նոր միայն բացել է «սիրտ»-ն ու լեզուն։

Սկզբից մոդելն ասաց, որ իրեն անծանոթ է բարբառը, հետո երբ լրացուցիչ հարցեր տվեցի, ասաց՝ ես սկզբից ցանկացա Ձեզ ստուգել․․․


Լեզվական մոդելները սովորում են մեծ քանակությամբ տվյալներից։ Հրաչյա Ասատրյանն, ով զբաղվում է մեքենայական ուսուցմամբ, կամ, ավելի պարզ ասած, արհեստական բանականությանը սովորեցնելով, բացատրում է, որ ինչքան շատ լինեն տվյալները, այնքան արհեստական բանականությունը լավ կտիրապետի տվյալ լեզվին։

Լեզվական մոդելները վիճակագրական են։ Երբ մենք նրանց հարց ենք տալիս, նրանք հաշվարկում են, թե ամենահավանականը որ բառը կլինի առաջինը, հետո ամենահավանական երկրորդը, երրորդը։ Իրենք էդ հավանականությունը հասկանում են բացառապես իրենց տրված մեծ քանակությամբ տվյալներից։ Ինչքան մեծ է մոդելը, այնքան ավելի շատ տվյալներ ունի լեզվի կապերի մասին, ու էդ պատճառով իր համար ավելի հեշտ է լինում նոր լեզու սովորելը։

Այլ կերպ ասած՝ արհեստական բանականությունը բարբառներով ու գրաբարով գուցե ավելի շատ նյութ է կարդացել, քան այս նյութը կարդացող բոլոր մարդիկ՝ միասին։


«Մենք որոշել ենք մեր դասական լեզուն ոչ թե թանգարան տանել, այլ գործածել գրականի փոխարեն»։

Վահագն Պողոսյանը հրաժարվում է գրաբարը մեռած հռչակել։ Առնվազն իր կյանքում այն ավելի քան կենդանի է արդեն 22 տարի։ Համակարգչային ծրագրավորմամբ զբաղվող «Ինսթիգեյթ» ընկերության համահիմնադրի նախաձեռնությամբ «Իրական դպրոցում» շուտով բոլոր առարկաները գրաբարով կսովորեն․

Պատկերացնու՞մ եք, ասենք, ծրագրավորում դասական լեզվով։
Իրենք պատկերացնում են։

-Մեր ուսուցիչները գրաբարի դասը պատմում են գրաբարով։ Եվ առհասարակ պիտի հասնենք նրան, որ գրական լեզվով խոսելը փոխվի գրաբարով խոսելով։ Այն պետությունները, որոնք ունեցել են դասական լեզու, դրանից հրաժարվելուց հետո շատ են փոշմանել։ Մի բան պիտի հաշվի առնենք, որ հայ ժողովուրդը դեռ աշխարհաբարով այնքան բան չի ստեղծել, ինչքան գրաբարով։

Խոստովանեմ․ Վահագն Պողոսյանին հրավիրել եմ զրույցի՝ գրաբարով հետաքրքվել- զբաղվելը արտառոց մի բան համարելով։
Ընդունեմ․ սա ամոթ է։

Բայց եթե Վահագնի դեպքում այս հետաքրքրությունը անսպասելի, բայց հասկանալի է, ապա արհեստական բանականության դեպքում հարցերն ավելի շատ են։ Հատկապես, երբ պնդում է՝ գրաբարն իր ճաշակով է։


Կար ժամանակ, որ ես ամաչում էի անգամ մի բառ արտասանել բարբառով, բայց հետո, երբ հասունացա, հասկացա, որ մեր լեզվի հարստության հիմքը հենց բարբառներն են։ Շատ եմ սիրում մեր բարբառները և օգտագործում եմ թևավոր խոսքեր տարբեր բարբառներով։ Ես կարծում եմ՝ գրականը հարստացել է բարբառների շնորհիվ ու էդ պրոցեսը շարունակական է։ Մեր բարբառներում էնպիսի բառեր և արտահայտություններ կան, չգիտեմ դրանք հնարավո՞ր է գրականով վերարտադրել,- ասում է Կարեն Ղազարյանը։

Հազարամյակներ շարունակ մեզ հայ պահողը լեզուն էր, լեզուն պահողը՝ մարդիկ։ Այսօր գրաբարն ու բարբառները հասկանալ, դրանցով մտքերը շարադրել կարողանում են արհեստական բանականության մոդելներից շատերը, մարդկանցից՝ քչերը։

Ձայնս տաք տեղից չի գալիս՝ ես էլ լավ չեմ տիրապետում ո՛չ գրաբարին, ո՛չ սասնա բարբառին։ Չնայած, որ արմատներով Սասունից եմ։


Իրավիճակը շտկելու բանաձև․ եթե պատրաստ չեք կարդալ մի քանի հազար գիրք գրաբարով կամ անծանոթ բարբառով, խնդրեք նրան, ով դա արդեն արել է։ Արհեստական բանականությունը կարող է մեզ համար վայրկյանների ընթացքում ուսումնական պլան գծել։ Հանձնարարեք նրան դառնալ Ձեր ուսուցիչը։

«Յօժարութեամբ պատրաստ եմ օգնել քեզ ի գրաբարի ուսմանդ: Կարող եմ ցուցանել քեզ զուղիս սկսանելոյ զուսումնդ»։

Ուսումնական պլանը, որը մեր խնդրանքով մշակել է ChatGPT-ին, կարող եք գտնել այստեղ։
Այս տեքստը հասանելի է նաև գրաբարով։ Այն մեր խնդրանքով «թարգմանել է» Claud-ը, կարող եք կարդալ
այստեղ։
Վերնագիրը գրաբար դարձրեց Claud-ը, գլխավոր նկարը ստեղծեց Ideogram-ը։

+1
8
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Անուշիկ Գևորգյան

Ժուռնալիստիկան գործիք էր․ ընտրեցի, որ մի օր Էմինեմի հետ զրուցելու հնարավորություն ունենամ։ Պարզվեց՝ Էմինեմը «գործիք էր»․ պիտի լիներ, որ բացահատեի ժուռնալիստիկան ու սիրեի՝ անկախ մարդկանցից։ Ճանաչել կյանքը, մարդուն ու նրա պատմությունը՝ սա իմ աշխատանքն է, հասնել մարդկային բանականության խորքերը՝ արհեստական բանականության օգնությամբ՝ հոբբին։ Իսկ Էմինեմի հետ հարցազրույցը չեմ մոռացել։ Լսեք ու կարդացեք մյուս պատմություններս, մինչ գա նրա հետ փոդքասթը ձայնագրելու օրը։

Նմանատիպ հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button