«Պահանջվում են» մտավորականներ․ տան մեծերը․ ո՞ւմ մոտ գնալ մի խորհուրդ լսելու

Մտավորական՝ «Մտավոր աշխատանքով զբաղվող, կրթված մարդ»,- ասում է Հայերենի բացատրական բառարանը։
«Անձ՝ որ մտքի եւ մշակոյթի վերաբերեալ հարցերով կը զբաղվի»,- ասում է Արևմտահայերենի բացատրական բառարանը։
«Ազգի խիղճ»,- ասում է բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենյանը։
— Մատվորականը մտավոր էներգիայի և ուժի կրողն է, էներգիան գեներացնողը։ Մտավորականը պիտի ազգի ողնաշարը դառնա, պիտի առաջնորդի։ Մտավորականը նաև իր ազգի խիղճն է։
— Հիմա մեր խիղճը քնա՞ծ է։
— Մեր խիղճը հիվանդ է, թմբիի մեջ է։
Մտավորական ասելով հիմնականում պատկերացնում ենք տան մեծին, այն «կյանք տեսած» մարդուն, ում մոտ գնում ենք նեղության պահին, երբ խորհրդի, ուղղորդման կարիք ենք զգում, երբ իրավիճակը բարդ է և չգիտենք՝ ինչ անենք։ Ուստի համալրենք բացատրական բառարանի մտավորական բառի իմաստները․
ՄՏԱՎՈՐԱԿԱՆ – ազգի առաջնորդ, ազգի ողնաշար, ազգի խիղճ, տան մեծ։
Մենք նրանց փնտրել ենք ուսյալ, զարգացած մարդկանց շրջանում՝ գրողներ, կոմպոզիտորներ, նկարիչներ, ճարտարապետներ․ բառարանային բացատրությունները մատնացույց են անում նրանց։ Հենց այս մարդկանցից է, որ մտքի ու հոգու գործերով զբաղվելուց բացի ակնկալվում է նաև խոսել։ Միավոր տարածության վրա այս մարդկանց թիվը, ըստ տրամաբանության, պիտի ամենախիտը լինի նրանցից «կազմված» միավորումներում։ Գնացել ենք գրողների, կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների միություններ՝ «մեծերի տուն», պարզելու՝ ինչու չեն արդարացնում գիր-գրականությունից բացի ուրիշ բանի մասին էլ խոսելու ակնկալիքը։
ՏՈՒՆ առաջին
Գրողների միություն
Գրողների միությունը գործում է 90 տարի։ Այս տարիներին և դրանից առաջ գրողները միավորվել են բազմաթիվ խմբերում։ Օրինակ՝ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցն ու այլ համախոհներ ստեղծեցին «Նոյեմբեր» գրական միությունը այն դեպքում, երբ գործում էր Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիան։ Հարց է առաջանում՝ այդ ի՞նչ գրականություն էր քննարկվում այդ միավորումներում, որ չուներ հատման կետեր, ինչո՞ւ էր վերջինում, օրինակ, արգելված Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Ակսել Բակունցի, Վահան Թոթովենցի մուտքը։ Գուցե տարաձայնությունները միայն գրական չէի՞ն, հնարավո՞ր է, որ այստեղ քննարկվում-բարձրաձայնվում էին նաև ազգային հարցեր։
Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը վառում է ծխախոտը, նայում Չարենցի, Բակունցի, Մահարու նկարներին ու ասում՝ բարդ է, իրենց չեն հասկանա։

«Մեր կլոր սեղանի մոտ կան դասական գրողների նկարներ։ Մի օր ամեն մեկի կյանքը նկարագրելով ներկայացրի, թե այս մարդիկ իրենց գրականությամբ, հոդվածներով ինչ են արել։ Որ ասում են՝ ժողովորվուրդը նրանց լսում էր, առաջնորդվում էր, դա կեղծ է, տրաֆարետ։ Նրանց տանջամահ են արել։ Բակունցին ի՞նչ արեցին, սպանեցին։ Մահարին գրեց «Այրվող այգեստանները», փախավ Լիտվիա, հետո մահացավ։ Մենք գրողին, արվեստագետին, լուրջ մտածողին մեր գլխին չենք դրել, չենք լսել նրաց ասածը։ Մենք խորհուրդ ենք ուզում տալ, բայց խորհուրդ տալը մի բան է, ընկալելը մի այլ բան է։ Իջել է մտածողության մակարդակը։ Պետք է կրթության մակարդակը բարձրանա»։
Եզրակացություն․ Գրողների միության նախագահը չի խոսում․ ասում է՝ բավարար կրթված չենք հասկանալու համար։
ՏՈՒՆ երկրորդ
Կոմպոզիտորների միություն
Կոմպոզիտորների միությունն 92 տարեկան է։ Մինչև վերջերս որոշ կոմպոզիտորներ, այդ թվում Տիգրան Մանսուրյանը միության անդամ չէին․ հիմնավորումը՝ կառույցը սովետական է։ Վերջինս, ի դեպ, ասել է Արամ Սաթյանը։ Ինչո՞վ կարող էր խոչընդոտել սովետական կառույցը երաժիշտներին, եթե նպատակը ամեն բանից վեր երաժշտության շուրջ համախմբվելն է։ Գուցե կոմպոզիտորները մտածում են, որ միայն երաժշտությունը չէ՞, որ պետք է միավորվելու առիթ դառնա։
Արամ Սաթյանն ասում է՝ հիմա բարդ է, իրենց չեն ճանաչում։

«Մենք չենք գնահատում մարդկանց, ովքեր ուրիշ երկրներում Հայաստան են ներկայացնում։ Գալիս են, անտարբերություն են զգում բոլորի կողմից։ Որևէ մեկը գիտի՞, որ ես Ամերիկայում հեղինակային համերգ եմ ունեցել։ Չգիտեն։ Ինչու՞ ենք մենք անտարբեր դեպի արվեստագետը։ Պետք է նրանց ընդունել այնպիսին, ինչպիսին կան, այլ ոչ թե պահանջել, թե ինչու դուրս չի գալիս հրապարակ։ Նա ամեն ինչ հասկանում է։ Ես շատ հարցրի շուրջ կարող եմ խոսել, բայց անիմաստ եմ համարում։ Պետք է ուսումնական պրոցեսից սկսել։ Կրթական ոլորտը պետք է փոխվի, վերականգնվի։ Ժամանակին հանրակրթական դպրոցներում կային երաժշտական խմբեր, ես ինքս ղեկավարել եմ այդպիսի խմբեր, այսօր այդպիսի բան չկա, ընդհանուր կապը կորել է։ Ժողովուրդ-արվեստագետ հարաբերության համար պետք է լինի միջնորդ, այդ միջնորդը բացակայում է»։
Եզրակացություն․ Կոմպոզիտորների միության նախագահը չի խոսում․ ասում է՝ բավարար կրթված չենք հասկանալու համար։
ՏՈՒՆ երրորդ
Նկարիչների միություն
Նկարիչների միությունը ևս 92 տարեկան է։ Մենք կուզեինք Ձեզ պատմել միության հասարակական դիրքորոշման մասին։ Գնացել էինք պարզելու՝ ինչպիսի՞նն է եղել այն տարիների ընթացքում, ի՞նչ են մտածում նրանք այն ակնկալիքի մասին, որը հասարակությունն ունի մտավորականներից, խոսել այն մասին, թե ինչու չեն խոսում։
Մենք Ձեզ ասելու ոչինչ չունենք։
Միության նախագահը չցանկացավ խոսել։
ՏՈՒՆ չորրորդ
Ճարտարապետների միություն
Ճարտարապետների միությանը նույնպես 92 տարեկան է։ Մտածող մարդկանց այս միավորումն էլ քաղաքային միջավայր ստեղծել փորձում է, գաղափարական-արժեքային միջավայր՝ ոչ։ Գնացել էինք այնտեղ հարցնելու՝ ինչու՞։
Մենք չունենք պատասխան։ Ճարտարապետների միության նախագահը նույնպես չցանկացավ խոսել։
Ես այս նյութի հեղինակն եմ, ու այստեղ ինչ-որ բան պետք է սուբյեկտիվ լինի։ Թույլ տվեք ինքնուրույն ընտրել այն մարդուն, ում ես առաջինն եմ պատկերացնում «մտավորական» բառը լսելիս ու գնալ նրա մոտ։
Ինձ համար այդ մարդը Տիգրան Մանսուրյանն է։
Օգնականն ասաց՝ չի ցանկանում խոսել։
«Դա էլ է որոշում։ Ինչ-որ կետում, երբ տեսնում ես, որ ուժերդ սպառվել են, դա էլ է որոշում։ Դա էլ է լուծում, ի՞նչ ասեմ։ Նրանք ուղղակի դուրս են շպրտված հնարավոր բոլոր պրոցեսներից։ Բայց դա նույն է, որ հովիվը սպասի, թե ոչխարը երբ պիտի իր տեղը գտնի, կլինի՞ այդպես։ Կցրվի հոտը, կվերանա։ Այդ հոտը այսօր սարսափելի վիճակում է»,- ասում է Վահե Արսենյանը։
ՏՈՒՆ հինգերորդ
Երիտասարդ հովիվներ
Արամ Ավետիս․ հին գրականությունից հրաժարված երիտասարդ գրող։ Հին գրականության վրա գիծ է քաշել ու հենց այդ գծի վրա նորն է գրում։

Թվում էր, թե Արամը հիմա կգա ու նույնիսկ լուռ մնացած մտավորականների փոխարեն էլ կխոսի։
«Ես իմ արվեստի մեջ պարփակված մարդ եմ։ Ես ու իմ արվեստը, իմ կյանքը դրանով սկսվում, դրանով ավարտվում է։ Մտավորականներին չեն ճանաչում։ Ոնց կարելի է լսել մի մարդու, ում դու չես ճանաչում։ Որ ասում եք ժողովորդ-մտավորական կապ, ինձ համար դա ուտոպիստական կապ է։ Պատկերացրեք, մեկը արտադրում է մի բան, որը համարյա թե սպառող չունի։ Մարդիկ ի՞նչ են սիրում, երշիկ են սիրում։ Արվեստը երշիկ չէ»։
Մեր խղճի ձայնը չի լսվում։ Երիտասարդ գրողն էլ արդեն վարակված է մտավորականի ժամանակակից հիվանդությամբ՝ լռությամբ։ Ու չկա տագնապ, չկա նրանց լսելու պահանջ։
Բառերի աշխարհից հոգնած ես մտնում եմ լռության աշխարհը,
Որտեղ Թանատոսն է իշխում՝ իսկական աստվածը, որը մարդ ստեղծեց:
Արամ Ավետիս



